Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի առանձնատան խուզարկությունից հետո նրան միանգամից 3 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ու թմրամիջոցներ պահելու համար։
Տեղեկությունը հրապարակել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Ըստ պաշտպանի՝ Բալասանյանը անցնում է նաև ամիսներ առաջ հարուցված մեկ այլ քրեական գործով։ ԼՂ ԱԽ նախկին քարտուղարին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։ Թե ինչ չափի հափշտակության ու ինչ գույքի մասին է խոսքը՝ չի հրապարակվում։ «Մենք դատարանում ապացույցներ ենք ներկայացրել,․․․ որոնք որ հերքում են այդ հափշտակության հանգամանքը։ Լիովին չեզոքացված է բոլոր այն մտահոգությունները, որ ուներ վարույթն իրականացնող մարմինը», – հայտարարում է փաստաբանը։
64-ամյա Բալասանյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Դատարանը երեկ մերժել է նրան կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը, ըստ փաստաբանի՝ «հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»։
Գեներալ Վիտալի Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13-ի երեկոյան, նույն օրը ղարաբաղյան իրավապահները ձերբակալել էին նաև նրա որդուն և եղբորը։ Նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել։
Փաստաբանը ահազանգել էր՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալության ընթացքում մարմնական վնասվածքներ, կապտուկներ է ստացել։ Լրատվամիջոցները նրան ազատազրկելու ակցիան կապում էին Ղարաբաղում (իշխանությունների նախաձեռնությամբ) մեկնարկած «համաժողովրդական բողոքի շարժման» հետ։ Նշվում էր, որ «Արցախի հերոսին» բեման են ենթարկել Ասկերանի իր առանձնատնից, «ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով»։ Նրան տարել են ԼՂ ԱԱԾ, ավելի ուշ՝ տեղափոխել դատախազություն։
Ձերբակալություններից հետո Լեռնային Ղարաբաղի դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հիշատակվել է Բալասանյանի որդու անունը։
Ըստ իրավապահների՝ ԱԽ նախկին քարտուղարի որդին Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 2021-ին 74 միլիոն 500 հազար դրամ փոխառություն է ստացել մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, բայց տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս։
Բալասանյանները վարկը ոչ նպատակային օգտագործելու կասկածանքը անհիմն են համարում։
Մեկ օր անց դատախազությունը հայտարարել է, թե ձերբակալության ժամանակ Բալասանյանը բռնություն է գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել է նրանց։
«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած գեներալը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարի 7-ին (Ռուբեն Վարդանյանի կարճատև պետնախարարության օրոք)։ Հեռացման պատճառները ստույգ հայտնի չեն։
Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո հումանիտար հարցերի շուրջ Բաքվի հետ ընթացող բանակցությունները հենց Բալասանյանն էր համակարգում։ Վերջին անգամ նրա անունն այս համատեքստում հիշատակվել է անցած տարվա դեկտեմբերի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին անգամ (մի քանի ժամով) արգելափակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը․ ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների հետ հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ղարաբաղյան կողմին ներկայացնում էր հենց Վիտալի Բալասանյանը։
Ավելի ուշ՝ արդեն այս տարվա փետրվարին, ԼՂ դատախազությունից հաղորդել էին, թե Անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկը 2022-ի սեպտեմբերին պետությունից 25 միլիոն դրամ է հափշտակել։ Մինչ այդ դատախազությունը տեղեկացրել էր նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործի մասին։ Արդյոք 25 միլիոնի հափշտակությունը և Բալասյանին մեղսագրվող «պաշտոնեական լիազորությունների չարաշահումը» նույն դեպքի վերաբերյալ են՝ առ այսօր պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե ինչպես է գեներալի նկատմամբ հարուցված նոր քրեական գործը հարաբերվում նախկինում հրապարակված հաղորդագրությունների հետ։