ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հրապարակել է Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի՝ պետդեպարտամենտի կողմից կազմված զեկույցը:
Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձ է կատարվում երկրի մի շարք ոլորտներում առկա խնդիրներին, իրավապաշտպանների և մամուլի հրապարակումներին, ինչպես նաև ղարաբաղյան 44-օրյա պատերազմին։
Փաստաթղթում նշվում է, որ պատերազմի ընթացքում երկու կողմերն էլ գործել են ապօրինի սպանություններ, կողմերի վարած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հրետանային և հրթիռային հարվածների են ենթարկվել խաղաղ բնակավայրեր: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը հայցերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Amnesty International և Human Rights Watch կազմակերպությունները զեկույցներ են կազմել պատերազմի ընթացքում երկու կողմերի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառման և գերիների խոշտանգման մասին: Պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 75 և վիրավորվել է 167 խաղաղ բնակիչ, իսկ ադրբեջանական կողմից՝ զոհվել է 98, իսկ վիրավորվել ավելի քան 420 խաղաղ բնակիչ։
Զեկույցն անդրադարձել է նաև բանակում և իրավապահ համակարգում առկա իրավիճակին։
Մի շարք ՀԿ֊ներ, ըստ զեկույցի, մտահոգություն են հայտնել բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահերի վերաբերյալ։ Իրավապահները, ՀԿ֊ների կարծիքով, այս դեպքերի հետ կապված պատշաճ հետաքննություն չեն իրականացրել։ Հասարակական կազմակերպություններն ու զոհերի ընտանիքները պնդում են, որ ոչ մարտական մահերը որպես ինքնասպանություն որակելու պրակտիկան է խանգարում բռնությունների բացահայտմանն ու հետաքննմանը։
Մարդու իրավունքներով զբաղվող մի շարք իրավաբանների պնդմամբ՝ բանակային մահերի հետաքննությունների ամենամեծ խոչընդոտը առանցքային ապացույցների ոչնչացումը կամ չպահպանումն է, որն իրականացվում է թե ռազմական ղեկավարության, թե քննչական մարմինների կողմից։ Բացի այդ՝ իրավապաշտպան կազմակերպությունները համաձայն չեն բանակային մահերի՝ Պն-ի կողմից ներկայացված վիճակագրության հետ, պնդելով, որ կամայական որոշմամբ են դասակարգվում որպես «զինծառայության հետ կապված» կամ «զինծառայության հետ չկապված»։ Իրավապաշտպանների համաձայն՝ կառավարությունը նաև ոչ մարտական մահերի հետ կապված տեղեկությունները արագ և պատշաճ կերպով չի ներկայացրել հանրությանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդել է, որ 2020-ի առաջին կիսամյակում բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների թիվը կրկնապատկվել է՝ ի համեմատ 2019-ի։
Զեկույցը հղում է կատարել Epress.am-ի 2019 թվականի հարցազրույցին, որում Արտակ Առաքելյանը պատմում էր զինկոմիսարիատում իր նկատմամբ կատարված բռնությունների մասին։
2018-ին մահացած Արմեն Աղաջանյանի գործով հետաքննության հարցում առաջընթաց չկա։ Աղաջանյանին կախված էին գտել Նուբարաշենի հոգեկան առողջության ազգային կենտրոնում, ուր նա տեղափոխվել էր Նուբարաշենի կալանավայրից՝ հոգեբանական զննման համար։ Աղաջանյանի ընտանիքը կարծում է, որ նրան սպանել են, որպեսզի տեղափոխումից առաջ իրեն ծեծած հսկիչներին նույնականացնել չհաջողվի։ Մայոր Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել խոշտանգման և փաստաթղթերի կեղծման համար, բայց դատարանը նրա գործողությունները որակել էր որպես պաշտոնեական դիրքի չարաշահում և ազատ արձակել՝ 2018-ի համաներման հիմքով։ Աղաջանյանի ընտանիքը բողոքարկել էր որոշումը, սակայն հաջողության չէր հասել։
Իրավապաշտպանները պնդում են, որ իրավապահ մարմինների անպատժելիութունը պատճառ է դարձել որ նրանց կողմից կատարվող բռնությունները շարունակվեն։ Շատերի պնդմամբ՝ անցյալում կատարված բռնությունների ոչ պատշաճ քննությունը կապված է 2018-ի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգի թերի փոփոխությունների հետ․ փոփոխվել է միայն ղեկավար կազմը։
