Արարատի մարզի Դիմիտրով համայնքում այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ դպրոցում կրթության որակի ապահովման և դրա՝ ասորիների կարիքներին հնարավորինս համապատասխանեցման շուրջ։
Դպրոցը երկու հատվածից է բաղկացած՝ հայկական և ռուսական։ Հայկական հատվածում սովորում է 329 երեխա, որից 29-ը ասորի են, իսկ ռուսական հատվածում 39 աշակերտ, որից ասորիները 12-ն են։ Ռուսական դպրոցում ասորերենի ուսուցումը պարտադիր առարկայացանկում է, մինչդեռ հայկական հատվածի 29 ասորի երեխաները զրկված են մայրենի լեզով գրաճանաչ դառնալու հնարավորությունից։
«Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Սագարդովա-Գասպարյանը սակայն ավելի շատ մտահոգված է ռուսական դպրոցում որակի անկման խնդրով։ Նա պնդում է, որ դպրոցի ներկայիս տնօրենն միտումնավոր այնպիսի քաղաքականություն է վարում, որը կարող է ի վերջո հասցնել դպրոցի ռուսական հատվածի փակմանը։ Ըստ նրա՝ վերջին տարիներին երեխաների հոսքը ռուսական հատվածից դեպի հայկական պայմանավորված է եղել ռուսական դպրոցի որակի անկմամբ։ Այս միտումը Դիմիտրով գյուղի ասորիներին ուծացման վտանգի առջև է կանգնեցրել։ Ըստ Գասպարյանի՝ ռուսական կրթությունն օգնում է ազգային փոքրամասնությանը չձուլվել հայկական համայնքի հետ, և ռուսական կրթության որակի իջեցումը պետք է դիտարկել որպես ուղղակի հարված ասորի երեխաների կրթության որակին։
«Խարտիան և ՀՀ օրենսդրությունը մեզ թույլ են տալիս ընտրելու մեր ուսուցման լեզուն, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այն, – ասում է Գասպարյանը։ – 2007թ․ զեկույցում ՀՀ կառավարությունը նշում է, որ ռուսական դպրոցը չի աշխատելու երկկոմպլեկտավորված դասարաններով, դասարանները պահպանվելու են անջատ, նույնիսկ եթե մեկ երեխա սովորի այդտեղ, սակայն այսօր իրավիճակն այլ է»։
Դիմիտրովի դպրոցի տնօրեն Քրիստինե Հարությունյանն իր հերթին նշում է, որ ապահովվել են օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր պայմանները, ինքը որևէ հայեցողական որոշում չի կայացրել, որի արդյունքում ասորիների քանակը ռուսական դպրոցում կարող էր նվազել։ Նա դպրոցի տնօրինությունը ստանձնել է 2017թ․, երբ դպրոցն արդեն իսկ երկհամակազմ էր, և այդ ժամանակահատվածում որևէ երեխա ռուսական դպրոցից չի տեղափոխվել հայկական հատված։
«Ռուսական դպրոցում ունենք 7 դասարան կոմպլեկտավորված, 2-ն առանձին՝ 12-ներն ու 9-ները։ Ի դեպ, նշեմ, որ 12-ում ընդամենը մեկ աշակերտ ունենք և դրա համար մենք ամբողջ տարվա բյուջեից հատկացում ենք կատարել, այդ երեխային անգամ հայկականի հետ չենք կոմպլեկտավորել, չնայած նրանք նույն առարկաներն էին անցնում կարելի էր նաև համատեղել»։
Հարությունյանը նկատում է, որ երկ- և նույնիսկ եռահամակազմ դասարաններն այսօր ողջ հանրապետության տարածքում եզակի երևույթներ չեն․ ՀՀ-ում այդպիսի 256 դպրոց կա։ Դա հետևանք է աշակերտների թվի նվազման, ինչը հաշվի առնելով դպրոցների ֆինանսավորումը աշակերտների թվին համապատասխան է իրականացվում։ Կառավարությունն է նման որոշում կայացրել, իսկ դպրոցի տնօրենը պարտավոր է կատարել այդ որոշումը։ Հարությունյանը ասում է, որ Վերին Դվին գյուղում, որտեղ ասորիներ կան, դպրոցն ևս երկու հատվածից է բաղկացած, և այստեղ երկհամակազմ է հայկական հատվածը։
Դպրոցի փոխտնօրեն Նարինե Մխիթարյանն նշել է, որ հայկական հատվածում սովորող ասորի երեխաների մեծ մասի ծնողներից մեկը՝ հիմնականում մայրը, հայ է, և երեխային հայկական դպրոց են բերում, որպեսզի մայրը կարողանա երեխային օգնել տանը։ Ըստ նրա՝ ուսուցիչների մասով ռուսական դպրոցը խնդիր չունի, սակայն «մի փոքրիկ խնդիր կա» դասագրքերի մասով։ Նա նշում է, որ իրենք բազմաթիվ անգամ ահազանգել են նախարարությանը ռուսական դպրոցի դասագրքերի պակասի մասին, սակայն արդյունքների չեն հասել, եղածն էլ որպես նվիրատվություն ստացել են ԱՊՀ-ի, համաքաղաքացիների և հումանիտար ոլորտի գործերով Ռուսաստանի դաշնային՝ Россотрудничество գործակալությունից։
«Մենք ստացել ենք ՌԴ-ից դասագրքերը որպես օգնություն, շատ վաղուց էր դա։ Դրանից հետո մենք դիմել ենք բազմիցս, բայց դեռևս ոչ մի փոփոխություն չկա։ Մեզ ուղարկված դասագրեքերի առաջին խմբաքանակը շատ քիչ էր՝ 4-5 դասագիրք, մենք ավել չէինք էլ կարող պահանջել, որովհետև դա նվիրատվություն էր»։
Դպրոցի ուսուցիչները, խոսելով ռուսական դպրոցի խնդիրների մասին, նշեցին, որ ՀՀ կառավարությունը ռուսական դպրոցների համար առարկայական դասագրքերը չի թարգմանել, և դրանք դասավանդվում են ՌԴ դպրոցների համար մշակված դասագրքերով, մինչդեռ վերջիններս չեն համապատասխանում ՀՀ հանրակրթական դպրոցների համար մշակված դասագրքերի բովանդակությանը։ Եվ թեև գլխավոր թերությունը՝ ռուսական դպրոցների համար քննաթերթիկների ռուսերեն լեզվով առկա չլինելն այս տարի շտկվել է։
Ուսուցիչները դասագրքերի պակասն ամեն կերպ փորձում են լրացնել՝ այլ աղբյուրներից նյութեր գտելով․ շատ հաճախ ուսումնական նյութը տրամադրվում է համացանցից։ Հայկական կրթությամբ ուսուցիչները ջանք ու եռանդ չեն թափում դասերը ռուսերեն լեզվով պատշաճ անցկացնելու համար։
Փոխտնօրեն Մխիթարյանի հավաստմամբ դասագրքերի հարցով դարձյալ դիմել են նախարարություն և հավանաբար դարձյալ պետք է փորձեն կապ հաստատել Россотрудничество-ի հետ, որպեսզի նոր ուսումնական տարում երեխաները ապահովված լինեն նոր դասագրքերով՝ հավանաբար դարձյալ մշակված ռուսաստանյան դպրոցների համար։ Իսկ ՀՀ հանրակրթական ուսումնական ծրագրերին համապատասխան ռուսերեն լեզվով դասագրքերի հարցը եկող ուսումնական տարում առայժմ կմնա բաց։
Իրինա Գասպարյանը շեշտում է, որ ռուսական կրթության ապահովումը չափազանց կարևոր է ասորիների ազգապահպանման համար․ այն միջազգային լեզու, և ասորերենին զուգահեռ նաև օգնում է կապ պահպանել աշխարհի ասորիների հետ, ուստի Հայաստանի իշխանություններին հորդորում է միջոցներ ձեռնարկել Դիմիտրով գյուղում ռուսական դպրոցի կողմից կրթության որակի պատշաճ մակարդակն ապահովելու համար։
Տնօրեն Հարությունյանը նշում է, որ ջանեքեր գործադրվում են նաև այդ ուղղությամբ, սակայն ռուսական դպրոցին վերաբերող բոլոր պահանջները բավարարելու դեպքում անգամ, ասորի երեխաների հոսք հայկական հատվածից դեպի ռուսական հազիվ թե նկատվի՝ հաշվի առնելով այն, որ նրանցից շատերը խառը ամուսնություններից ծնված երեխաներ են, և դպրոցի ընտրությունը պայմանավորված չէ ռուսականի ցածր որակով, այլ ծնողներից մյուսի ազգությամբ։
Հարությունյանը նշում է, որ խնդիրը կարելի է հեշտ լուծել հայկական հատվածում սովորող երեխաների համար ասորերեն լեզվի խմբակ բացելով։ Սակայն Սագրադովա-Գասպարյանը համաձայն չէ այդ լուծման հետ։ Նա գտնում է, որ լեզվի խմբակ բացելով խնդիրը չի լուծվի, այլ միայն ավելի կխորանա, քանի որ առկա խնդիրներով ռուսական դպրոցից դեպի հայկական հատված հոսքը կշարունակի մեծանալ։ Նա Դիմիտրով գյուղի դպրոցի խնդիրների լուծման հիմքում է դնում ռուսական դպրոցում կրթության պատշաճ որակի ապահովումը՝ առանձնացված դասարաններով, ռուսերենի իմացությամբ առարկայական մասնագետների ներկայությամբ ու երեխաներին պատշաճ որակի դասագրքեր ապահովվելով։
Մարիամ Չախոյան, Թեհմինե Ենոքյան
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները: