Home / Հայաստան / Անկախ պատգամավորը բացատրել է` ինչու փաստաթղթի տակ չկա իր ստորագրությունը

Անկախ պատգամավորը բացատրել է` ինչու փաստաթղթի տակ չկա իր ստորագրությունը

Երեկ Ազգային ժողովի 4 արտակոալիցիոն ուժերի` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության», նախաձեռնած ստորագրահավաքին, որը պահանջում էր արտահերթ նիստ հրավիրել Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու համար, միացել էր 21 պատգամավոր: Արտահերթ նիստը չի գումարվի, քանի որ անհրաժեշտ է եղել 44 պատգամավորի ստորագրություն:

Ստորագրած 21 պատգամավորներից 7-ը ներկայացնում են ՀԱԿ խմբակցությունը, 4 պատգամավոր «Ժառանգությունից» են` բացառությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, 3 պատգամավոր` ՀՅԴ-ից, բացառությամբ Արմեն Բաբայանի և Աղվան Վարդանյանի, ով, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, երկրում չի եղել, և ԲՀԿ խմբակցության 7 պատգամավոր` 37-ից:

Facebook սոցիալական ցանցում «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստ, գրող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը նշել է, որ պատգամավորների արձակուրդը սկսվում է հուլիսի 15-ից, և նրանք իրավունք չունեն բացակայել երկրից, եթե գործուղման մեջ չեն:

«Արդեն պարզ է, որ 44 ստորագրություն չի հավաքվել ու ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը իր արդյունքին չհասավ, սակայն սա յուրօրինակ թեսթ էր պատգամավորների համար, ով անցավ, անցավ, ով չէ, հետևություններ կանենք», – գրել է Հովհաննիսյանը:

Նա նաև հարց է հնչեցրել, թե ինչու փաստաթղթի տակ չի ստորագրել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով մի քանի օր առաջ պատրաստակամություն էր հայտնել ստորագրությունը թողնել:

Զառա Հովհաննիսյանի Facebook-ի էջում Մարուքյանը հետևյալ կերպ է պատասխանել իր չստորագրելու մասին դիտարկմանը:

«Քանի որ նախապես խոսել էինք նախառենության իմ միանալ-չմիանալու մասին և ես հայտնել էի, որ կմիանամ, եթե նման նախաձեռնություն լինի, հիմա պարտավորված եմ զգում ուղղակի տեղյակ պահելու, որ Ձեզ հայտնի քաղաքական ուժերը միմյանց հետ խորհրդակցել են և ձևաթուղթ են վերցրել, բայց այն պոտենցիալ միացողներին, օրինակ, ինձ տեղյակ չեն պահել թե դա երբ է լինելու և վերցրել են մի այնպիսի ժամանակ, որ ես չէի կարող մի քանի ժամվա մեջ, ոչ թե 24 ժամվա հասնել Երևան: Ես Նիկոլի հետ խոսել եմ սահմանի մոտից (որովհետև ինքը երեկոյան ուշ կնոջս էր հայտնել ձևաթղթի մասին) ժամը 15:00-ի սահմաններում, և նա հայտնել է, որ այդ պահի դրությամբ 18 մարդ է ստորագրել: Ես ասել եմ որ եթե հասցնեմ գալ Երևան մինչև 18:00-ը, կգամ` կստորագրեմ:

Տվյալ պարագայում, իմ ստորագրելը, եթե անգամ հասցնեի ստորագրել, բան չէր փոխելու, միայն բարոյական նշանակություն էր ունենալու, ոչ թէ իրավական, իսկ բարոյական նշանակության համար ես հրապարակային հայտնել էր, որ միանում եմ:

Հիմա Դուք ցանկանում եք ստորագրող չստորագրողով մարդ ճանաչել կամ մարդկանց անուն կպցնել, այն դեպքում, որ ամեն ինչ այս նախաձեռնությունից չի սկսկել և սրանով չի ավարտվելու, կամ ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիր էք փնտրում դրանով, որն աբսուրդ է, փաստորեն, ովքեր ստորագրել են, նրանք ընդդիմադի՞ր են: Այդպե՞ս հասկանամ Ձեր մոտեցումը: Կամ ո՞վ է ասել, որ ես ընդդիմադիր եմ, ես սա առաջին անգամ եմ լսում: Ես անկախ, այսինքն որևէ քաղաքական ուժի անդամ չհանդիսացող և որևէ խմբակցության չանդամակցած պատգամավոր եմ, և իմ բոլոր գործողությունները ես ինքս եմ որոշում, սա է իմ այսօրվա կարգավիճակը:

Ինչ վերաբերում է ստորագրելու համար ֆիզիկապես ներկա լինելուն, ապա պետք է ասեմ, որ դա օրենքի պահանջն է, պետք չի ենթադրություններով զբաղվել, կարդացեք, որ ընթացակարգերն իմանաք ու կարծիք հայտնելուց այն ճիշտ տեղեկատվության վրա հիմնված լինի: Մի խոսքով, Դուք բոլորդ իրավունք ունեք ցանկացած հետևություններ անել, դա Ձեր` կարծիք արտահայտելու Սահմանադրական իրավունքների մեջ է մտնում, իսկ եթե անուններ կպցնեք ինձ, դրանից էլ չեմ վրդովվի, որովհետև ինքս եմ ինձ դրել հրապարակային գործչի կարգավիճակում և պարտավոր եմ հանդուրժել իմ հասցեին հնչած, բայց ինձ ոչ հաճելի բաները: Առիթ կլինի, կհանդիպենք, կզրուցենք, կտեսնենք, թե ով է ավելի քաղաքացիական նախաձեռնող, ընդդիմադիր, անկախ և այլն: Վերջում պետք է բոլորիցդ շնորհակալություն հայտնեմ, որ ուշադիր եք իմ գործունեությանը, Ձեր ուշադրությունն ինձ ավելի է զգոնացնում իմ գործողությունները»,- գրել է Էդմոն Մարուքյանը:

Լուսանկարը` Էդմոն Մարուքյանի Facebook-ի էջից