Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ կլինի համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, եթե վերջինս կարողանա ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի տիրապետությունից, ով մի քանի տարում Հայաստանին ավելի շատ վնաս է հասցրել, քան Օսմանյան Թուրքիան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա` Կոնգրեսը պայքարում է ոչ թե դեմ, այլ հանուն, և բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են կերտել ժողովրդավարական Հայաստան, կարող են միանալ իրենց պայքարին:
Շահնազարյանի խոսքով` ՀԱԿ-ի հետ համագործակցելու համար ԲՀԿ-ն պետք է, նախևառաջ, դավանի այն արժեքային համակարգը, որը դավանում է ՀԱԿ-ը` տա 2008թ. ընտրությունների և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գնահատականը:
Շահնազարյանը, այնուամենայնիվ, կասկած է հայտնել, որ ԲՀԿ-ն պատրաստ կլինի դրան:
ՀԱԿ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ փետրվար-մարտ ամիսներին իրենք պատրաստվում, են ակտիվ միջոցառումեր անցկացնել և պահանջը կրկին լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Արաբական սցենարի հավանականությունը Շահնազարյանը հերթական անգամ բացառել է: