Արդեն մեկ շաբաթ է՝ տագնապալի լուրեր են ստացվում աշխարհի գլխավոր բանկային տերություններից։ Վերջին անգամ բանկերի խնդիրների մասին այսքան շատ խոսվել է գրեթե 15 տարի առաջ։ Հետո տեղի ունեցավ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որի հետևանքները մինչ օրս կրում ենք։
Ի՞նչ է տեղի ունեցել այս անգամ, ինչո՞ւ են ԱՄՆ-ի և Շվեյցարիայի բանկերը դժվարությունների առաջ կանգնել և ինչպե՞ս են սպառնում ավանդատուներին, բիզնեսներին, ֆինանսական կայունությանը և տնտեսական աճին ամբողջ աշխարհում:
Ի՞նչ է պատահել
Սկզբից ԱՄՆ-ում սնանկացավ Silicon Valley Bank (SVB) բանկը՝ ակտիվների քանակով 16-րդը և Կալիֆորնիայում բարձր տեխնոլոգիական ստարտափների ու վենչուրային ներդրողների գլխավոր բանկը: Այնուհետև խնդիրներ առաջացան Նյու Յորքի Signature Bank-ում, որտեղ սիրում են գումարները պահել կրիպտոարժույթների բիզնեսները։ Իսկ այս շաբաթ օգնության կարիք ուներ մեծությամբ 14-րդ՝ First Republic Bank-ը։
Երեք բանկերից և ոչ մեկը չի մտնում ամերիկյան բանկային համակարգի կարևոր հսկաների թոփ 8-ում։ Այնուամենայնիվ, նախորդ ճգնաժամը 2007-2008 թվականներին «փոքր անուններից» էր սկսել, այդ իսկ պատճառով բոլորը, այդ թվում՝ ավանդատուները, ներդրողները, կարգավորողները և նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անհանգստացել են:
Անհանգստացել են, որովհետև համաշխարհային տնտեսությունը մեկ տարուց ավել է, ինչ տենդի մեջ է՝ հետքովիդային գնաճի և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով։ Համաշխարհային նոր լայնածավալ տնտեսական ճգնաժամի ուրվականը շրջում է աշխարհով, և բոլորը փորձում են գուշակել, թե երբ ու որտեղ է այն հարվածելու: Բանկերը շատ լավ համապատասխանում են առաջին թիրախի դերին, քանի որ նախորդ ճգնաժամը սկսվել էր հենց նրանցից:
Այդ պատճառով ներդրողները և ավանդատուները սկսել են հանել գումարները հաշիվներից և բանկերի կապիտալից: Նրանց չհամոզեց ո՛չ իշխանությունների վճռական միջամտությունը, որը խնդրահարույց բանկերի հաճախորդներին երաշխիքներ էր տրամադրում նրանց փողերի անվտանգության համար, ո՛չ էլ բանկային համակարգի կայունության և գերազանց կապիտալիզացիայի երաշխիքները։
Արդյունքում, մարտի սկզբից ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի բանկերը կորցրել են իրենց շուկայական արժեքի 15%-ը։ Ներդրողները գցել են բանկերի բաժնետոմսերի արժողությունը՝ գրեթե կես տրիլիոն դոլարով:
Որոշելով, որ ավելի լավ է առայժմ գործ չունենալ բանկերի հետ, ներդրողները սկսեցին փնտրել թույլ օղակը՝ հասկանալու համար, թե բանկերից որ մեկը կլինի առավել խոցելի, եթե ամերիկյան կայծերից համաշխարհային ֆինանսական ճգնաժամ բռնկվի։ Եվ գտան իդելական թեկնածու Եվրոպայում։
Թիրախավորվեց 167 տարվա պատմություն ունեցող շվեյցարական հսկա Credit Suisse-ը՝ աշխարհի բանկային համակարգը ձևավորող 30 բանկերից մեկը։
Շվեյցարիայի կենտրոնական բանկը աջակցեց Credit Suisse-ին, այնուամենայնիվ, բանկի ճակատագիրը կախված է մի մազից, քանի որ հին խնդիրները չեն վերացել, և դրանք արագ չեն լուծվելու։ Հենց դրանց պատճառով է, որ արդեն մի քանի ամիս է՝ հաճախորդները փախչում են Credit Suisse-ից։ Այդ պատճառով ԱՄՆ-ից Եվրոպա հասած բանկային համակարգի մինի փոթորիկը առաջինը հարվածեց այս շվեյցարական բանկին։
Եթե խուճապը շարունակվի, ապա դա լուրջ խնդիրներ է խոստանում ամբողջ ֆինանսական սեգմենտի համար, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է և կառուցված է վստահության վրա։ Իսկ ֆինանսական ճգնաժամը սպառնում է արդեն իրական տնտեսությանը։
Արդյո՞ք, կա խուճապի պատճառ։ Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչ է եղել ամերիկյան և շվեյցարական բանկերի հետ։
Ի՞նչ է պատահել SVB-ին
SVB-ի ավանդների վրա հիմնականում ավելորդ միջոցներ էին պահում ստարտափները, որոնց մեջ վենչուրային հիմնադրամները վերջին երկու տարիներին միլիարդավոր դոլարներ են ներդրել։ SVB-ն հավաքագրված միջոցները, իր հերթին, տեղավորում էր գերհուսալի ԱՄՆ պետական պարտատոմսերում, սակայն մի բան սխալ էր հաշվարկել:
Վենչուրային (venture բառից, թարգմանաբար՝ ռիսկ) հիմնադրամները դրանք կազմակերպություններ են, որոնք «ռիսկ են անում» և ներդնում են իրենց գումարները սկսնակ ընկերություններում կամ ստարտափներում:
Քանի որ կենտրոնական բանկերն արդեն մեկ տարի շարունակ բարձրացնում են տոկոսադրույքները՝ հաղթահարելու գնաճը, այդ պարտատոմսերի գները նվազել են: Բանկի պարտավորությունների և ակտիվների միջև ճեղքվածք է առաջացել։ SVB-ն ստիպված շտապ (և հետևաբար էժան) վաճառել է 21 միլիարդ դոլար արժողությամբ պետական պարտատոմսերի պորտֆելը։ Բանկն արդյունքում կորցրել է 1,8 միլիարդ և վնասը որոշել է փոխհատուցել սեփական կապիտալի ներգրավմամբ:
Այս ամենի մասին բանկն իհարկե հանրայնորեն զեկուցել էր։ Վատ լուրերը վիրուսային արագությամբ տարածվել էին SVB-ի հաճախորդների բազայում, և մեկ օրում վերջիններս փորձել են իրենց հաշիվներից հանել 42 միլիարդ դոլար։
Արդյունքում բանկը պայթեց, իշխանությունները սեփականաշնորհեցին այն և երաշխավորեցին ավանդատուներին վերադարձնել գումարը։ Իսկ հիմա փորձում են վաճառել, լավագույն դեպքում՝ միանգամից ամբողջ բանկը, իսկ ծայրահեղ դեպքում՝ դրա ակտիվները՝ մաս-մաս:
Ի՞նչ է պատահել Credit Suisse-ին
Credit Suisse-ը շվեյցարական հանրահայտ բանկային համակարգի երկու հիմնասյուներից մեկն է։ Երկրորդը UBS-ն է, և Credit Suisse-ի ներկայիս դժվարությունները կարող են նրան թողնել առանց հիմնական մրցակցի, որքան էլ Շվեյցարիայի իշխանությունները փորձեն խուսափել դրանից:
Credit Suisse-ի խնդիրները վաղուց են սկսվել։ Բանկը անընդհատ սկանդալների ու արդեն 10 տարի շարունակվող վերակազմավորումների մեջ է։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում այն երեք անգամ փոխել է հակաճգնաժամային ծրագիրը։
Հաճախորդները չէին հավատում այս ծրագրերի հաջողությանը. միլիոնատերերը հանում էին իրենց գումարները, և միայն անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին հանել են ավելի քան 100 միլիարդ դոլար։
Այս ամենի հետ մեկտեղ բանկի հետ տեղի ունեցավ երեք ճակատագրական իրադարձություն․ 1՝ ԱՄՆ-ում սնանկացավ SVB-ն, 2՝ Credit Suisse-ը հետաձգեց տարեկան հաշվետվության հրապարակումը, ինչը հարցեր առաջացրեց վերահսկիչ մարմինների մոտ և 3՝ շվեյացարական բանկի հիմնական բաժնետերերից մեկը հարցազրույցում ասաց, որ ոչ մի դեպքում բանկին այլևս գումար չի տա:
Ներդրողները շտապեցին վաճառել Credit Suisse-ի բաժնետոմսերը, Շվեյցարիայի կենտրոնական բանկը նրա համար հսկա վարկային գիծ բացեց, իսկ կառավարությունը նստեց փակ դռների հետևում՝ քննարկելու համար հետագա անելիքները:
Այս բանակցություններն ավարտված չեն, բայց մամուլը քննարկում է Credit Suisse-ի ճակատագրի չորս տարբերակ՝ փորձել վերակառուցել այն, բաժանել մասերի, վաճառել մրցակից UBS-ին կամ ընդհանրապես փակել:
Ի՞նչ կարող է պատահել
Այսպիսով, խուճապի պատճառ կա՞: Ըստ BBC-ի՝ դեռ ոչ, երեք պատճառով.
Առաջին հերթին՝ 2007-2008 թվականներին բանկերը գումարներ կորցրեցին ռիսկային հիփոթեքի պատճառով. մասնավոր վարկառուները չմարեցին իրենց վարկերը: SVB-ի խնդրահարույց ակտիվները վարկային ռիսկեր չունեին. գումարները ներդրվել էին անվտանգ պետական պարտատոմսերում: Ի տարբերություն գրավադրված բնակարանի սեփականատիրոջ՝ երկիրը չի կարող կորցնել եկամուտը և դադարեցնել վարկի վճարումը սեփական արժույթով, քանի որ ինքն է տպում այնքան, որքան անհրաժեշտ է։
Այսինքն՝ այս անգամ առաջինը սնանկացած բանկերի ակտիվների որակն անհամեմատ ավելի լավն է, քան 2007 թվականին։ Այնուամենայնիվ, պայմանները փոխվել են, և SVB-ն տուժել է պետական պարտատոմսերին բնորոշ ուրիշ ռիսկի պատճառով:
«Այս պարտատոմսերը կարող են չունենալ վարկային ռիսկ, բայց ունեն շուկայական ռիսկ: Երբ տոկոսադրույքները բարձրանում են, պարտատոմսերի գները նվազում են: Ներդրողների թղթային և իրական կորուստները երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման հետևանքով հասնում են արդեն տրիլիոնավոր դոլարների»,- BBC-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Նուրիել Ռուբինին:
Երկրորդ հերթին՝ այո՛, վարկառուների անվճարունակությունը կարող է հանգեցնել բանկերի սնանկացման, սակայն այս անգամ, ի տարբերություն 2008-ի, բանկերն ավելի լավ են պատրաստված։
«Ընդհանուր առմամբ, բանկերն այժմ ունեն ավելի շատ կապիտալ ու հաշվեկշռի իրացվելիություն (բանկի կարողությունը ժամանակին կատարել իր պարտավորությունները – խմբ․)», – ասել է Ռուբինին:
Երրորդը՝ օվկիանոսի երկու կողմերում գտնվող բանկերի ավանդատուների ու ներդրողների փախուստի պատճառով առաջացած խնդիրները եզակի են: Նրանք մի շղթայի օղակներ չեն, նրանք շղթայի թույլ օղակներն են։
Եթե իշխանությունները չկարողանան կանխել խուճապը, ոչինչ չի փրկի բանկային համակարգը ավանդատուների հարձակումից։ Առայժմ ֆինանսական ճգնաժամը կանխելու ստուգված գործիքները բավականացնում են. բնակչության ավանդների մեծ մասի անվտանգությունը երաշխավորված է պետության կողմից, և կենտրոնական բանկերը պատրաստ են միջամտել, եթե իրավիճակը բանկերից մեկում դուրս գա վերահսկողությունից:
Այնուամենայնիվ, հին մեթոդներից ոչ բոլորն են աշխատում նոր իրողությունում, որի հիմնական բնութագիրն է ապրուստի ու վարկերի թանկացումը, անցումը պետական աջակցության ու զրոյական դրույքաչափերի դարաշրջանից դեպի խնայողությունների ու հնարավորությունների սահմաններում ապրելու դարաշրջան։
«Եթե մենք չբարձրացնենք տոկոսադրույքները, կլինի գնաճ: Եթե շարունակենք բարձրացնել տոկոսադրույքները, կվտանգվի ֆինանսական կայունությունը: Այս երկընտրանքը ինչ-որ կերպ հանգեցնելու է իրական տնտեսության և/կամ ֆինանսական շուկաների ծանր վայրէջքի», – ասել է տնտեսագետը․ – «Վախենում եմ, որ ռեցեսսիան (Հավանական համաշխարհային տնտեսական անկում – խմբ․) անխուսափելի է ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում»։