հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / «Հոկտեմբերի 27» գործը փակ չէ․ մինչդեռ հանկարծամահ է եղել ևս մեկ դերակատար

«Հոկտեմբերի 27» գործը փակ չէ․ մինչդեռ հանկարծամահ է եղել ևս մեկ դերակատար

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացել է Հոկտեմբերի 27 գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանը, նախնական վարկածով՝ սրտի կաթվածից:

20 տարվա ազատազրկումից հետո Կնյազյանը մի քանի անգամ դիմել էր ներման խնդրանքով, վերջինը՝ այս տարվա հունիսին: Դատարանը մերժել էր։ Նուբարաշենից փոխանցել են՝ դատապարտյալը մահացել է երկու օր առաջ իր բանտախցում։

«Ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին ժամը 19:05-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, ժամը 19:35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է ցմահ դատապարտյալի կենսաբանական մահը», – ասել է բանտի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:

65-ամյա Կնյազյանը Նաիրի Հունանյանի զինված խմբի անդամներից էր։ 25 տարի առաջ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, խումբը ներխուժել էր Ազգային ժողով ու սպանել վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին։ Եվս 8 հոգի վիրավորվել էին:

Ըստ մեղադրական եզրակացության, հենց Կնյազյանի մեքենայով են խմբի մի քանի անդամներ հասել Ազգային ժողով: Նա, ըստ զոհված Յուրի Բախշյանի կնոջ՝ Անահիտ Բախշյանի ցուցմունքի, ահաբեկչական խմբի առաջնորդ Նաիրի Հունանյանի և նրա եղբոր՝ Կարեն Հունանյանի ընկերն է եղել:

«Իր մեքենայով էդ տեռորիստներին բերել էր Ազգային ժողով: Կարծիք կար, որ իր մեքենայով են զենքերը բերել, չնայած ինքը դա հերքում էր: Դատարանը այդպես էլ մինչև վերջ չբացահայտեց, թե զենքը ինչպես հասավ դահլիճ», – «Ազատությանը» ասել է Անահիտ Բախշյանը:

Ահաբեկչության գործով ցմահ դատապարտված 6 մեղադրյալներից 3-ն արդեն մահացել են:

Հունանյանների քեռուն՝ Վռամ Գալստյանին, 20 տարի առաջ Նուբարաշենի մեկուսարանում հայտնաբերել են կախված: Համլետ Ստեփանյանը, ըստ պաշտոնական վարկածի, հանկարծամահ է եղել 2010 թվականին: Բանտախցում հիվանդությունից մահացել է նաև Էդուարդ Գրիգորյանը, որը մահվանից առաջ նա խոստանում էր աղմկահարույց բացահայտումներ անել։ 2004-ին ավտովթարից հետո ուշքի չգալով մահացել է գործով կալանավորված, ապա ազատ արձակված Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Գործով անցնող վկա, ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը մահացել է նույն թվականին Միացյալ Նահանգներում՝ կրկին ավտովթարից: Մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակցուհի Հասմիկ Աբրահամյանը, նույն 2004-ին ինքնասպան է եղել անմիջապես Ազգային ժողովի շենքում:

Զոհվածների իրավահաջորդների գնահատմամբ՝ գործը մինչև հիմա չի բացահայտվել, երկրի բարձրագույն ղեկավարության զանգվածային սպանդը վերագրվել է մի խումբ մարդկանց՝ նախկին լրագրող, նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանի, նրա ընկերների և ազգականների անձնական նախաձեռնությանը։ Ենթադրյալ պատվիրատուներն ու կազմակերպիչները հայտնի չեն։ Պարզ չէ նաև՝ ինչպես է զինված խմբին հաջողվել հասնել Ազգային ժողովի դահլիճ և գնդակահարել կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներին։

2000-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, Հոկտեմբերի 27-ի գործով մաս էր անջատվել։ Նոր քննությունը պետք է պարզեր հնարավոր մասնակիցների, դրդիչների, կազմակերպիչների շրջանակը։ Քոչարյանն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենազանգվածային ահաբեկչությունը «ուչաստկովու գործ» և «հեղաշրջման փորձ» էր որակել։ 4 տարի շարունակված քննությունը ավարտվել էր անարդյունք։

2018-ի հեղափոխությունից մեկ տարի անց Անահիտ Բախշյանի պահանջով գործը վերաբացվել էր, նոր քննություն էր սկսվել, բայց մինչև հիմա էլ որևէ նորություն չկա։ Քննչականից ասում են, թե նախաքննությունը շարունակվում է։

2021-ի արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատասխանի է կանչելու թե՛ Մարտի 1-ի ոճրագործության հեղինակներին և թե՛ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին։ «Բա Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, էկեք պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի մասին, էկեք պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ ա էղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու ա և զենքով գնդակահարելու ա ժողովրդի առաջնորդներին», – հայտարարել էր Փաշինյանը:

Արդյոք Քոչարյանը կամ Սարգսյանը, որն այն ժամանակ Հայաստանի ԱԱԾ պետի պաշտոնն էր զբաղեցնում, հարցաքննվել են վերաբացված գործի շրջանակներում՝ հայտնի չէ։ Ոչ ոք մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել։ Քննչականից ասում են՝ քննությունը շարունակվում է։