Մարտի 18-ին Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից ուժի կիռարման հետևանքով կոտրվել է Լաուրա Զաքարյանի ուսը։
A1plus-ի հետ զրույցում կինը պատմել է, որ հրմշտոցի արդյունքում ինքն ընկել է գետնին և կոտրվածք ստացել ոստիկանների ոտքերով հարվածներից։ «Իմ ձեռնոցների վրա կտեսնեք ոտքերի հետքերը, ոստիկանների ոտքերը լավ եմ հիշում, վրայովս անցնելիս», – պատմել է Զաքարյանը, ով դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՔԾ:
Արթուր Սարգսյանի մահվան լուրը լսելուց հետո մի քանի հարյուր մարդ ի նշան իշխանության դեմ բողոքի հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղից ամեն օր երթ են անցկացնում դեպի կառավարության շենք՝ պահանջելով պատժել Հաց բերողի մահվան մեղավորներին։ Ակցիաների ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։
Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սննունդ հասցրել Էրեբունի համայնքի ՊՊԾ գունդը գրաված և սովի մատնված «Սասնա ծռեր» խմբի անդամներին և բժիշկներին։
Նա ձերբակալվել էր «բժիշկներին պատանդ պահելուն, ապօրինի զենք-զինամթերք փոխադրելուն և կրելուն օժանդակելու» մեղադրանքով։ Սարգսյանի խափանման միջոցը փոխվել էր 2016-ի դեկտեմբերի 31-ին, նա ազատ էր արձակվել: Սակայն փետրվարի 9-ին դատարանի որոշմամբ նրան կրկին կալանավորել էին։ Այդ օրվանից սկսած Սարգսյանը հացադուլ էր հայտարարել։ Փետրվարի 27-ին Ազգային ժողովում Սարգսյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էր սկսել, որին միացել էր 26 պատգամավոր։ Դիմումը պատգամավորներն ուղարկել էին Դատախազություն։
Մարտի 6-ին, երբ կալանավորի օրգանիզմում անդառնալի պրոցեսներ էին սկսվել, դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել պատգամավորների դիմումը և ազատ արձակել արդեն 24 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանին։
Մի շարք հիվանդություններ ունեցող Սարգսյանը ազատ արձակվելուց հետո տարել էին հիվանդանոց։ Մի քանի օր անց նա տուն էր տեղափոխվել։
Սակայն մեկ օր տանը մնալուց հետո Սարգսյանին սուր ցավերով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրան պետք է վիրահատեին։ Իսկ մարտի 16-ին հիվանդանոցից հայտնել էին, որ նա մահացել է։