Կառավարությունը որոշել է 16 տարեկանը լրացած բոլոր տղաների առողջական վիճակը արձանագրել թվային համակարգով։ Նպատակը՝ հայտնաբերել նրանց իրական հիվանդությունները, ստիպել բուժվել մինչև զորակոչվելը։
«Մենք գիտենք, որ զինակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս», – հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ մեղադրելով մարդկանց բանակից խուսափելու մեջ։
Ըստ պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ թվայինի շնորհիվ զինակոչիկները կրկնակի փորձաքննության չեն ուղարկվի, նոր համակարգը միանգամից կսահմանի անհրաժեշտ բոլոր ստուգումների շրջանակը։ Ընթացիկ զորակոչի ժամանակ կրկնակի փորձաքննություն է պահանջել 1800-ից ավել զորակոչիկ։
«Կատարվող փոփոխությունները նաև հնարավորություն կընձեռեն մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները, նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ունենալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ բժշկական հետազոտությունների հետագծելիությունը, որը ամենակարևոր հանգամանքներից մեկն է», – ասել է Պապիկյանը։ Հետագծելիությունը, ըստ նրա, թույլ կտա բացահայտել կեղծիքները։
Փաշինյանը 10-ից ավել րոպե խոսացել է այն մասին, որ ամեն զորակոչի ժամանակ ազգը հանկարծակի հիվանդանում է, որ ծնողները պատրաստ են ցանկացած կեղծիքի՝ տղային բանակից ազատելու համար, ինչից վարչապետը ենթադրել է, որ հայերը արական սեռի մարդկանց բամբակի մեջ են մեծացնում, երես են տալիս և դարձնում ավելի անմրցունակ, քան աղջիկներն են։ Նույնիսկ պատերազմի ժամանակ տեղի ունեցածն է նա կապել այս մշակույթի, ոչ թե իր ղեկավարած համակարգի սնանկության հետ։
Սա հիվանդներին բանակ տանելու առաջին որոշումը չէ։ Անցյալ տարի նախ կրճատվել է պարտադիր զինծառայություններից ազատվող հիվանդությունների ցանկը, ապա սահմանափակվել է տարկետում ստանալու հնարավորությունը։ Երեկ՝ 2024 թվականը ամփոփող ասուլիսին, Պապիկյանն իր ձեռքբերումները թվարկելիս նշել է, որ այդ որոշումներով ⅕-ով աճել է ամառային զորակոչի մասնակիցների թիվը։
Զինվորագրվածներին ՊՆ-ն հաշվում է, բանակում մահացածներին՝ ոչ։ Պապիկյանը բանակային մահերից խոսելիս իր մասնակի պատասխանատվությունն ընդունում է միայն սպանությունների և ինքնասպանությունների դեպքերում։ Իսկ առողջական պաճառներով մահերում՝ ոչ։
Անցյալ տարի մեկ զինծառայող շարքում կանգնած է հանկարծամահ եղել։ Նրա համագյուղացիների տվյալներով, տղան տրոմբ ուներ, բանակ տանելուց առաջ նրան ոչ ոք նորմալ չի զննել։ Նորակոչիկներից մեկն էլ մահացել է զորակոչային ստուգումների ընթացքում․ սիրտը չի դիմացել զինկոմիսարիատի պարտադրած հերթական պրոցեդուրային։
Իրավապաշտպանները կարծում են, որ վերջին բարեփոխումներից հետո այսպիսի խնդիրները միայն շատանալու են, տուժելու նախ և առաջ հիվանդները։ Բայց իշխանությունները ավելի հետաքրքրված են մարդաքանակ ապահովելով։ Արդեն մի տարի է Փաշինյանը պարբերաբար բողոքում է՝ տպավորություն է, թե ամբողջ ազգը հիվանդ է։ Նրա թիմակիցները թվեր են հրապարակում․ 2010-ին Հայաստանից զորակոչվել է 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դառնալով 24 հազար։