– Քանի որ արդեն մեկնարկել է դատավոր Արսեն Նիկողոսյանի «հերոսացման» պրոցեսը, որոշեցի մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին:
64 տարեկան, նախկինում չդատապարտված և որևէ կերպ չարատավորված, մի քանի անգամ սրտի վիրահատություն տարած և շաքարային դիաբետով տառապող պաշտպանյալիս նկատմամբ, ով մեղադրվում էր միջին ծանրության անզգույշ արարք կատարելու մեջ, Արսեն Նիկողոսյանը գրավի կիրառումը թույլատրելի Չճանաչեց:
Իսկ առաջին անգամ Արսեն Նիկողոսյանի մոտ մասնակցել եմ 2016 թ-ին Սասնա ծռերի գործով: Պաշտպանյալիս, ում դատարան էին բերել պատգարակով և 15 րոպեն մեկ դատական նիստը ընդմիջվում էր, որպեսզի ցավազրկող ներարկեին և ով դեռ երկար անկողնուն գամված էր մնալու, Նիկողոսյան Արսենը որոշեց, որ պետք է քննիչի միջնորդությունը բավարարի և կալանավորի, իսկ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքերից մեկն այն էր, որ ես կոնկրետ գրավի գումարի չափ չէի նշել (ինչը չէին արել նաև Քոչարյանի պաշտպանները): Իսկ ամիսներ անց նույն գործով, երբ Նիկողոսյանը որոշում էր պաշտպանյալիս կալանքի ժամկետի երկարացման հարցը, որպես գրավի գումարի չափ առաջարկեցի 1 միլիոն ԱՄՆ դոլար, որը շատ բարկացրեց Արսեն Նիկողոսյանին: Վերջինս բանկից տեղեկանք պահանջեց, հարցրեց, թե ով է վճարելու այդ գումարը և իհարկե գրավի կիրառումը մերժեց: Դե դա Սերժ Սարգսյանի ժամանակներն էին, և ինչպես բոլոր դատավորները, Նիկողոսյան Արսենն էլ գիտեր, թե ինչ է լինում անհնազանդ դատավորների հետ, երբ իշխանությունների համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում: Իսկ Սասնա ծռերի գործը հենց այդ գործերից էր:
Ու հիմա, երբ կարդում եմ, թե ինչպես են (հատկապես փաստաբանները) Նիկողոսյանի գովքն անում, թե ինչ «դուխով» ու արդարադատ դատավոր է Նիկողոսյանը՝ չգիտեմ ծիծաղեմ, թե տխրեմ:
Փաստաբան Մոնիկա Մարգարյանի ֆեյսբուքյան այս գռարմանն արձագանքեցին իր գործընկերները․
Հայկ Գրիգորյան․ – Միգուցե ԲԴԽ (Բարձրագույն դատական խորհուրդ) դիմեք, որ միանման փաստերի ու հանգամանների նկատմամբ տարվեր ու խիստ սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերել, ինչը անաչառության կասկածներ է հարուցում։
Մոնիկա Մարգարյան․ – Անիմաստ գործ է, երկակի ստանդարտները մեր դատական պրակտիկայում կայուն ձևավորված պրակտիկա է և դրա համար որևէ դատավորի չեն պատժում։ Ուրիշ բան է, եթե անցումային արդարադատություն և վեթինգ իրականացնեին, գուցե մի բան դուրս գար։
Մուշեղ Շուշանյան․ – Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թուլյատրելի ճանաչելուց անկախ, դատավոր Ա. Նիկողոսյանը և նախկին ու գործող դատավորների մի զգալի մասը լյուստրացիայի են ենթարկվելու, նրանց մի մասը կանգնելու է նաև քրեական արդարադատության առաջ: