Մեզ սպանում են, բացեք ճամփեն. ղարաբաղցիք` «դուխավիկ» ռուսներին
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկանների հուղարկավորությունից հետո տասնյակ մարդիկ Ստեփանակերտից շարժվել են Խոջալուի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնական տեղակայման վայր։ Զորախմբի հրամանատարությունից նրանք կրկին պահանջում են կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացել արդեն մոտ երեք ամիս շրջափակված Լաչինի միջանցքը և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։ Մոտ երկու տասնյակ քաղաքացիներ՝ «Որտեղ դուք եք, այնտեղ խաղաղությո՞ւն է», «Ալիևը ահաբեկիչ է», «Մեր բոլոր իրավունքները խախտված են», «Մենք իրական խաղաղապահների կարիք ունենք» պաստառներով, փակել էին խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքը։ Նրանք հանդիպում էին պահանջում հրամանատարության ներկայացուցիչների հետ։ Ցուցարարների մոտ այդպես էլ ոչ ոք չիջավ։ Ակցիայի մասնակիցներից մեկը իր ավտոմեքենայով փակել էր դեպի խաղաղապահ զորախմբի ավտոպարկ տանող ճանապարհը։ Ռուսական բեռնատարի մուտքը արգելափակվել էր։ Նրա հետ «բանակցելու» էին իջել խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հիմնականում՝ սերժանտներ։ (խոսում էին ռուսերեն) Խաղաղապահ․ — Դուք այստեղ ոչնչի չես հասնի, դու հասկանո՞ւմ ես դա։ Արցախցի․ — Դու լավ ես խոսում, շատ լավ ես խոսում։ Կարո՞ղ ես այսպես նաև Շուշիում խոսել, որ նրանք այնտեղից հեռանան։ Մի կպի ինձ, ձեռքով մի կպի։ Խաղաղապահ․ — Սպասի, ուզում է՝ ադրբեջանցիներ լինեն․․․ Արցախցի․ — Կարո՞ղ ես Շուշիում այսպես խոսել։ Ոնց տեսնում եմ, դուխավիկ ես։ Ես էլ եմ դուխավիկ։ Արի իրար հետ՝ ես ու դու, գնանք, բարձրանանք Շուշի․․․ Խաղաղապահ․ — Ուզում ես՝ ադրբեջանցու կանչի, ուզում ես՝ հայի, ես ցանկացածի հետ էլ էսպես եմ խոսելու։ Ինձ համար այստեղ ընդհանրապես տարբերություն չկա։ Հասկանո՞ւմ ես։ Ես պետք է գնամ, պետք է անցնեմ էստեղով։ Էն, որ դուք էստեղ մեքենա եք կանգնեցրել, ոչ մի բան չի փոխելու։ Նույնիսկ եթե 500 մարդ ստեղ հավաքեք, նրանց էլ եմ նույնը ասելու։ Ինձ մեկ է։ Ինչ-որ բան եք ուզում իմանալ՝ գնացեք հրամանատարության մոտ։ Նրանից, որ դու վարորդի ես կանգնացրել, ոչինչ չես ստանալու։ Ի՞նչ է՝ ուզում եք այստեղ ամբոխ հավաքել ու մեզ վախեցնե՞լ։ Դուք ինձ չեք վախեցնի։ Ինչի՞ եք էստեղ մեքենաներ կանգնեցրել։ Ձեռքով ինձ մի կպի։ Արցախցի․ — Վե՞րջ։ Մի րոպե, թող ոչ ոք չխառնվի։ Ստեղ ոչ մեկ ոչ մեկի․․․ Ուղակի խոսում ենք, հարազատս։ Տեսնում եմ՝ դու դուխով ես․․․ Խաղաղապահ․ — Ես միշտ էլ դուխով եմ։ Արցախցի․ — Արի իրար հետ հենց հիմա իմ մեքենայով բարձրանանք Շուշի, ու ոնց որ հիմա մեզ հետ ես խոսում՝ այ տենց էլ խոսի էն պիդառասների հետ, որ ռադները քաշեն էնտեղից ու բացեն ճանապարհը։ Խաղաղապահ․ — Սպասի, սպասի․․․ Մենք չպետք է էնտեղից․․․ Էնտեղ նենց իրավիճակ է․․․ Արցախցի․ — Մենք չենք եկել ձեզ ասելու, թե գնացեք էստեղից։ Մենք եկել ենք այստեղ՝ ձեզ ասելու, աղաչելու, խնդրելու, որ դուք կատարեք ձեր պարտականությունները, որ անեք էն, ինչ պարտավոր եք անել։ Խաղաղապահ․ — Պարտականություննե՞րը։ Ես ամեն օր գնում եմ, ձեզ համար սնունդ եմ բերում, ձեր քաղաքների բնակչության, բոլորի համար․․․ Արցախցի․ — Փող ես աշխատում։ Ինչքա՞ն։ Մի տոննայի համար 400 հազա՞ր։ Խաղաղապահ․ — Ես փող չեմ աշխատում։ Արցախցի․ — Մենք ամեն ինչ էլ գիտենք․․․ Խաղաղապահ․ — Լսի, ես փող չեմ աշխատում։ Էն, որ ձեզ էստեղ չեն թողնում, իմ պրոբլեմը չի։ Ես սերժանտ եմ, արա։ Գնա հրամանատարի մոտ, ասելիք ունես՝ իրան ասա։ Արցախցի․ — Բա հենց դրա համար ենք փակել, որ ձեր հրամանատարը գա։ Փակել ենք էս ճամփեն, որ ձեր հրամանատարը դուրս գա։ Խաղաղապահ․ — Դու իմ վրա կամեռա ես պահում, յութուբ ես դնելու․․․ Թքած ունեմ․․․ Մեկ այլ խաղաղաապահ դիմում է արցախցի տղամարդում․ — Մեքենա՞նք կարող եք հեռացնել այստեղից։ Տղամարդը պատասխանում է, որ քանի դեռ հրամանատարությունից ոչ ոք չի եկել, մեքենան չի հեռացնելու։ Խոսակցությանը միջամտում է խաղաղապահ զորախմբի մեկ այլ զինծառայող։ Խաղաղապահ (գոռում է)․ — էստեղ չի։ Արցախցի․ — Բա որտե՞ղ է։ Խաղաղապահ․ — Խմբավորումում է։ Իսկ այստեղ պարկ է՝ ավտոպարկ։ Դու զինվորական տղա ես, չէ՞, էտքանը չես հասկանո՞ւմ։ Արցախցի․ — Ուրեմն կանչեք, թող գա ստեղ։ Խաղաղապահ․ — Դու ծառայա՞ծ ես։ Արցախցի․ — Ծառայած եմ, կռվի էլ եմ մասնակցել։ Խաղաղապահ․ — Չես հասկանո՞ւմ, որ սա ավտոպարկ ա։ Է ես էլ եմ կռվի մասնակցել։ Հետո ի՞նչ։ Արցախցի․ — Որտե՞ղ ես կռվել։ Խաղաղապահ․ — Ուկրաինայում։ Մի ամբողջ տարի։ ․․․Փետրվարի 24-ին մտել եմ Խերսոն, պա՞րզ է․․․ Արցախցի․ — Կռվել ես․․․ Իսկ հիմա չգիտե՞ս, որ մենք բլոկադայի մեջ ենք։ ․․․Գնա, ճանապարհը բացի։ Խաղաղապահ․ — Արա, ո՞նց ես կարող եմ գնալ։ Ես ո՞վ եմ որ։ Արցախցի․ — Այ, ոնց որ իմ հետ ես խոսում, գնա, էնտեղ էսպես խոսա, թող ճանապարհը բացեն։ Խաղաղապահ․ — Իմ ոչ պաշտոնը, ոչ էլ կոչումը թույլ չեն տալիս նրանց հետ էսպես խոսել․․․ Ձեզ թվում է՝ մենք մա՞րդ չենք, մենք չենք հասկանո՞ւմ․․․ Ակցիայի մյուս մասնակիցները գլխավոր մուտքի մոտ էին։ «Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ադրբեջանի դիվերսիայի արդյունքում մեր երեք քաղաքացիներ սպանվեցին։ Ես, որպես Արցախի քաղաքացի, մտածում եմ, որ հաջորդը կարող եմ ես լինել։ Ռուս խաղաղապահներից մենք պահանջում ենք կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը։ Եթե չեք կարողանում կատարել՝ կան միջազգային այլ խաղաղապահ ուժեր, դիմեք նրանց, որ իրենք գան կատարեն, ապահովեն խաղաղությունը։ Բայց դուք եք այստեղ, և դուք պետք է ապահովեք մեր անվտանգությունը, որովհետև դուք եք դա մեզ խոստացել», - ուղիղ եթերով ասում էր ստեփանակերտցի Դավիթ Ղահրամյանը։ Ավելի վաղ նա հայտարարություն էր հրապարակել․ «Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի կետերի պարբերաբար խախտումները և ռուս խաղաղապահների պայմանագրի պարտավորությունները չկատարելը մեզ՝ արցախցիներիս, այլևս ստիպում է չլռել և ներկայացնել մեր պահանջները։ 2023 թվականի մարտի 5-ին Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, որն է՝ ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը»։ տե՛ս Ղարաբաղի հայեր․ մեզ վտարում են, թողեք ուղիղ բանակցենք 30 տարի անց Ղարաբաղի հայերը կրկին փողոցում են՝ փնտրում են ռուս գեներալին
Թուրքիայում կարող է վերջապես նախագահ փոխվել
Սոցիոլոգները Թուրքիայի իշխող նախագահին հեշտ ընտրություններ չեն խոստանում․․․
Ադրբեջանը սպառնում է «զինաթափել» Արցախը
Բաքուն հայտարարում է, թե Լաչինի միջանցքում անհրաժեշտ է վերահսկողության ռեժիմ ապահովել և սպառնում «զինաթափել և չեզոքացնել զինված կազմավորումները»։
Զանգվածային թունավորում․ Իրանում շարունակում են թիրախավորել աղջիկներին
Շատերը կասկածում են, որ թունավորումները դիտավորյալ փորձ են՝ աղջիկների դպրոցները փակելու համար․․․
Հրդեհ փախստականների ամենամեծ ճամբարում․ 12 հազար մարդ մնացել է անտուն
Մարտի 5-ին Բանգլադեշում լայնածավալ հրդեհ է բռնկվել աշխարհի ամենամեծ ռոհինջա փախստականների ճամբարում․․․
«Սադրանքները կրկնվելու են»․ Բաքուն վերջնագիր է ներկայացրել Ստեփանակերտին
Ադրբեջանը իր խողովակներով վերջնագիր է դրել՝ «կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»
Մերձդնեստրյան կիբերփանկ․ աչքերը բացում է Շերիֆը
Եթե երբևէ ձեզ համարեք անպետք, հիշեք, որ Մերձդնեստրում ապրում է հակամենաշնորհային վարչության պետը, որն ամեն օր գնում է աշխատանքի․․․
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել է 3 արցախցի ոստիկան
Այսօր ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը ներթափանցել է Արցախի տարածք․․․
Վրաստանը շեղվում է դեպի Ռուսաստան
«Նման օրենքների ընդունումը անհամատեղելի է Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պայմանների կատարման հետ»․․․
Նոբելյան մրցանակակրին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման
Խաղաղության նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Ալես Բելյացկիին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Բելառուսում․․․
Գերմանիայի կանցլերը արժանացավ Ղարաբաղի ղեկավարի գովասանքին
Հայաստանի արտգործնախարարը Նյու Դելիում է, վարչապետը՝ Բեռլինում։ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Եվրամիության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին բանակցություններ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում Հայաստանի վարչապետը մասնակցել է նաև «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։ Շոլց․ տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը հավասարազոր են Բեռլինում նախօրեին տեղի ունեցած բանակցություններից հետո Հայաստանի և Գերմանիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կանցլեր Շոլցը երկու անգամ շեշտել է՝ տարածքային ամբողջականության և ինքնորշման իրավունքը հավասարազոր են․ «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից: Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ լուծման՝ ի բարօրություն մարդկանց։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։ Չնայած հենց այս երկու սկզբունքներն են ավելի քան երկու տասնամյակ եղել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքում, ազգերի ինքնորոշման մասին մասին Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո չի խոսվում։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, որևէ կարգավիճակի հարց քննարկվել չի կարող։ Ղարաբաղի հայկական բնակչությանը Բաքուն երկու տարբերակ է առաջարկում՝ կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և «վերաինտեգրվել», կամ լքել Ղարաբաղը։ Շոլցի հայտարարությունը վկայում է, որ դա այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չի լինելու Ադրբեջանի ղեկավարի համար՝ «Ազատության» հետ զրույցում նշել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Հայաստանը, ըստ նրա, պետք է խորքային մոտիվները դիտարկի՝ հասկանալու համար, թե այդ հայտարարությունը որքանով է ի վիճակի սպասարկել Գերմանիան հենց ինքը։ «Որովհետև այդպիսի հայտարարությունները կարող են խթանել կոշտ քայլեր Ադրբեջանից, նրա դաշնակիցներից, և այս պարագայում, եթե Գերմանիան ինքը չի կարողանում սպասարկել իր հայտարարությամբ սահմանված նշաձողը, սա արդեն կարող է բերել հակառակ էֆեկտի», - նշել է Բադալյանը։ Ստեփանակերտը ողջունում է Գերմանիայի կանցլերի այս հատարարությունը՝ քիչ առաջ հայտարարել է Ղարաբաղի նախագահը՝ շեշտելով․ «Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»։ Փաշինյան․ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կփաստաթղթավորվի Անցած տարվա կարճաժամկետ դիտորդական առաքելությոնից հետո Եվրամիությունը նոր՝ այս անգամ երկամյա ու ավելի բազմամարդ առաքելություն է գործուղել հայ-ադրբեջանական սահման։ Քաղաքացիական առաքելությունը՝ բաղկացած 100 դիտորդներից, արդեն սկսել է աշխատանքը։ Մոսկվան պարբերաբար հանդես է գալիս առաքելությունը քննադատող հայտարարություններով՝ ներկայացնելով այն որպես Ադրբեջանի հետ չհամաձայնեցված և ընդդեմ Ռուսաստանի քայլ։ «Այժմ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով, բայց մենք ունենք նաև պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը և միսիան կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի», - նշել է Հայաստանի վարչապետը՝ հավելելով՝ «փաստաթուղթ առաջիկայում հնարավոր է ստորագրենք»: Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ընթանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով. համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն», - Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է Փաշինյանը։ Հայաստանը, ըստ նրա, համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների այնպիսի մեխանիզմ, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն։ «Մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք․․․ Վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ելույթից հետո՝ պատասխանելով ադրբեջանցի ներկայացուցչի հարցին, Հայաստանի ղեկավարը հավելել է՝ խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն: Լաչինի միջանցքը փակ է, գերիները չեն վերադառնում Վարչապետը խոսել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին՝ շեշտելով՝ Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, և Լաչինի միջանցքը շարունակում է մնալ շրջափակված։ Փաշինյանը հավելել է՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ, և հիշեցրել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Բացի այդ՝ չլուծված են մնում նաև հումանիտար բնույթի հիմնախնդիրները՝ հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ «Ադրբեջանում առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել․․․»։ Հույս ունենք բացել Թուրքիայի հետ սահմանը Տարածաշրջանային խաղաղության Հայաստանի տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Փաշինյանը շեշտել է՝ Երևանը պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ․ «Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից»։ Հայաստանի վարչապետը խոսել է նաև առաջ շարժվելու «փոքր, բայց հուսադրող նշաններից»․ «Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար»։ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո հայ-թուրքական շփումները ակտիվացել են, և թեև դրանք «զուտ մարդասիրական բնույթի էին», Երևանը «ուրախ կլինի տեսնել նաև քաղաքական արդյունքներ»։ Միրզոյանը հանդիպել է Լավորվի հետ Հնդկաստանի մայրաքաղաքում մեկնարկած միջազգային համաժողովի շրջանակներում այսօր առանձնազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներում ջանքերի ակտիվացման հրատապության հարցն են կարևորվել՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն։ «Բանակցություններն ընթացել են բարեկամական և վստահելի մթնոլորտում»։ Արտգործնախարարները անդրադարձել են Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ավելի ուշ հաղորդել է պաշտոնական Երևանը։ Այլ մանրամասներ չեն նշվել։ Միրզոյանը հանդիպել է նաև Բորելի հետ Հայաստանի արտգործնախարար, ըստ պաշտոնական պռես-ռելիզի, Նյու-Դելիում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Երևանի հաղորդմամբ, Միրզոյանը ընդգծել է նաև առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան, և կարևորել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
Բանակի զոհի ծնողները մայրուղի էին փակել
Հրդեհից զոհված ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին․․․