Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ պարզաբանել է, թե ինչու էր հրաժարվել ԱԺ մանդատից, եթե այժմ պետք է ցանկություն հայտներ կրկին առաջադրվել:
«Այն ժամանակ այնպիսի մթնոլորտ էր, որ հնարավոր չէր աշխատել, ծրագրեր իրականացնել, իսկ հիմա հնարավոր է թիմակիցներով միասին հայտնվել ԱԺ-ում», – ասել է Սուքիասյանը:
Թեև Սուքիասյանն անկուսակցական է, սակայն, իր խոսքով, ընտրվելու դեպքում առաջին հերթին համագործակցելու է ՀԱԿ-ի ցուցակով ընտրված պատգամավորների հետ:
«10 տարի եղել եմ ԱԺ-ում, ունեմ ընկերներ, նրանց հետ կապը պահել եմ` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Բոլոր քաղաքական ուժերի հետ կունենամ հարաբերություններ, առաջին հերթին` ՀԱԿ-ի հետ»,- ասել է Սուքիասյանը:
Նախկին պատգամավորը հայտարարել է, որ դրական է համարում ԱԺ-ում գործարարների ներկայությունը, և հիշեցրել, որ ինքը եղել է առաջիններից մեկը, ով կողմ է եղել, որ պատգամավորները գործարարությամբ զբաղվեն:
«Գիտեք, եթե ունեմ մեծ ընտանիք, եղբայրներ, որոնք հիմա զբաղվում են գործարարությամբ, ես կարող եմ խորհուրդներ տալ սուրճի սեղանի մոտ, սակայն ինքս չեմ զբավում մենեջմենտով»,- ասել է Սուքիասյանը:
Պատգամավորության թեկնածուն ունի բազում ծրագրեր, դրանցից առաջինը տնտեսության ոլորտներից մեկը հարկերից ազատելն է:
«Անկախության 20 տարվա մեջ մենք որևէ կտրուկ թռիչքներ չենք ունեցել տնտեսության մեջ: Ես հենց ԱԺ-ում ամեն ինչ անելու եմ, որ մի ոլորտը` առևտրի ոլորտը, բացարձակապես չհարկվի: Սխալ մոտեցում է պայքարելը բյուջեի համար, հնարավոր է` բյուջեն քիչ լինի, սակայն մենք արագ տնտեսական զարգացում ունենանք: Եվրոպական երկրները, օրինակ, Գերմանիան, այդպես խթանեցին իրենց տնտեսությունը: Այդ պրակտիկաները պետք է ուսումնասիրվեն: Էկոնոմիկայի նախարարությունը հազարավոր անելիքներ ունի»,- ասել է բանախոսը:
Լուսանկարը` azatutyun.am