Ոչ մարտական պայմաններում մահացել է զինծառայող Էդգար Ալեքսանյանը։ Տարվա սկզբից սա թվով 23-րդ մահն է բանակում։
«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով», – հաղորդել է Պաշտպանության նախարարությունը։
Ավելի ուշ Քննչականից տեղեկացրել են՝ իրենք հաղորդում են ստացել այն մասին, որ «հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով»:
Դեպքի վայրի զննության արդյունքում Սիսիանի Քննչական բաժնի քննիչները դիակի կզակի շրջանում հայտնաբերել են հրազենային վնասվածք: Ըստ ՔԿ-ի, բռնության այլ հետքեր չեն արձանագրվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Տարեսկզբից հայկական բանակում առնվազն 23 զինծառայող է մահացել։ Նրանցից առնվազն 18-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում։
Մահերից 3-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել Դանիելյան, Արտակ Ավալյան, Սարգիս Խաչատրյան), 5-ը՝ սպանություն (Ավագ Զաքարյան, Գոռ Ասատրյան, Կարեն Կարապետյան, Արմեն Գասպարյան և Դավիթ Ներսիսյան), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 5-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 1-ի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի), 2-ը՝ ինքնաթիռի վթար։
Հուլիսի 11-ին ավտովթարից նաև երկու զորացրված զինծառայողներ են զոհվել․ քանի որ նրանք բանակից տուն էին վերադառնում քաղաքացիական տաքսիով, պաշտպանության նախարարությունը սա ծառայության հետ կապ չունեցող դեպք է որակել և բացառել վիճակագրությունից։
Վերջին տարիներին բանակային միջադեպերի թիվը միայն աճում է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։ Իրավապաշտպանները սա պատճառաբանում են բարձիթողի վիճակով, ոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