90-ականներին տանը կատակում էին՝ կարող եք համարել, որ վճարովի դպրոցում եք սովորում։ Հատակը մաքրելու մածիկը, պատուհանների ցելոֆանը, կավիճը ու շատ այլ բաներ ծնողներն էին գնում։ Այժմ ծախսերը, մեղմ ասած, չեն կրճատվել։ Դպրոցում շրջանառվող գումարների ու այլ հարցերի շուրջ զրուցել ենք երևանյան աշակերտների ծնողների հետ։
– Սեպտեմբերին տղայիս դասարանից (6-ում է սովորում), տետրի նկար են ուղարկել, մեջը հավաքվող գումարներն են նշվում․ ամեն ամիս 500-1000 դրամ կասսա են հավաքում՝ այլ ծախսերի համար․ ուսուցչի ծնունդ ա, բան ա։
– Հավաքարարի համար 3000 դրամ ես տալիս, որ երկուսի փոխարեն երեք անգամ մտնի դասարան։
– Մեր երեխու դասարանում հերթապահության օրեր կան։ Ամեն օր երկու աշակերտ մնում, իրենց հետևից հավաքում են։ Ես չգիտեմ՝ հավաքարարը ի՞նչ ա էնտեղ անում։
– Հավաքարարը պետությունից աշխատավարձ ա ստանում․․․ Ինչի՞ համար փող տաս, որ դասարանը մաքրի։ Մեզ էլ ասվում ա՝ մաքրության փող ա, ծնողներ ջան, եթե չեք ուզում տաք, եկեք դուք մաքրեք։
– Զուգարանից բա ինչ հոտ ա գալիս․․․ Էլ ի՞նչ հավաքարարի վճար եք տալիս, եթե զուգարանի հոտից դպրոց չես կարողանում մտնես։ Էն օրն էի հարցրել․ եթե մի երկու լիտր ժավել բերեմ, կարա՞ս ստեղարանք ցբխես, թե՞ ես գամ անեմ։
– Բայց, տես, եթե 30 հոգուց 1000 դրամ ես հավաքում, երեքը տալիս հավաքարարին, ի՞նչ ա լինում 27 հազարը, ի՞նչ այլ ծախսեր, եթե նույնիսկ կավիճն ենք մենք առնում։
– Չէ, մեզ մոտ կավիճ չէ, բայց պատուհանագոգի կպչուն ժապավեն են կպցրել, հատուկ լամպոչկեք են դրել, դուռ պիտի փոխեն․․․
– Հա, բայց դա հո ամեն ամիս չի արվում։
– Ու հետաքրքիրն էն ա, որ էս ամենը ծնողների վրա ա։
– Դռան բռնակը չի աշխատում՝ մենք ենք փոխում։ Կառնիզներ առնելը, վարագույր լվանալը, բերել-կախելը․․․ Ներկ առեք՝ նստարանները ներկեք, բայց էն դպրոցն ա, որ մտնես՝ պայթած ա, ոչ վերանորոգված ա, ոչ էլ, բայց դասարանը պիտի անես։ Այսինքն ամեն դասարանի ծնողների հաշվին ա շենքը բարվոք վիճակի բերվում։
– Իմ առաջին դասարանցի երեխեն ասել ա, որ դասատուն հարցրել էր՝ ո՞վ ա մոտիկ ապրում, որ կարողանա գալ, ծնողկոմիտեների ժողովներին մասնակցել մինչև ծնողկոմիտե ընտրենք․․․ Ես էլ ասեցի՝ լավ, ես կգամ, ու ինձ համ էլ հետաքրքիր էր եղել դպրոցի նիստուկացը։ Ժողովը սկսվեց նրանից, որ ծնողները տեսախցիկներ պետք է պատվիրեն․ մարդա 2000 դրամ հավաքեն։ Երեսուն հոգին ստացվում ա 60 հազար․․․ Տեսախցիկների հարցը ընդհանուր 2 միլիոն քանի ա՝ հա՛մ դրսում, հա՛մ ներսը․․․
– Բայց տնօրենը թողնո՞ւմ ա։ Մերը չի՛ թողնում, ասում ա՝ ես ձեզ արգելում եմ մեզ վրա կամեռա դնեք, դասատուները չե՞ն կարա ազատ շունչ քաշեն։
– Չէ, մեր մոտ տնօրենն ա հենց ասել․ որ իմանաք՝ ձեր երեխեքը ինչով են զբաղվում։
– Մեզ ասել էին՝ դասարանում մի երկու հատ տեսախցիկ կա, եկեք դուք փող հավաքեք՝ միջանցքում, դուրսը դրեք, որ մեզանից ձեր երեխեքի անվտանգությունը չպահանջեք։ Դեպք ա եղել, որ երեխուն զուգարանում են նվաստացրել։ Դե, մնաց՝ զուգարանակոնքի մոտ էլ տեղադրեն․․․ Կարգուկանոնը հո դպրոցը փակելով, ծնողին ներս չթողնելով չի։
– Օրինակ, Ղարաբաղում, եթե երեխեդ հետ էր մնում, չարություն էր անում, թույլ էին տալիս գնաս, դասին նստես։ Ստեղ արդեն քանի դպրոցների հետ ենք առնչվել, ասում եմ՝ կարելի՞ ա գամ, նստեմ իմ էրեխու դասին։ Ասել են՝ չէ, իրավունք չունես։ Ոչ մի ծնողի ներս չեն թողնում։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ են թաքցնում։ Օրինակ, երեխեքը ասում են, որ դասատուն իրանց անտեղի կոպտում ա, ասում ա «անդաստիարակ», «էշի լակոտ», դասատուն էլ ասում ա՝ նման բան չի եղել։ Մենք էլ առաջարկում ենք կամեռա դնենք, պատասխանում են՝ մե՞զ վրա եք կամեռա դնում․․․ Է հա՛, բա ո՞ւմ։
– Ասվում ա՝ դասատուի համար նվեր առնենք․․․ պարտադիր չի, ծնողներ ջան, ով ուզում ա՝ թող մասնակցի։ Բայց հետո, երբ գումարը չի հավաքվում, հարյուր անգամ անձնական նամակով գրում ա՝ ե՞ս պիտի ջեբիցս դնեմ։ Ես էլ հիշեցնում եմ՝ բայց դա պարտադիր չէր, չէ՞։ Ամեն տոնին նվեր՝ ուսուցչի տոն ա, ծնունդ ա, մարտի 8 ա․․․
– Ուսուցչուհու ծնունդն ա՝ 30 հազար դրամ գումարած քաղցր, գումարած ծաղկեփունջ։
– 30-ը լավ ես ասում։ Մեզ մոտ 40-ից պակաս չի եղել։
– Ծնողական ժողովին քաղցրը պարտադիր ա․․․ Մոտս շոկ էր, որ ծնողական ժողովին բոլորը տոպրակներով էին եկել, ոնց որ հյուր ես գնում՝ սրճելու։ Ես էլ գործից եմ վազելով գնում, արդեն ամաչում էի։ Առաջարկեցի՝ ծնողներ ջան, կլինի՞, որ քաղցրով գալիս եք, դասարանի անունից մի հատ առնենք, տեղում մի 500 գցվենք։
– Տես, էս տետրի նկարը․ գրված ա՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։ Ու ինչի փող․ ծնունդ, նոր տարի, կամեռա, ռեմոնտ։ 5000 դրամ ռեմոնտի փող։ Ինձ էլ ասել են՝ դուք կարաք ամենասկզբից 14 հազար տաք ու մինչև հունվար ազատ եք։
– Առաջին դասարանցիների մոտ տոնածառի հարց կա, խաղալիքների կեսը առնում են, կեսը տներից բերում։ Տոնածառը պիտի մինչև 4-րդ դասարանը ծառայեր․․․ Հիմա տղուս դասարանի անցած տարվա տոնածառը «կորել ա», նորից պիտի առնեն, ինչ ա՝ 5-րդ դասարան ա։
– Կրթության նախարարությունը ամեն դասարանին թանգարաններ այցելելու համար տոմսեր էր տրամադրել, մեր դասարանում մեկը բաց թողեցին, չգնացին, բայց ամռանը դասղեկը ինչ-որ էքսկուրսիա, լողավազան կազմակերպեց՝ արդեն գումարով։ Թանգարանը բաց են թողել, բայց լողավազանի համար գումար են հավաքել։
– Էս տարի մանկական ինչ-որ սրճարան պիտի գնայինք՝ մարդա 5900-ից էր սկսվում փաթեթը։ Եթե ծնողն էլ ա գնում, երկու անգամ ավել։
– Մենք էսօր պիտի գնանք՝ 5500 դրամ։ Դասարանում ոչ մի բան չարեցին․ տոնածառ դրեցին, ուսուցչուհուն նվեր, բան, վաղն էլ գնալու ենք թատրոն։ Ծնողների մի մասը ասել էր՝ ինչի՞ պիտի համ թատրոն գնանք, համ կաֆե․․․ Եթե մի երեխուց ավել ունես, շատ դժվար ա․ մեկը առաջին դասարանում ա, մյուսը՝ հինգերորդ, ինըերորդ, ուսանող։ Բարդ ա։
– Գաղտնի Սանտա էլ են խաղում․․․ Իրար նվերներ են նվիրում՝ էլի փող ա։
– Ես առաջարկել էի քաղցրավենիքի տոպրակ հավաքենք, աշխորհուրդը Ձմեռ Պապիկի այց ա կազմակերպել։ Էրեխեն ի՞նչ ա սպասում՝ Ձմեռ Պապ, կոնֆետ, իրան շա՞տ ա պետք՝ սրճարան ես տանում։ Տղես ասում ա՝ Ձմեռ Պապը եկավ, բայց նվեր չբերեց։
– Երբ ծնողական ժողովի ժամանակ մեկը հարցնում ա՝ էս ինչ գումարն ինչի՞ համար ա, փոխանակ ծնողկոմիտեն հանգիստ պատասխանի, վրդովվում ա՝ «դե, վերցրե՛ք, ես հրաժարվում եմ»։ Ես քեզ հո չեմ մեղադրում, որ քեզ ես վերցնում գումարը, ես ուզում եմ իմանալ՝ ինչի՞ համար եմ փող տալիս, ու ուզո՞ւմ եմ մասնակցել, թե՞ չէ։ Դա պարտադրովի չի։ Դու ինձ մի պարտադրի։ Բայց ով խոսեց, դրան թարս են նայում։ Հիմնականում էնքան շատ ա հավաքվում, որ նույն էդ ծնողը կարա հանգիստ իր փայը չդնի էլ։
– Ծնողկոմիտե կա, հայտարարում ա՝ ֆոնդում էսքան կա, նախորդ ամսից X գումարը մնաց։ Ու մեկ ա՝ ամեն ամիս տալիս ենք։ Մարդ կա՝ նվերը նկարում, ուղարկում ա, չեկը ուղարկում ա, ցուցակով ամեն ինչ ցույց ա տալիս․․․ Մի անգամ թանկանոց պայուսակ էր առել, չեկը ցույց տվեց։ Հաջորդ տոնին նույն ֆիրմայի դրամապանակ առավ։
– Կամ նվերը առել, տվել ա, հետո սկսում ա փող հավաքելը։ Դու ոչ չեկ ես ցույց տվել, ոչ նվերի մասին ենք տեղյակ։
– Ու ստացվում ա՝ նորմալ ա, եթե սովորական տոներին 40 հազար են նվիրում, իսկ վերջին զանգին՝ տնօրենին ու դասղեկին 200 ու 100 հազար։
– Մեզ մոտ տնօրենին 300 հազար, դասղեկին՝ 200 հազար։ Քննարկում էինք ոսկյա զարդ նվիրել, որ հիշատակ մնա, ասեցին՝ չէ, ծրարի մեջ գումար պիտի տանք։ Ուրեմն, պայմանավորվածություն կա, չէ՞։ Դե, եթե տենց ա, ես պատրաստ եմ մուծել, մեկ ա տալիս եմ էդ փողը․․․ Եթե տալիս եմ, երեխես էլ դպրոցից հետո քոլեջ պիտի գնա, մաթեմից ու ֆիզիկայից շատ լավ ա, մնացած առարկաները 6 են դնում, թող ինձ էլ ընդառաջեն, 7 դնեն, որ քոլեջում անվճար սովորի։ Բայց մենակ գումարը հավաքողի երեխուն են «տարբերում»։ Իմ երեխուն էլ մաթեմը միշտ 7 ա դնում, ինչ ա՝ ուրիշ դպրոցի ուսուչցուհու հետ ա պարապում։ Հենց դասղեկը տղուս գնահատականները ինադու ցածրացնում ա։ Վերջերս ստուգողական էին գրել, 8 էր ստացել, բայց ասում ա, որ կողքը նստած աղջիկը նույն բանը գրելով 9 ա ստանում, ինձ 8 ա դնում, 7 ա դնում։ Բաներ կան, որոնց մասին ես չեմ կարող գնալ, դպրոցում խոսել, որովհետև եթե տեղում հասկանամ, որ տակը փողի թեմա ա, ես ի վիճակի չեմ լինի էդ փողը տալ։
– Ես մի անգամ հարցրեցի՝ էդ ծրարով փող տալը կաշառք չի՞ համարվում, ո՞նց եք տալիս։ Մենք, ասում ա, տալուց նշում ենք՝ սա դպրոցին նվիրատվություն ա։
– Ծնողկոմիտեներում ինչ-որ շերտ կա, որ երբ իրանք իրար մեջ ինչ-որ բան են պայմանավորվում, դու ինչքան էլ կողքից բողոքես կամ առաջարկություն անես, քեզ լսել չեն ուզում։
– Ծնողական ժողովներից մեկի ժամանակ ծնողներով բան ենք որոշում, դասղեկին խնդրել էին, դուրս էր եկել, ու ծնողներից մեկը՝ թուղթը ձեռքին, դուրս էր եկել մեջտեղ, թե՝ անցած տարի երեխես էս նույն դպրոցն էր ավարտել, պիտի ա՛յ սենց, սենց, սենց լինի․․․ Բայց կարող ա էս մի դասարանը չպիտի տենց անի, ինչի՞ ես թելադրում։ «Ծնողներ ջան, էսի վերջին զանգին պարտադիր ա․ զարդարանքը, փուչիկը՝ դպրոցի ներսը, բակը, դահլիճը, դասարանը․․․»։
– Մեզ մոտ մենակ փուչիկին 120 հազար դրամ են տվել։ Դիզայներ ա սարքել․․․
– Մեզ էլ էին ասել, որ ամեն ամիս պիտի փոխանցումն անենք։ Մայիսին մարդա 200-250 հազար ա ստացվում․․․ Ասենք՝ հարսանիքի փող ա։
– Մեր երեխեքը երեք տարբեր դպրոցներում էին սովորում․ ամեն տեղ նույնն էր։
– Ծնող կա, զանգում ա նախարարություն, բողոքում, մեկ էլ ընդհանուր չատում կգրեն․ դասատուները տանջվում են մեր երեխաների համար, չե՞ն ամաչում՝ զանգում են, արժանի են, մի փոքր բան ա՝ անում ենք․․․
– Կոնկրետ մեր դպրոցը շատ բողոքներ ա ստանում, զուգարանում ծխել կա, կարգապահության հետ կապված բողոքները շատ են։ Տնօրենը ձայնային ա ուղարկում, ծնողները չատերում տարածում են ու որոշ ժամանակով փող հավաքելը, նվերները դադարեցնում են, հետո մի քանի ամիս անց վերսկսում։ Նույնիսկ եղել էր՝ նվերի փողը հավաքված էր, ուսուցչուհին ասել էր «ինձ քաքի մեջ չգցեք՝ նվեր չբերեք, ոչ էլ ծաղիկ»։ Ու ես հիշում եմ՝ ծնողները դրանք տարել էին ուսուցչուհու տուն։
– Տնօրենը ընդհանուր ժողովին ասել էր՝ մեր դպրոցի վերանորոգման համար գումար չի հատկացվում, ամեն դասարան թող դասարանը կահավորի․․․ Ասել էր, թե պահարանները քիչ են, ու մենք պատվիրել էինք։
– Պահարանի գները 40 հազարից են սկսվում՝ ամենաքիչը։
– Հեռախոսները հավաքում են օրվա սկզբում, տուն գնալուց էլ տուփից հանում, վերադարձնում։ Երեխաների հեռախոսների ապահովության համար սեյֆի նման բան ենք առել։
– Ծնողներից շատերը ինչի՞ չեն էլ գնում ծնողական ժողովի, որովհետև պիտի փողով գնաս․ միանգամից սկսում են հավաքել։ «Դուք տվե՞լ եք, դուք տվե՞լ եք»։