Լրագրողներ Թաթուլ Հակոբյանն ու Շահին Ռզաևը համատեղ հայտարարությամբ անդրադարձել են աշխարհի տարբեր երկներում վերջին օրերին տեղի ունեցող հայ-ադրբեջանական բախումներին՝ կոչ անելով աշխարհը «չվերածել ռազմի նոր դաշտի»։ Հայտարարությունը՝ ստորև․
— Պետք է ՄԱՐԴ մնալ
Մենք՝ լրագրողներս, իրավունք չունենք քաղաքական հայտարարություններով հանդես գալ, այնուամենայնիվ՝ չենք կարող լռել, երբ աշխարհի տարբեր քաղաքներում հայ-ադրբեջանական բախումներ են տեղի ունենում։
Մարդիկ բռնության, ստորացման և անմարդկային վերաբերմունքի են արժանանում զուտ որովհետև հայ են կամ ադրբեջանցի։
Այս ամոթալի և ցավ պատճառող իրավիճակին պետք է վերջ դնել, և ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական և կրոնական ղեկավարությունները ժողովուրդներին հանգստության, բանականության և հանդուրժողականության կոչեր անեն։
Այս բախումները՝ անկախ անտեսանելի ձեռքի գոյության փաստից, չեն բխում ոչ հայ, ոչ ադրբեջանցի ժողովուրդների շահերին։
Նույնիսկ 1991-1994 թվականների արյունալի պատերազմի ժամանակ հակամարտությունն Անդրկովկասի սահմաններից դուրս չէր գալիս։ Հակամարտության արտահանումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Հորդորում ենք աշխարհի երկրները չվերածել ռազմի նոր դաշտի։
Թաթուլ Հակոբյան, Հայաստան
Շահին Ռզաև, Ադրբեջան
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկիզբ առած ռազմական էսկալացիային զուգահեռ ռազմադաշտեր են ծավալվել նաև հայկական և ադրբեջանական սփյուռքներում։ «Ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի» բողոքի ցույցերը՝ բախվելով «Ընդդեմ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ագրեսիայի» ցույցերին՝ պարբերաբար վերածվում են զանգվածային ծեծկռտուքների (Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Բրյուսելում, Հաագայում, Վարշավայում, Քիշնևում, Մոսկվայում, …)։ Հրապարակային բախումների հետ մեկտեղ՝ գրանցվում են հարձակումների և բռնությունների առանձին դեպքեր։ Որոշ դեպքերում դրանք տեսաձայնագրվում են և հրապարակվում, և ներկայացվում իբրև համերաշխության դրսևորում՝ սփյուռքից հայրենիքին։
Կան տասնյակ վիրավորներ։ Մի քանի հոգի տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքներ։ Բազմաթիվ մարդիկ բերման են ենթարկվել։
Այսօր համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել նաև հայկական և ադրբեջանական գաղթական համայնքների անդամները։