Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
«Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բանակցությունների միջոցով: Այժմ յուրաքանչյուր ուղղությամբ երկու ծնող կարող են միանալ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատներին և ռազմական գործողությունների վայրերում և օգնել նրանց», – մանրամասնել է Թադևոսյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում:
«Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1: Այս պահին չկա ռազմական գործողությունների վայր, որտեղ որոնողափրկարարական աշխատանքները վերջնական ավարտին են հասցվել: Ուստի որոնողական աշխատանքները շարունակվելու են բոլոր տարածքներում։ Իրականացման ընթացքը մեծամասամբ պայմանավորված է այդ ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների համապատասխան բանակցություններով: Նշեմ, որ նոյեմբերի 13-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ գտնվել է 802 զոհվածի աճյուն: Առայժմ միայն Շուշիի տարածքում են գտնվել մեկական ողջ մնացած հայ և ադրբեջանցի զինվորներ», – ասաց Հունան Թադևոսյանը: