Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը բարձր մակարդակի եռակողմ շփումներ են նախապատրաստում մինչև օգոստոսի վերջ։ «Նախատեսվում է բարձր մակարդակի եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ուղղություններով՝ մինչև օգոստոսի վերջ», – այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը:
Ըստ նրա՝ իրավիճակը Հարավային Կովկասում Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է:
«Օգոստոսի 4-ին Ռուսաստանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը:
Վերահաստատում ենք բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան: Դա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի իրավիճակին, որը պետք է կարգավորվի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով, որը նախատեսում է, որ կողմերի համաձայնեցմամբ՝ մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ այդ երթուղին պաշտպանելու համար։
Բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով», – Նեչաևի խոսքերն է մեջբերում 1lurer.am-ը:
Անդրադառնալով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ դիվանագետը նշել է, որ խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատություններն արդարացի չեն:
Ավելի վաղ խաղաղապահության բովանդակությանն էր անդրադարձել Հայաստանի վարչապետը՝ անընդունելի անվանելով շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը․
«Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Եվ անհրաժեշտ է եղել ի սկզբանե․․․ Այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը դա արել է հենց 2020թ․ նոյեմբերին։ Եվ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»։
Այս հայտարարությանն անդրադառնալով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ռուսաստանը դեռևս չի տեսել Հայաստանի հստակ առաջարկները կապված Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղապահ առաքելության հետ։
«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ուստի չեմ կարող հիմա կռահել», – պատասխանել է Լավրովը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության հստակեցման հրատապ անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարության շուրջ հարցին։