Ախպորս մի տարի առաջ էրեխա ծնվեց։
Աղջիկ վերագրեցին։
Նայում եմ իրան ու մտածում․
«Իրան է՞լ են ոնց ինձ շներով վախացնելու,
որ հավերժ ուշ ժամի վախենա դուրսը լինել։
Իրա ձեռքից է՞լ են ծանրությունը խլելու,
որ բազուկները չզորեղանան»:
Մայրանուշ
Ձեն Ձենի ցուցահանդես
Վաղ 2000-ականների սովորական հայկական ընտանիքի մի հին տեսանյութի մեջ մեծ ու խելացի աչքերով փոքրիկ մի աղջիկ կա, որ երեխայություն է անում. արագ-արագ խմում է մեծ շշից, ջուր լցնում իր փոքր եղբոր վրա կամ թուղթը պահում օդորակիչի առաջ, որ տեսնի՝ ինչ կլինի: Հետին պլանում խոսում են մեծերը՝ մի՛ արա: Սխալ ես անում: Աղջկա անունը Լիլիթ է, նա այն ութ կին արվեստագետներից մեկն է, ովքեր ցուցադրում են իրենց աշխատանքները նոր՝ Ձեն Ձենի ցուցահանդեսում, որի կազմակերպիչն ու կուրատորը Կրեոպիան է․ ստեղծագործական կազմակերպության, որի նպատակը Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաք Վանաձորում սոցիալական խնդիրների վրա ուշադրություն հրավիրելն է:
«Ես հասկանում եմ, որ նրանք պետք է ասեն քեզ՝ ինչ անել և ինչ չանել, հասկանալի է։ Բայց ես նաև գիտակցում եմ, որ դա քո վրա ազդեցություն է ունենում, և դարձնում այնպիսին, ինչպիսին կաս, – ասում է Լիլիթը․ – Հեշտ է ուղղակի ընդունել այն, ինչ նրանք ասում են, ավելի դժվար է կռիվ տալ»։
Վանաձորի համար Ձեն Ձենիի նման ցուցահանդեսը աննախադեպ մի բան է։ Ութ տեղացի արվեստագետները, ովքեր սերտորեն համագործակցել են նախապատրաստական աշխատանքների երեք ամիսների ընթացքում, կիսում են հասարակության հետ իրենց շատ ինտիմ և անձնական պատկերացումները մայրության, պատերազմի և Հայաստանում որպես աղջիկ մեծանալու ու որպես կին ապրելու մասին։ Ձեն Ձենի ցուցահանդեսը, որը անգլերեն մոտավոր կարելի է թարգմանել որպես՝ «voices united», ցուցադրում է մի քանի աուդիովիզուալ աշխատանքներ և ինստալյացիաներ՝ արդեն գրված պոեմները նկարազարդելու ու ավարտին հասցնելու համար։
Բացման օրը՝ շաբաթ երեկոյան, լիքն էր այցելուներով։
«Թեև մեր ծնողների սերունդը դեռևս շատ պահպանողական է, մեր սերունդը սկսում է բացվել։ Այսպես մենք կարող ենք ինչ-որ բան տեղից շարժել», – ասում է Կրեոպիայի համահիմնադիր Լուսինեն։ Ֆրանսիայում «շրխկան պոեզիայի» (slam poetry) երեկույթին այցելելուց հետո նա ոգևորվել էր նմանատիպ մի բան իր ծննդավայրում՝ Վանաձորում, կազմակերպելու մտքից։ «Կրեոպիայում մենք ուզում ենք արվեստի միջոցով խոսել սոցիալական խնդիրների մասին, և գենդերային արդարությունը մեր հիմնական ուղղվածությունն է։ Ես գիտեի, որ ուզում էի հասկանալ՝ ինչպես խոսել հայրիշխանության և մեր հասարակությունում կնոջ դիրքի մասին։ Պոեզիան միջոցներից մեկն է»։
