Մահացել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, Էջմիածնի և հարակից գյուղերի ոչ ֆորմալ տիրակալ, ում հարազատները ահաբեկում և ունեզրկում էին տեղացիներին, զբաղեցնում ղեկավար պաշտոններ՝ քաղաքապետից մինչև դատավոր, մեծահարուստ, ում ֆինանսական հաջողությունները սերում են 90-անների պատերազմից։
Այս ամենի մասին Հայաստանում գիտեին գրեթե բոլորը, այս ամենի մասին հանրային խոսվեց 2018-ի հեղափոխությունից հետո։ Գրիգորյանի դեմ քրեական գործ հարուցվեց, նա ձերբակալվեց և ազատ արձակվեց 2020-ին Ղարաբաղում վերսկսված պատերազմի ժամանակ։
Մանվել Գրիգորյանը 64 տարեկան էր։
Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար:
Գեներալ-լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: