«Լազարևյան ակումբի» ոչ բոլոր անդամներին հաջողվեց հավաքվել Երևանում։ Ռուսական խումբը միացել էր Russia Today-ի մոսկովյան ստուդիայից․ ակումբի համակարգող, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան անցյալ շաբաթ արգելվել էր։ Նույն արգելքից էր ստացել նաև RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը։
Ուրբաթ օրը միջոցառումը վարում էր հետպատերազմական երևանյան հանրահավաքների ֆրոնտմեն Վազգեն Մանուկյանը, որն այն ժամանակ սպառնում էր կայծակնային ապստամբությամբ և ներկայանում որպես ժամանակավոր այլընտրանք վարչապետ Փաշինյանին։ 90-ականներից ի վեր Մանուկյանը հասցրել է լինել և՛ վարչապետ, և՛ պաշտպանության նախարար, և՛ պատգամավոր, և՛ Հանրային խորհրդի նախագահ։ Վերջին պաշտոնից զրկվել է 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո։
Նիստի մեկնարկին Մանուկյանը զգուշացրեց՝ թարգմանություն չի լինելու, հայերեն ելույթ ունեցողները նույնը կարող են կրկնել նաև ռուսերեն։ Այնուհետև խոսեց երեք կրիտիկական փոփոխությունների մասին․ 1․ Մենք ապաշնորհ պարտություն կրեցինք պատերազմում, 2․ Ռուսաստանը մերձավորվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, 3․ Ռուսաստանի և Եվրոպայի միջև դիմակայությունը ուժգնացել է։
Մանուկյանը անդրադարձավ Ադրբեջանի հետ ատրճանակի փողի տակ վարվող խաղաղ բանակցությունների անմտությանը, հանդես եկավ ընդդեմ Նախիջևանի համար միջանցքի և հայտարարեց, որ ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ։ «․․․Երբեմն թվում է, որ Ռուսաստանը Հայաստանում հատուկ հակառուսական տրամադրություններ է ստեղծում․․․»։
Զատուլինը էկրանից տեղեկացրեց՝ Մոսկվայից նիստին մոտավորապես 45 մարդ է մասնակցում, Երևանից՝ մոտավորապես 80, և խոսքը փոխանցեց Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր չճանաչված հանրապետության ԱԱԾ ղեկավարի պաշտոնը։ Սաակյանը նստած էր Ստեփանակերտի իր կաբինետում, կարդում էր թղթից․
— ․․․Դժվար է գերագնահատել Արցախի դերը Ռուսաստանի համար․․․ Արցախը ծանր վիրավոր է․․․ Զատուլինը իր երկրի իսկական պատրիոտն է, շնորհակալ եմ Զատուլինին նրա դիրքորոշման համար․․․
Մոսկովյան ստուդիայում բարձրախոսը փոխանցեցին Ստանիսլավ Տարասովին, որը, համաձայն «Ռեգնում» կայքի, ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան։ Նրա ելույթը դուրս եկավ 7-10 րոպեանոց ռեգլամենտի շրջանակներից, մոդերատորները ստիպված եղան նրան ընդհատել։ Տարասովը խոսում էր «հայ-ռուսական հարաբերությունների բազմադարյան, հազարամյա պատմության» մասին, Ղարաբաղից եկած խմբագիրը տեղից մեկնաբանում էր․ «Քանի՞ դար, երկու դար ա էլի․․․»։
Ստորև՝ Տարասովի ելույթից․
— ․․․ Հայկական բնակավայրերի առաջացումը Կիևյան Ռուսիայում․․․ Կիևը և Դվինը առևտրի եվրոպական կենտրոններից էին․․․ Պետրոս I-ը չեղարկեց հայկական եկեղեցիներ կառուցելու արգելքը․․․ սուրբ Գևորգի և սուրբ Հռիփսիմեի պատկերնե՜րը․․․ և հիշատակումը «Անցած տարիների պատմությունում»… ռուս քաղաքական գործիչները Պարսկաստանի մասին տեղեկություն էին ստանում հայ վաճառականներից․․․ նրանք նայում էին հայերի աչքերով․․․ հայերը այս հարցում մրցակցում էին վրացիների հետ․․․ Ռուսաստանի տեղեկացվածությունը հայերի անվերապահ վաստակն է․․․ հայերը փափագում էին իրենց պետության վերականգնումը, բայց Պետրոս I-ը պատրաստ չէր․․․ ամենապասիոնարը Ղարաբաղի հայերն էին․․․ Երևանի հայերը ծագումով հիմնականում Թուրքիայից էին, Ղարաբաղի հայերը՝ Իրանից․․․
«Ամեն ինչ արդեն որոշված է», – կրկին արձագանքեց Ղարաբաղից եկած խմբագիրը։
Russia Today-ի ստուդիայում էր նաև վաղ Հիտլերի սիրահար Անդրանիկ Միհրանյանը․
— ․․․20 տարվա մեջ առաջին անգամ ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում․․․ ռուս խաղաղապահների տեղակայումը մեջքից հարված էր Փաշինյանի համար․․․ եթե Ղարաբաղն ու Ռուսաստանը պայմանավորվեն, կարելի է նաև առանց Հայաստանի, Ղարաբաղի ինչի՞ն է պետք նման Հայաստանը․․․ Հնդկաստանը և Ամերիկան ՄԱԿ-ում կարող են իրենց թույլ տալ արտահայտվել Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ, իսկ Ռուսաստանը լռում է․․․ Եթե Հայաստանը դաշնակիցներ ունի Արևմուտքում, թող ճնշեն․․․ թող ճնշեն Վրաստանին, այդ տականքներին, որպեսզի բացեն երկաթգծի հատվածը․․․ նրանք ոչ թե Աբխազիային են պատժում, ոչ էլ Ռուսաստանին, այլ Հայաստանին․․․
Լազարևյան ակումբի երևանյան մասը լայնորեն ներկայացված էր Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի (Ղարաբաղի էքս-նախագահ) և Սերժ Սարգսյանի խմբակցությունների պատգամավորներով։
«Ուկրաինայում Հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո հակառուսական տրամադրությունները նոր մակարդակի են հասել․․․ Հայաստանի իշխանությունները գործում են Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնելու տրամաբանությամբ․․․ հայաստանյան կառավարությունում առանցքային պաշտոններ են զբաղեցնում հակառուսական դիրքորոշում ունեցող մարդիկ», – հայտարարեց ԿԳԲ-ի ռուսական դպրոցի շրջանավարտ, Հայաստանի ԱԱԾ-ի նախկին աշխատակից, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատեր, պատգամավոր Վահե Հակոբյանը։
Արտահայտվեց նաև պատգամավոր Անդրանիկ Թևանյանը․
— ․․․Վաշինգտոնյան փաստաթուղթը՝ որպես նոր Մյունխենյան դավադրություն․․․ ի տարբերություն Ռուսաստանի, արևմտյան երկրների ներկայացուցիչները շփվում են հասարակության բոլոր ներկայացուցիչների հետ․․․ դա մայդանյան իրավիճակներ է ստեղծում բոլոր հետխորհրդային երկրներում․․․ Փաշինյանը ամրագրել է իր տեղն Արևմուտքում՝ Տիխանովսկայայի կողքին․․․ Փաշինյանի ձեռքերով ուզում են Ռուսաստանի համար նոր ճակատ բացել․․․ փառք և պատիվ Վրաստանին, որը չտրվեց դրան․․․ պատերազմում պարտությունը Փաշինյանի վաստակն է, որը վարկաբեկեց սպայական կազմը, ինչպես բոլշևիկները Առաջին համաշխարհային պատերազմում․․․
Սպայական կազմից դահլիճում էր պատգամավոր, գեներալ-գնդապետ, Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար, Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի բանակային կարիերան սկսվել է դեռ խորհրդային տարիներին։ Անկախ Հայաստանում Օհանյանը բացառապես պետական պաշտոններ է զբաղեցրել, ինչը չի խանգարել նրան, օրինակ, էլիտար Վահագնի թաղամասում դղյակ կառուցել։
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, նախկին պատգամավոր Արամ Սաֆարյան․
— ․․․Հայաստանի և Ռուսաստանի միության կողմնակիցների թիվը կրճատվում է․․․ այստեղ նստած են Հայաստանի ամենահարգված մարդիկ․․․ քանի՞ երիտասարդ կա․․․ հարկավոր է հրավիրել մինչև 30 տարեկաններին, նրանց հաղորդակից դարձնել հայ-ռուսական բարեկամության արժեքներին․․․ ուղեղների համար պայքարը միշտ չէ, որ հաղթում են․․․
Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ (1992-96) Վլադիմիր Կազիմիրովը իր ելույթում մի քանի անգամ շեշտեց՝ որևէ դերակատարում Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ինքը չի ունեցել։ Զատուլինը արձագանքեց․ «Մենք դա զգացինք արդյունքներից»։