Զեկույցում նշվում է նաև ծանրամարտի չեմպիոն Արմեն Ղազարյանի նկատմամբ ոստիկանական բռնության դեպքը։ Ղազարյանին քաղաքացիական հագուստով ոստիկանները «առևանգել» ու ծեծել էին, իսկ հետո՝ սպառնալիքների միջոցով փորձել էին ստիպել փոխել իր ցուցմունքը։
Պետդեպարտամենտն անդրադարձել է բանտային՝ որոշ դեպքերում դաժան և կյանքի համար վտանգավոր պայմաններին (օրինակ՝ Նուբարաշենի բանտում), ավելի կոնկրետ՝ սանիտարական վատ վիճակին, ոչ պատշաճ բուժօգնությանը, քրեական ենթամշակույթի համակարգին (օրենքով գողեր), և այլն։
Բանտերի մոնիթորինգի խմբի հաղորդմամբ՝ Արմավիրի կալանավայրը, օրինակ, չունի օդափոխության համակարգ, ինչի պատճառով անցյալ ամառներին կալանավայրում ջերմաստիճանը հասել է 45°C-ի։ Հունիսի 18-ին կառավարությունը հաղորդել է, որ օդափոխության բացակայության գործով քրեական գործ է բացվել և կատարվում է հետաքննություն։ Բանտարկյալների մահերի հետ կապված անպատժելիությունն ամենամեծ խնդիրներից մեկը բանտերում։ Այս դեպքերի կանխմանն ուղղված համակարգային մոտեցումներ կառավարությունը չունի։ Հիվանդության հետևանքով մահվան դեպքերի հետ կապված , օրինակ, չի իրականացվում հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք հիվանդությունը բանտարկության հետևանք է, կամ արդյոք հնարավոր էր այն կանխարգելել կամ բուժել։
ԲՄԽ-ն փաստում է, որ ԼԳԲՏԻ բանտարկյալններն ապրում են վատագույն պայմաններում։ Բանտերի վարչական մարմինները կիրառում և խրախուսում են բռնությունը նրանց նկատմամբ։ ԼԳԲՏԻ մարդկանց մեկուսացնում են, պահում մյուսների համեմատ շատ ավելի վատ պայմաններում։ Նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող տղամարդիկ, բռնաբարության և համանման արարքների համար դատապարտվածները, ինչպես նաև այն բանտարկյալները, ովքեր հրաժարվում են «բանտի չգրված օրենքներով» ապրել, ստիպված են լինում, ի թիվս այլի, սեռական ծառայություններ մատուցել մյուսներին։ Նրանց համար առանձին սպասք կա, առանձին լվացքի մեքենա և անգամ առանձին մենախուց։
Անցյալ տարվա ընթացքում, ըստ պետդեպարտամենտի, 7 օտարերկրացի փախստական ձերբակալվել է սահմանի անօրինական հատման համար։ Չնայած ապաստան հայցողներն օրենքով ազատվում են քրեական պատասխանատվությունից, իրավապահները կալանքի տակ են պահել այս մարդկանց՝ մինչև նրանց ապաստանի դիմումների պատասխանը։
Լավ նորություններ չկան նաև կանանց նկատմամբ բռնության հարցերում։ Զեկույցում նշվում է, որ հատկապես Երևանից դուրս գտնվող ոստիկանական բաժանմունքներում իրավապահները տատանվում են ընտանեկան բռնության դեպքերով զբաղվելու հարցում և կանանց խրախուսում բողոք չներկայացնել։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը նշել է, որ սեռական բռնության հետ կապված հետաքննությունը գաղտնիության առումով չի տարբերվել այլ հետաքննություններից․ բռնության զոհերը, երբեմն մի քանի անգամ, ստիպված են եղել առերեսվել իրենց բռնարարի հետ, իսկ բռնաբարության գործով տարվող դատաբժշկական փորձաքննության ժամանակ մասնագետը հարցրել է՝ արդյոք զոհը կո՞ւյս է, թե՞ ոչ։
Շուռնուխում ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ բռնության գործում ևս առաջխաղացում չկա։ Անցյալ տարվա օգոստոսի 4-ին դատարանը որոշել էր, որ գործը պետք է վերաբացվի, քանի որ քննիչները հաշվի չեն առել տուժածների հոգեկան տառապանքն ու հանցանքի խտրական բնույթը։ Այնուամենայնիվ, անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ՝ գործը դեռ չի վերաբացվել։
Անդրադառնալով դատական համակարգին՝ Պետքարտուղարությունը նշում է․ «Համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ»: