Համայնքների խոշորացման ծրագրից խուսափած ազգային փոքրամասնությունների գյուղերը տնտեսապես անհավասար պայմաններում են հայտնվել։ Եթե խոշորների ռեսուրսները շատացել են, փոքր համայնքների եկամուտները մնացել են նույնը. մինիմալ ծախսերի համար նրանք ստանում են պետական դոտացիա։ Թեև այս դոտացիան կտրուկ աճել է 2023 թվականին, փոքր գյուղերի բնակիչների կյանքի որակը չի լացավել։
2016-ին մշակված համայքների խոշորացման հայեցակարգը հիմնված է «մասշտաբի էֆֆեկտ» (կոչվում է նաև չինական էֆֆեկտ) հասկացության վրա։ Մեծ համայնքում ծառայություններն ավելի արդյունավետ են մատուցվում․ ինչքան շատ է բնակչությունը, այնքան քիչ են կապիտալատար ծառայությունների ծախսերը։ Թափոնների կառավարումը, ջրամատակարարումը, ջրահեռացումը, օրինակ, ավելի էժան է նստում խոշոր համայքներում։ Փոքր են համարվում մինչև 3500 բնակիչ ունեցողները. այստեղ ծառայությունների որակը ավելի թանկ է բարելավվում։
Հայաստանում բոլոր համայնքները խոշորացվել են, բացի 7 գյուղերից։ Դրանք ազգային փոքրամասնությունների՝ ասորիների, եզդիների և մոլոկանների գյուղերն են։ Եզդիականները իրար մոտ լինելու շնորհիվ միացվել են իրար։
Ջրամատակարարման հարցը լուծված չէ եզդիական Առևուտ համայնքի վեց բնակավայրերում, ասորական Արզնիում, մանկապարտեզ չկա մոլոկանների Ֆիոլետովոյում։
Ազգային փոքրամասնությունները դեմ են եղել հայաբնակների հետ միավորվելու գաղափարին։
«Մենք ուզում էինք մնալ անկախ, պահպանել մեր ազգային ինքնությունը։ Դա մեզ համար ավելի կարևոր է, քան թե ունենալ մի հատ ավել տրակտոր», – ասում է Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովան։
Արդարացված մտայնություն կար, որ համայնքի հայ ղեկավարները հավասարապես ուշադրություն չէին դարձնի այլազգիներին, ասում է փորձագետ Վարդինե Գրիգորյանը։ Ֆինանսատնտեսական հարցերը փորձել են լուծել դիմելով սփյուռքին։ Այսպես Վ. Դվինի մանկապարտեզը վերանորոգվել է ասորական սփյուռքի ներդրումներով։ Ֆիոլետովոյի գյուղապետը դիմել է ռուսական Ռոսսոտրուդնիչեստվոյին։
2023 թվականին «Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում» փոփոխություն կատարվեց՝ մեղմելու ստեղծված տնտեսական խտրականությունը։ Փոքր համայնքները ստացան տարեկան 50 միլիոն դրամի դոտացիա, ինչը ամենաքիչը երկու անգամ ավելի բարձր էր նախկինից։ Սա թույլ կտա փոքր համայքներին էլ պետական սուբվենցիայի դիմել։ Մինչ այդ միայն խոշոր համայքները կարող էին համաֆինանսավորմամբ վերանորոգել ենթակառուցվածքները։ Օրինակ, Ֆիոլետովոյում այս տարի կառուցվում է կոյուղի՝ պետության հետ համաֆինանսավորմամբ։
Հիսուն միլիոնը մեծ գումար է։ Այլևս համայնքապետերն ու ավագանիները չեն կարող իրենց բնակիչների բողոքներին պատասխանել, որ դա ազգային ինքնության պահպանման գինն է։ Տեղական ադմինիստրացիաները հիմա աշխատավաձերը բարձրացնելու ռեսուրսներ ունեն։
Ֆինանսական դժվարություններից չեն դժգոհում նաև այլ փոքր գյուղերի գյուղապետերը։ «Երկրի վիճակը հաշվի առնելով՝ ըմբռնում ենք, որ ֆինանսները քիչ են», – արձագանքել է Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Չիչովը։
Արևուտ համայնքի Թլիկ բնակավայի ղեկավար Սլավիկ Սալոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ խմելու ջուր չունեն։ Ջրագծերի մեծ մասը ապամոնտաժվել է 2010-ականներին։ Պատճառը Հայջրմուղի սնանկացումն ու գույքի վաճառքն է։ Այժմ մասնավոր ընկերություն է ցիստերներով ջուր մատակարարում։ «Այսպես մենք մասնավոր ընկերությանը վճարում ենք ամսական 20 հազար դրամ խմելու ջրի համար։ Այդ գինն էլ ուզում են բարձրացնել։ Եթե խողովակներով ջրամատակարարում լիներ, կվճարեինք մաքսիմում 5000 դրամ»։ Գյուզապետի խոսքով, չկան նաև ոռոգման ջրի ենթակառուցվածքներ։ Մասնավոր մի ընկերություն է գետից ջուր մղում։
Սալոյանը հույս չունի, որ պետական ներդրումներ կարվեն։ Ավելի հավանական է համարում, որ հանքաարդյունաբերական ընկերություններ կբացվեն մոտակայքում ու կօգնեն գյուղին ջրագիծ կառուցել։
«Մենք դիմեցինք մարզպետարան, օրինակ, ջրի հարցով։ Արզնիում շատ են ամառանոցները։ Ամառները, երբ դաչնիկները գալիս են, մեր խմելու ջուրը կտրում են։ Պատկերացրեք՝ ամառվա շոգին օրական 1-2 ժամ ենք ջուր ունենում։ Սկսել են ջրագծեր փոխել։ Խոստացել են, որ այս ամառ լավ կլինի»,- ասում է ասորական Արզնի համայնքապետ Ֆելիքս Միրզոևը։
Ըստ փորձագետների՝ ազգային փոքրամասնությունների գյուղերը ուշ թե շուտ իրե՛նք կդիմեն խոշորացվելու համար, բայց պետությունը դա չի ստիպի՝ չմեղադրվելու համար ասիմիլիացիա կազմակերպելու մեջ։