Բրազիլիայում նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարույի կողմնակիցները վերջին օրերին ցույցեր են անցկացնում, որոնք հունվարի 8-ին վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները ներխուժել են մայրաքաղաքի կենտրոնում՝ Երեք իշխանությունների հրապարակում գտնվող նախագահական նստավայր, Ազգային կոնգրեսի և Գերագույն դատարանի շենքեր՝ պահանջելով չեղարկել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն աջ արմատական Բոլսոնարուն պարտվել է։
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում բանակին խառնվել իրավիճակին և իշխանությունից հեռացնել նորընտիր նախագահ Լուլա դա Սիլվային։
Բրազիլիայի ոստիկանությունը ավելի քան 300 ցուցարարի է ձերբակալել՝ հետ վերցնելով վերահսկողության տակ բոլոր երեք կառավարական շինությունները անկարգություններից երեք ժամ անց, հաղորդում է տեղի GloboNews լրատվամիջոցը։ Երկրում մինչև հունվարի վերջ արտակարգ դրություն է հայտարարվել։
Կառավարական շենքերի վրա հարձակումները տեղի են ունեցել ներկայիս նախագահ Լուլա դա Սիլվայի երդմնակալությունից ընդամենը մեկ շաբաթ անց և արտահայտում են հասարակության ծայրահեղ բևեռացումը երկրում։
Լուլան դեպքի ժամանակ մայրաքաղաքում չի գտնվել․ նախագահը գործուղմամբ մեկնել էր երկրի Սան Պաուլո նահանգ, սակայն նույն օրը վերադարձել է նախագահական նստավայր՝ պատճառված վնասը գնահատելու նպատակով։ Նախագահը հայտարարել է, որ ցուցարարները «վանդալներ են, նեոֆաշիստներ և ֆանատիկներ»։
Անկարգությունների համար պատասխանատու բոլոր մարդիկ կպատժվեն, հավաստիացրել է Բրազիլիայի գործող նախագահը։ Լուլան անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրում է նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին։
Անվտանգության ուժերը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ էին կիրառել, սակայն չէին կարողացել կանգնեցնել կառավարական շինությունների վրա հարձակումները։
Բոլսոնարուի կողմնակիցները կառավարական շենքերում ավերածություններ են արել․ ջարդել պատուհանները, դուրս նետել կահույքը, թալանել ու ավերել սենյակները և այլն։ Զոհերի կամ վիրավորների մասին հաղորդումներ չկան։
#Brazil #protests pic.twitter.com/Dis6DT8FYx
— lucifer (@James73404514) January 9, 2023
Իրենց աջակցությունը ներկայիս նախագահին արտահայտել են ինչպես Լատինական Ամերիկայի մի շարք երկրների առաջնորդներ, այնպես էլ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ու՞մ են հավատարիմ ուժայինները
Ցուցարարների կազմակերպած հարձակման մասին առաջին հաղորդագրություննեը հայտնվել են դեռևս գրոհից երեք ժամ առաջ։
Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում բրազիլական դրոշի գույներով հագուստով Բոլսոնարուի բազմաթիվ աջակիցները վազում են դեպի կառավարական շենքեր, այդ թվում՝ նախագահական նստավայր։
Որոշ տեսանյութերում երևում է ինչպես են մի խումբ ցուցարարներ ձիու վրայից գետնի վրա գցում ոստիկաններից մեկին և հարձակվում նրա վրա։
#Brazil #Protest #fight #Police pic.twitter.com/zCZ6y3pbOU
— Mihai Cistelican (@MihaiCistelican) January 8, 2023
Իրավապահ մարմիններին ուղղված մի շարք հարցեր կան։ «Բոլսոնարուի կողմնակիցները այս հարձակումները կազմակերպում էին իրենց տելեգրամյան ալիքներով և նախորդ շաբաթվա ընթացքում հարյուրավոր մարդկանցով լցված ավտոբուսներ էին ժամանում մայրաքաղաք Բրազիլիա։ Այդ պատճառով զարմանալի է, որ բրազիլական անվտանգության ուժերը այսքան դանդաղ են արձագանքել։ Սա որոշ կասկածեր է առաջացրել նրանց հավատարմության վերաբերյալ, քանի որ երկրի ռազմական ոստիկանությունը և բանակային ուժերը, ընդհանուր առմամբ Բոլսոնարուի հավատարիմ աջակիցներն են եղել», – հաղորդում է Al Jazeera-ի թղթակիցը Բրազիլիայից։
Նախագահը հրամանագիր է ստորագրել, որով դաշնային կառավարությունը իր ձեռքն է վերցնում Բրազիլիայի անվտանգության ուժերի վերահսկողությունը։
Երկրի գերագույն դատարանը Բրազիլիայի դաշնային նահանգապետ Իբանեյսա Ռոշային հեռացրել է աշխատանքից՝ մեղադրելով նրան անկարգությունները կանխել չկարողանալու մեջ։ Ռոշան ներողություն է խնդրել երկրի իշխանություններից։
բրազիլական Թրամփ
Բրազիլիայում տեղի ունեցող դեպքերը Թվիթերում համեմատում են 2021-ի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կազմակերպած գրոհի հետ։
Բրազիլիայում ընտրություններից առաջ Բոլսոնարուի հակառակորդները վախենում էին, որ պարտությունից հետո նա նույնպես չի ընդունի արդյունքները և երկրում քաղաքացիական հակամարտություն կսկսվի։ Բոլսոնարուն չի ընդդիմացել իշխանության փոխանցման գործընթացին և խոստացել է հետևել օրենքին։ Նրա աջակիցները, այնուամենայնիվ, անմիջապես փակել էին փողոցները՝ ցույց տալով իրենց անհամաձայնությունը քվեարկության արդյունքների հետ։
Բրազիլիայի նոր իշխանությունները հույս ունեին, որ այս լարվածությունները մարում են։ Նոր նախագահի երդմնակալությունը անցել էր առանց միջադեպերի։
Նախկին նախագահը իր հակառակորդի երդմնակալությունից առաջ լքել է երկիրը, մեկնել է Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգ՝ հրաժեշտ տալով իր կողմնակիցներին։ Մինչ մեկնելը նա սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում ասել է «մարտերը պարտված են, բայց պատերազմը մենք չենք պարտվի»։
Բոլսոնարուն հերքել է իր մասնակցությունը Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին՝ դատապարտելով թալանն ու կառավարական շենքեր ներխուժումը իր թվիթերյան էջում։
Երդմնակալության ժամանակ ներկայիս նախագահն իր ելույթում հայտարարել էր, որ ստանում է սննկացած երկիր, որտեղ Բոլսոնարուի իշխանության ժամանակ վերադարձել է սովը։ Լուլան մեղադրել էր Բոլսոնարուին պետական ռեսուրսները սպառելու, երկրում մարդու իրավունքները խախտելու և համաճարակային սահմանափակումներն անտեսելու մեջ, ինչի հետևանքով ավելի քան 680 հազար քաղաքացի էր մահացել։
Տես նաև՝ Լատինական Ամերիկայի ձախ բնութագրումը պարզեցում է․ Բրազիլիան նախագահ փոխեց