հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Ռոբերտ Քոչարյանը և հանցակիցները չեն ազատազրկվի

Ռոբերտ Քոչարյանը և հանցակիցները չեն ազատազրկվի

Մարտի 1-ի գործով արդարացումից մոտ երեք տարի անց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը կրկին դատարանի առջև կկանգնեն։

Վճռաբեկ դատարանն օրեր առաջ բեկանել է դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

Մինչ այս նախկին պաշտոնյաները, որոնց օրոք ցուցարարների դեմ բանակ է հանվել և առնվազն 10 մարդ սպանվել ինքնաբուխ հանրահավաքին, մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Իրավական բարդ մանյովրների հետևանքով այս մեղադրանքը փչվեց․ Սահմանադրական դատարանը մեղսագրվող հոդվածը համարեց Մայր օրենքին հակասող, դատավոր Աննա Դանիբեկյանն էլ, որի օրոք քննությունը վերածվել էր կրկնվող և ֆորմալ միջնորդությունների ուսումնասիրության, արդարացրեց ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Բարձր դատարանի որոշումը:

Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը՝ եթե հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, դա դեռ չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին ղեկավարների պատասխանատվությունը։ Վճռաբեկ դատարանն ի վերջո եզրահանգել էր՝ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո քրեական հետապնդումը դադարեցնելը օրենքի խախտում էր և դատական սխալ։ Վճռաբեկի եզրակացության համաձայն՝ նախքան խորհրդակցական սենյակ մտնելը դատավորը պետք է դատախազներին հնարավորություն տար վերաորակել ամբաստանյալների արարքը։

Գլխավոր դատախազությունը հիմա հայտարարում է, թե գործի քննությունը սկսում են զրոյից։ Ըստ ամենայնի, նախկին նախագահին և նրա նախկին ենթականերին նոր մեղադրանք կառաջադրվի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Սա ավելի մեղմ հոդված է։ Անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում նրանցից ոչ ոք չի ազատազրկվի։ Վաղեմության ժամկետն արդեն անցել է։