2017 թվականին Հայաստանում ընդունվեց ընտանիքում բառնության կանխարգելման և զոհերի պաշտպանության մասին օրենքը, սակայն ընտանիքում բռնության և դրա հետևանքով մահվան ելքով դեպքերը, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնությունը՝ այդ թվում սեռական բռնության դեպքերը շարունակվում են։
Կանանց աջակցման կենտրոնը թեժ գծի միջոցով տարեկան 2000-ից ավել զանգեր է ստանում։ Կազմակերպության տվյալներն Ընտանիքում բռնության մասին օրենքի ընդունումից հետո չեն փոփոխվել։ 2010 թվականին, երբ կազմակերպությունը նոր էր սկսում աշխատել, զանգերի քանակը 50 էր։ Դա, ըստ կազմակերպության ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանի, ոչ թե խոսում է բռնության դեպքերի աճի մասին, այլ մարդկանց իրազեկվածության բարձրացման։
«Խոշոր հաշվով, Ընտանեկան բռնության մասին օրենքն այդքան լուրջ փոփոխություն մեր կյանքում չբերեց, որովհետև ամբողջությամբ բոլոր կետերը չեն գործում այս պահին։ Երկրորդը՝ շատ մեծ իրազեկում չեղավ հենց պետության կողմից, որ մենք այս պահին ունենք այսպիսի օրենք և թե ինչ այն կարող է մեզ առաջարկել։ Օրենքում գործում են միայն պաշտպանական միջոցները, որոնք էլ ունեն իրենց խնդիրները», – այսօր Ընտանիքի միջազգային օրվան նվիրված քննարկման ընթացքում ասել է Գևորգյանը; Այսինքն, օրենքը չի նախատեսում, որ որևէ պետական կառույց ամբողջությամբ կլուծի անվտանգության և բռնության կանխարգելման հետ կապված խնդիրը։
Մայիսի 8-ին սպանված Մարիամ Ասատրյանի դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց իրավապահ մարմինների անգործությունը, ինչի մասին խոսելիս, իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանն ընդգծեց դեռ օրենքի քննարկումների փուլում արված սխալը։ Ըստ նրա՝ այդ ժամանակ պետությունն առանցքում դրեց ընտանիքում համերաշխության մթնոլորտի ապահովման և ոչ թե ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության և նրա վերասոցիալականացման խնդիրը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների անգործությանը, որը, հնարավոր է, համապատասխան վերապատրաստման բացակայությունից է բխում, Հովհաննիսյանի կարծիքով, տվյալ իրավիճակում բոլոր տիպի վերապատրաստումները կատարվում են օրենքի շրջանակներում և անպայմանորեն ներառում են «համերաշխության մթնոլորտի ապահովումը և ընտանիքում հաշտություն կնքելը»։
«Սակայն մենք կարող ենք վստահեցնել, որ ընտանեկան բռնության պարագայում, երբ հարաբերությունները խիստ անհավասար են, մենք գործ ունենք բռնարարի և զոհի հետ, այսինքն՝ մարդու, որն անմիջականորեն վախի և կախվածության մեջ է գտնվում անձից, որն ավելի ուժեղ է, հզոր է և կարող է իրեն բռնության ենթարկել։ Հաշտություն կնքելը նշանակում է հերթական անգամ մարդուն մղել բռնության տիրույթ և նրա կյանքի համար պատասխանատվություն չստանձնել», ֊ ասել է Հովհաննիսյանը՝ նկատելով, որ նույնիսկ իրավապահ մարմիններին ներգրավելը վերածվում է ընտանիքը պահպանելու մղման։
Եվս մեկ անգամ նշվեց այն փաստը, որ նույն օրենսդրության շրջանակներում զուգընկերները չեն դիտարկվում որպես ընտանիք, և այս պարագայում ոստիկանությունը հաճախ կատարվածը որպես ընտանեկան բռնություն չի դիտարկում։
Մարիամ Ասատրյանի դեպքում, օրինակ, առկա էին նաև թրաֆիքինգի տարրեր, բայց, առաջին հերթին, երիտասարդն, ըստ Զարա Հովհանիսյանի, կնոջ զուգընկերն էր, և նա չեր դիտարկվում որպես ընտանեկան բռնության ենթարկվող անձ․ «Բոլոր միջամտությունները, որոնք ոստիկանությունը կարող էր կատարել ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակներում, այս զույգի վրա չէին տարածվում»։
