Home / Ազգային ժողով / Ինչ նկատի ուներ Վահե Գրիգորյանը՝ երկրորդ դատավոր ասելով

Ինչ նկատի ուներ Վահե Գրիգորյանը՝ երկրորդ դատավոր ասելով

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան
հրապարակվել է armtimes.com կայքում

«Այսօր երդվելով՝ ես դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը։ Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ։ Ես դառնալու եմ երկրորդ դատավորը, եւ ես չեմ սխալվում սա ասելով։ Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմաանդրության 166-րդ եւ 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից եւ որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով»։ Ազգային ժողովի ամբիոնից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու երդման ժամանակ նման հայտարարություն արեց Վահե Գրիգորյանը։

Նա ասաց, որ ՍԴ դատավորի երդումը տալուց հետո այս պահի դրությամբ դատարան է մուտք գործելու որպես ՍԴ միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը բացակայում է այս օրերին։ Եւ ըստ այդմ, ինչպես ընդգծեց Գրիգորյանը, ինքը ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։

Ինչ նկատի ուներ Վահե Գրիգորյանը՝ երկրորդ դատավոր ասելով

ՀՀ գործող Սահմանադրության 166-րդ հոդվածը սահմանում է դատավորների ընտրության եւ նշանակման կարգը։ Այս հոդվածի առաջին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

Գործող Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո (2018 ապրիլ 9) խորհրդարանն ընտրել է Սահմանադրական դատարանի միայն 2 դատավոր՝ Արման Դիլանյան եւ Վահե Գրիգորյան։ Մյուս յոթ անդամներն ընտրվել են դեռեւս նախորդ Սահմանադրության հոդվածների գործելու ընթացքում։

Իսկ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 55-րդ հոդվածի տասներորդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը նշանակում է Սահմանադրական դատարանի չորս անդամ:

Հին Սահմանադրության 83-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ նշանակում է Սահմանադրական դատարանի հինգ անդամ, երկրորդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ Սահմանադրական դատարանի կազմից նշանակում է Աահմանադրական դատարանի նախագահ։

Սա նշանակում է, որ այս պահին Սահմանադրական դատարանի 9 անդամներից յոթը ընտրվել են նախորդ Սահմանադրության սահմանված կարգով, այսինքն՝ ոչ թե դատավորներ են, այլ անդամներ։ Փաստացի՝ գործող Սահմանադրության ընթացակարգով՝ դատավորներ են ընտրվել միայն Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։

Սահմանադրական դատարանում ճգնաժամ է առաջանում։ Բարձրագույն այս դատարանը ներկա պահին չի համապատասխանում գործող Սահմանադրությանը, քանի որ վերջինիս մեջ ոչ միայն «անդամ»-«դատավոր» տերմինների կիրառության խնդիրը կա, այլ նաեւ անդամների/դատավորների ընտրության կարգի հարցը, ապա արդեն դատարանում որոշումներ կայացնելու համար քվորում ապահովելու հարցը։

Գործող Սահմանադրության համաձայն՝ ՍԴ-ի սահմանադրական քվորումը որոշումներ կայացնելու համար պահանջում է առնվազն հինգ դատավոր։ Եթե առաջնորդվենք ներկա Սահմանադրությամբ՝ ՍԴ-ն չունի բավարար թվով դատավորներ՝ որոշումներ ընդունելու համար։ Վահե Գրիգորյանն այս առիթով իր ելույթում ասաց, որ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով։

Ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը, բազմաթիվ հարցեր է առաջացնում այն համատեքստում, որ այս դատարանն արդեն իսկ ունի նախագահ՝ ի դեմս Հրայր Թովմասյանի։

Հրայր Թովմասյանը 2018 թվականի մարտի երկուսին Ազգային ժողովում ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց ՍԴ անդամ:

Մարտի 21-ին արդեն Թովմասյանը Ազգային ժողովում ընտրվեց ՍԴ նախագահ՝ ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ։

Թովմասյանը ՍԴ անդամ, ապա նախագահ ընտրվեց նախորդ Սահմանադրության սահմանած կարգով։ Այսինքն, ներկա Սահամանդրության եւ Սահմանադրական դատարանի ներկա կազմի միջեւ առկա է հակասություն։

Գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից է ընտրում դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի: Իսկ Հրայր Թովմասյանն ընտրվել է ոչ թե ՍԴ անդամների կողմից, այլ ԱԺ-ի։

Ըստ այդմ, քանի որ գործող Սահմանադրությամբ ընտրված դատավոր Արման Դիլանյանը բացակայում է այս օրերին, ՍԴ դատավոր է մնում Վահե Գրիգորյանը, որն էլ ստանձնում է նախագահի լիազորությունները։

Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ, կամ դրա բացակայության դեպքում ընդունելի ձեւաչափի տեսքով այդ մասին կտեղեկացնի հանրությանն ու իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացին դերակատարում ունենալ։