«Սկզբում մենք մտածում էինք շրխկան պոեզիայի մասին, – ասում է ցուցադրվող արվեստագետներից Մեգին, – բայց հետո այն փոխակերպվեց այն ֆորմատի, որն այսօր տեսնում եք։ Շուրջ երեք ամիս մենք միասին հանդիպում էինք ուրիշ կին արվեստագետների հետ։ Սկզբում ուղղակի կիսվում էինք մեր անձնական փորձով։ Որոշեցինք տեսքստեր գրել, որոնք կանդրադառնային այս անձնական պատմություններին։ Հետո, երբ գրվածքները պատրաստ էին, մտածում էինք՝ ինչով ուղեկցել դրանք»։
Մեգին իր աշխատանքում մայրության թեմային է անդրադառնում։ Հսկայական վարդագույն հեշտոցի նկարը լրացնում է նրա պոեմը վերքի մասին, որ շարունակում է ցավացնել ծննդաբերելուց հետո։ Մեկ ուրիշ պոեմ ցուցադրված է ձեռք չտված մի աման խավիծի (հասարակ շիլայանման ուտեստ) կողքին։
«Մեզ փոքրուց ճաշ են տալիս, հույս են տալիս, որ ապագայում ԼԱՎ ՄԱՄԱ լինենք։
հետո դառնում ենք մամա․ իրանց համար հաստատ որակումով՝ լավ կամ վատ։
ԼԱՎԸ, եթե դու չկաս, չես երևում, ուտում ես էնքան, ինչքան երեխուդ ա պետք՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս, խնամում ես քեզ, ինչքանով ամուսնուդ ա պետք՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս։
ՎԱՏԸ, եթե ընդամենը մի բան ավել ես արել կամ պակաս», – գրում է Մեգին։
Մեկ այլ գործ կենտրոնանում է պատերազմի առկայության կամ դրա հավանականության հետ հաշտվելու վրա․ մի բան, որ Հայաստանում բոլորին ծանոթ է։ Շուշանիկը որոշել է անդրադառնալ ռազմական պաստառներին, որոնք կոչ են անում մայրերին լավ զինվորներ մեծացնել կամ ցույց են տալիս ռազմական համազգեստով փոքր երեխաների՝ հանդերձանք գովազդելու համար։
Չէ՛ որ դու մայր ես,
Հոգատա՛ր եղիր,
Զավակ ունեցի՛ր,
Բանակ ուղարկի՛ր,
Երազի՛ր, որ հետ գա։
Ինչպես հայկական Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպությունն է ձևակերպում․ «Հայաստանը հայրիշխանական հասարակություն է, այսինքն՝ ավանդական մշակութային համոզմունքները սովորաբար կանանց դնում են տղամարդկանցից քիչ իշխանություն ունեցող դիրքում։ Երբեմն, վերահսկելու վարքագիծը սովորեցվում է շատ փոքր տարիքից, երբ հայկական ընտանիքների տղաներից ակնկալվում է վերահսկել, թե իրենց քույրը և երբեմն անգամ մայրը որտեղ են կամ ինչ են անում»։
Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների տարածված խնդրի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ կան։ Դրանցից մեկի համաձայն՝ հայերը 6 անգամ ավելի հակված են նախընտրելու տղա երեխաներին՝ աղջիկների փոխարեն․ «այս պարագայում, ըստ հաշվարկների, յուրաքանչյուր 10 աբորտից առնվազն 1-ը կատարվում է տղա երեխաներ նախընտրելու պատճառով»։ Մինչ օրս մարդիկ հաճախ մաղթում են ապագա ծնողներին տղա ունենալ, և ոչ աղջիկ։
«Կարծում եմ այս ցուցահանդեսը արձագանք է գտնում բազմաթիվ կանանց սրտերում։ Որովհետև մենք ուղղակի ինչ-որ տեսություններով չենք կիսվում։ Մենք կիսվում ենք մեր սեփական փորձով», – ասում է Մեգին։
Ցուցահանդեսը աջակցվում է տեղի դրամաշնորհ տրամադրող կազմակերպության՝ Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից, և մոտակա օրերին բաց է լինելու Վանաձորում՝ Կրեոպիայում։
Զուզանա Գրուբերովա