Հասկացությունների որոշակիության հետ կապված խնդիրները ևս մնում են չլուծված։ Խոսքը կրկին «ավանդական ընտանիք» եզրույթի մասին է։ Իրավապաշտպաններն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես պետք է պարզվի՝ ընտանիքն ավանդական է, թե՝ ոչ։ Ու նորից՝ տվյալ օրենքի շրջանակներում անցկացվող վերապատրաստումները հիմնվում են ընտանիքում խաղաղության և համերաշխության մթնոլորտի ապահովման գաղափարի վրա և ոչ թե՝ անձի պաշտպանության։
Խոսելով օրենսդրական թերությունների մասին, ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի նեկայացուցիչ Շուշան Խուրշուդյանը նկատել է՝ լուծված չէ ընտանիքում բռնության քրեականացման հարցը․
«Ցանկացած դեպքում, երբ կայացվում է նախազգուշացման որոշում, որը վարչական ակտ է և կարող է բողոքարկվել ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով, դրա բողոքարկումը, ներկայիս կարգավորումների համաձայն, կասեցնում է դրա կիրառումը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ նախազգուշացման որոշում կայացվել է բռնարարի նկատմամբ, բայց եթե այն բողոքարկվում է, դրա կիրարկումը կասեցվում է»։ Իսկ այդ դեպքում, եթե ենթադրյալ բռնարարը կրկին նույն արարքը գործի, դա, ըստ էության, նախազգուշացման խախտում չի համարվի։
Խուրշուդյանը օրենսդրական խնդիր է համարում նաև անհետաձգելի միջամտության որոշման էությունը։ Ներկայիս կարգավորումներում այդ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետն անորոշ է, քանի որ այն ուժի մեջ է մտնում միայն բռնարարին որոշման մասին ծանուցելուց հետո․
«Ծանուցման եղանակ կարող է լինել, օրինակ, փոստային ծառայության միջոցով այդ բռնարարին ծանուցելը։ Տվյալ դեպքում նրա մշտական բնակության վայրը կարող է լինել հենց այն բնակարանը, որտեղ բնակվում է տուժողը, կամ որտեղ նրա մուտքը հենց այդ նույն անհետաձգելի միջամտության որոշմամբ արգելվում է։ Փաստորեն, կա այդ կարգավորումը, բայց այն չի հասնում իր նպատակին»։
«Եթե մանկավարժներն իրազեկված չլինեն իրավունքի մասին և իրենք իրենց դիրքորոշումները չունենան, իրենց համար շատ դժվար կլինի երեխաների հետ իրավունքների մասին խոսելը», ֊ կարծում է Կրթության և գիտության նախարարության հանրակրթության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։ 90-ականներին՝ Երեխայի իրավունքի պաշտպանության մասին օրենքի ընդունումից հետո, նախարարությունը, նրա խոսքով, սկսեց շատ ակտիվ համագործակցել իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունների հետ՝ երեխաների շրջանում օրենքը տարածելու նպատակով։ Այն «դեկլարատիվ բնույթ էր կրում, լավը չէր», սակայն, այդուհանդերձ, առաջին անգամ պետությունում սկսեցին խոսել իրավունքի մասին։
Ավելի լուրջ իրավունքի մասին այժմ խոսում են արդեն հիմնական դպրոցի ավագ՝ 8-9-րդ դասարաններում։ Իսկ օրենքի ընդունումը, Մուրադյանի կարծիքով, պարտավորեցնում է ապահովել մանկավարժների և ծնողների իրազեկվածությունը։ Նա նշել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը․ «Էսպես է մեր երկրում՝ երբ որևէ իրավունքահեն բան է մեջտեղ գալիս, հասարակական կազմակերպությունները բավականաչափ ակտիվանում են և ինչ֊որ գործունեություն են սկսում ծավալել»։
Ուսուցիչը պետք է իմանա՝ ինչպես տարբերակել ընտանեկան բռնությունը, ասում է Մուրադյանը, և հասկանա՝ եթե երեխան կատպուկով է գալիս դպրոց, դա բռնությո՞ւն է, թե՞ բռնություն չի։
«Երբ երեխան ասում է՝ ընտանիքում ինձ ապտակել են, ուսուցիչը չգիտի՝ դա բռնությո՞ւն է, թե՞ դաստիարակություն», ֊ նկատել է մասնագետը՝ խոսելով արձագանքման մեխանիզմների ստեղծման կարևորության մասին։