Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է:
Տնօրենների խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:
Առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողակորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում , ասված է նախարարության փետրվարի 13-ի հաղորդագրությունում։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը նախկին ռեժիմի օրոք ոլորտում չարաշահումների վառ օրինակներից է։ 2018-ին՝ հեղափոխությունից հետո, Քննչական կոմիտեն փաստեր է ձեռք բերել՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանի կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում էր կայացվել Մինասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: