թարմացում (20։25) — Երևանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանին։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն՝ «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին:
Թեհրանում երեկ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումն էր արտգործնախարարների մակարդակով։ Հանդիպումը ավարտվել է համատեղ դեկլարատաիվ հայտարարությամբ։ Մասնակիցները պայմանավորվել են հաջորդ անգամ հավաքվել Թուրքիայում:
Մինչ արտգործնախարարները Իրանում «բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացում» էին քննարկում, ռուսական Առաջին ալիքը հատուկ թողարկում էր հեռարձակում՝ նվիրված Հայաստանի վարչապետին։ Հաղորդումը վերնագրված էր «Նիկոլ Փաշինյան․ փորձանքի նախակարապետ»։ Կեղծ մեջբերումների և հեղինակային օդիոզ մեկնաբանությունների հիմնական ուղերձը հետևյալն էր՝ Հայաստանի վարչապետը հատուկ եկել է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու և իր երկիրը «անգլոսաքսերին» զոհաբերելու համար։ Հաղորդմանը մասնակցում էր նաև «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
պաշտոնականները
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հանդիպման բացման խոսքում հայտարարում էր՝ պատերազմն ավարտվել է, Հարավային Կովկասում եկել է խաղաղության, համագործակցության և զարգացման ժամանակը․ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները, հատկապես խնդիրները Հարավային Կովկասում, կարող են լուծվել առանց արտաքին միջամտության»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչ այդ հաստատել է՝ Մոսկվան խիստ բացասաբար է վերաբերվում արևմտյան միջնորդական ջանքերին, «կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունը»: Երեկվա հանդիպմանն էլ շեշտել է՝ հայ – ադրբեջանական հակամարտությունը «մեծ հաշվով լուծված է», այժմ մնում է գործնական քայլեր իրականացնել հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ, առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի պատրաստման, սահմանազատման և ապաշրջափակման։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների այս ասպեկտներն «3+3» ձևաչափում ուղղակիորեն չեն քննարկվում, «դրա համար կան այլ ուղիներ», «Ռուսաստանն այդ բոլոր գործընթացներում համակարգողի դեր ունի»։
Տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակը ձևավորվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Ի սկզբանե այն ներկայացվում էր որպես փորձ՝ միավորելու Հարավային Կովկասի երեք երկրներին և նրանց երեք խոշոր հարևաններին՝ Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին։ Անցած երեք տարիների ընթացքում ընդամենը երկու հանդիպում է եղել․ առաջինը Մոսկվայում էր՝ երկու տարի առաջ (փոխարտգործնախարարների մակարդակով), երկրորդը երեկ էր՝ Թեհրանում։ Վրաստանը այս հանդիպումները բոյկոտել է։
Տարածաշրջանային այս միջոցառմանը, ըստ Լավրովի, համագործակցության տարբեր պրոյեկտներ են քննարկվում, դրանք դեռևս նախանշման փուլում են, ռուսական կողմը ինչ-որ փաստաթուղթ է պատրաստել, կողմերն էլ համաձայնել են հատուկ ներկայացուցիչներ նշանակել, որոնք կձևակերպեն տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության իրենց «ազգային գաղափարները»։
Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակման և էթնիկ զտումների ֆոնին ռուսական պետական ալիքները քարոզչական արշավ են սկսել ընդդեմ Հայաստանի՝ նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի փաստացի տապալման բեռը փորձելով բարդել Հայաստանի իշխանությունների վրա։ Այս ֆոնին Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մեկնել Գրանադա՝ արևմտյան միջնորդությամբ բանակցություններին մասնակցելու։ Հայաստանի վարչապետն էլ ԱՊՀ գագաթնաժողովին չի գնացել։ Մինչ Երևանում խոսում են Բրյուսելում նախատեսված բանակցություններից, Բաքուն պնդում է՝ ռուսական միջնորդությունն իր համար ավելի նախընտրելի է։
եկեք ապաշրջափակվենք, բայց հարգենք
Հայաստանի արտգործնախարարը հանդիպման ընթացքում շեշտել է՝ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ և կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։
Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից, Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը․ «Կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր»։
Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար»: Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով։ Այս համատեքստում, ըստ նրա, ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։
համատեղ դեկլարատիվ
Երեկվա հանդիպման արդյունքներով արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել։ 9 կետերից բաղկացած տեքստը դեկլարատիվ բնույթ է կրում, կարևորվում է «բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը», «վեճերի խաղաղ կարգավորումը», ինքնիշխանության հարգումը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ներքին հարցերին չմիջամտությունը, տնտեսական և մշակութային համագործակցությունը և այլն։ Կրկին շեշտվում է, որ 3+3 հարթակը շարունակում է բաց մնալ Վրաստանի «հավասար մասնակցության համար»։ Վերջում էլ նշվում է՝ «նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ և ընդգծել անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը»:
Հնգակողմ քննարկումներին զուգահեռ, դատելով կողմերի հաղորդագրություններից, Թեհրանում նաև երկկողմ հանդիպումներ են եղել՝ մասնավորապես, Իրանի նախագահը երեկ առանձին-առանձին ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներին, առանձին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի, Ռուաստանի և Իրանի արտգործնախարարները, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ոչ ֆորմալ որոշակի շփումներ են ունեցել։
ռուսական ֆոն
Մինչ Թեհրանում «բարիդրացիական» բանակցություններ էին ընթանում, ռուսական առաջին ալիքով մեկ ժամանոց հաղորդում էր թողարկվում՝ նվիրված Հայաստանի վարչապետին։
Հաղորդումը սկսվում էր Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ մեջբերմամբ, իբր թե նա 2007 թվականին հրապարակավ հայտարարել է՝ «Արցախը գլխացավանք է» և «այն հանձնելով՝ Հայաստանը ճանապարհ կստանա դեպի Ադրբեջան, Թուրքիա և Իրան»։ Նման հայտարարություն Փաշինյանը երբևէ չի արել։ Ամեն դեպքում՝ այն մի քանի անգամ շեշտվում էր՝ «հիմնավորելու» համար թողարկման բանախոսների հետագա ասելիքները։
Պարբերաբար հայտարարվում էր, որ Փաշինյանը հեղափոխություն է արել «անգլոսաքսերի» հրահանգով, «Սորոսի» փողերով, Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար և այլն։
Ընթացքում թողարկման փորձագետները պատմում էին Սյունիքում գտնվող «ադրբեջանական վեց գյուղերի» մասին, որոնք իբր պահանջում է Բաքուն (Ադրբեջանը պահանջել է Տավուշի մարզում գտնվող անկլավները, սյունիքյան բնակավայրերի մասին խոսք չի եղել), ՆԱՏՕ-ի զորքերի մասին, որոնք իբր թե Հայաստան են բերվել 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից առաջ (Հայաստանում ՆԱՏՕ-ի զորքեր չկան և չեն եղել, եթե նույնիսկ ենթադրենք, որ ՆԱՏՕ-ի զորքեր ասելով ռուս պրոպագանդիստները նկատի ունեն ԵՄ դիտորդական առաքելությանը՝ վերջինս Հայաստան է եկել սեպտեմբերյան ագրեսիայից հետո, ոչ թե առաջ, այն էլ՝ ՀԱՊԿ-ից հայցված օգնության բացակայության պայմաններում) և այլն, և այլն։ Փաշինյանին մեղադրում էին 44-օրյա պատերազմը հատուկ սադրելու, «մայդան կազմակերպելու», քաղտեխնոլոգիաներով իշխանություն զավթելու և բազմաթիվ այլ բաների մեջ։
Հայաստանի ղեկավարի հասցեին մոտ 50 րոպե վիրավորանքներ, դիագնոզներ, զրպարտանքներ էին հնչում ռուսական պետական հեռուստաալիքով, կեղծ մեջբերումներին, կեղծ փաստերին զուգահեռ՝ իրական փաստերը ներկայացվում էին փոփոխված ժամանակագրությամբ և հիմնականում զրպարտիչ մեկնաբանություններով։