Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98 117 թեստավորում:
Այսպիսով` կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված նոր դեպքերի թիվը 418 է և 1013՝ առողջացած։
Նախորդ օրն արձանագրված մահերը 12-ն են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 73 (կին), 89 (տղամարդ), 53 (տղամարդ), 77 (տղամարդ), 59 (տղամարդ), 81 (կին), 60 (կին), 81 (կին), 80 (տղամարդ), 82 (տղամարդ) և 78 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջի միջոցով կոչ արեց «եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը»:
«Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն։
Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է։
Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը», – նշել է վարչապետը: