#ԻմՔայլը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները երկրորդ օրն է մարդաշատ հավաքներ են անցկացնում Ֆրանսիայի հրապարակում՝ մտադրություն ունենալով թույլ չտալ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետությունը։
18։30-ին մեկնարկած հանրահավաքի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրվա ընթացքում Ֆրանսիայի հրապարակը վերահսկող ուժերի գործողությունները, մասնավորապես, Հանրային ռադիոյի շենք մտնելը և Երևանի փողոցներով անցկացված երթը։ Հանրային ռադիոյի դեպքը լայն արձագանք էր գտել հրապարակում, մարդիկ դա քննարկում էին մեծ ոգևորությամբ։
Հանրահավաքային իր ելույթում «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը կոչ է արել մարդկանց երկուշաբթվանից գործադուլ սկսել և միանալ պայքարողներին։
Նախաձեռնության մեկ այլ անդամ Մարիա Կարապետյանը, իր հերթին, կոչ է արել վերջին տարիներին Հայաստանում տարբեր խնդիրներով զբաղվող շարժումների ներկայացուցիչներին՝ բնապահպանություն, կրթություն և այլն, միանալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին և իրենց պահանջները դարձնել քաղաքական օրակարգի մաս։
Նմանատիպ կոչով քաղաքական ուժերին է դիմել լրագրող, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, որը հայտարարել է, թե բոլոր ընդդադիր ուժերը պետք է մոռանան իրենց տարաձայնությունները և միավորվեն մեկ նպատակի շուրջ։