Երեկ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված Լարիսա Ալավերդյանն ինքնաբացարկի դիմում է գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ Լարիսա Ալավերդյանի ինքնաբացարկը փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ նա ցուցակում զբաղեցնում է 41-րդ ոչ անցողիկ տեղը:
Թերթի թղթակիցը խնդրել է Ալավերդյանին մեկնաբանել իր քայլը:
«Ես հայտնել եմ իմ ընդհանուր անհամաձայնությունն այն սկզբունքի հետ, որով ձևավորվել է ցուցակը, և «Ժառանգությունը» գնացել է ընտրության: Ես ասել եմ, որ կմնամ թիմի հետ մինչև մայիսի 6-ը: Քանի որ օրենքն ասում է, որ երեկվանից մենք իրավունք ունեինք, այսպես ասած, կողմնորոշվել, ես կողմնորոշվել եմ: Ինչպես գիտեք, ես գնում եմ այլ աշխատանքի և ցուցակում իմ մնալը կարծես թե ինձ համար գոնե ընդունելի չէ», – ասել է Ալավերդյանը` հավելելով, որ խնդիրը ցուցակի անցողիկ տեղը չէ, այլ թիմի հետ մնալու խնդիր է:
«Այսինքն` այդ որոշումս այսօրվա որոշում չէ», – նշել է նա:
Թերթը նշում է, որ Ալավերդյանը ղեկավարելու է Հայ-ռուսական համալսարանի մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ ամբիոնը: