Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրվելու մտադրություն ունի «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը նշում է, որ ավելի վաղ առաջադրվելու մասին հայտարարել էր նրա ամուսինը՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, ով այժմ պատրաստվում է աջակցել կնոջը։ Այս ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանն է, իսկ ԲՀԿ-ն պաշտպանելու է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին։
«Հրապարակի» տեղեկություններով` Սեյրանյանը կարող է նաև առաջադրվել որպես «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ` ընդգրկվելով համամասնական ցուցակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 40-ից 50-րդ համարներից մեկի տակ կընդգրկվի «Առավոտ» օրաթերթի թղթակից Մարգարիտ Եսայանը, «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը կլինի ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակում, իսկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» տնօրեն Սամվել Ֆարմանյանը Նորք Մարաշում կպայքարի մեծամասնական ընտրակարգով: