Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերության դադարեցված չվերթները վերսկսվել են: Դրանք առայժմ կշարունակվեն մինչև երեքշաբթի: Այս պահին ընկերությունը շարունակում է բանակցել «Զվարթնոց» օդանավակայանի հետ սակագների շուրջ: Ինչպես նշված է «Արմավիայի» հաղորդագրության մեջ, ընկերությունն ակնկալում է, որ «Զվարթնոցը», որպես ազգային ավիափոխադրողի, զեղչեր կտրամադրի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Զվարթնոցը» տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ««Արմավիա» ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է ընկերության կողմից տրամադրված հատուկ սակագներից»:
Բացի դա, «Զվարթնոցն» ընդգծել էր, որ, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք: