Home / Առողջապահություն / Պատերազմը մեզնից խլեց ամեն ինչ, բացի՝ կյանքից։ Լավ կլիներ դա էլ խլեր․ Լաչինի փախստական

Պատերազմը մեզնից խլեց ամեն ինչ, բացի՝ կյանքից։ Լավ կլիներ դա էլ խլեր․ Լաչինի փախստական

Պատերազմի ժամանակ ստացած հոգեբանական տրավման կարող է հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) վերածվել, որի դեմ ինքնուրույն պայքարել հնարավոր չէ։ Չնայած Ղարաբաղյան ձգձգվող հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարի, Ադրբեջանում ոչ ոք դեռ չի խոսում ՀՏՍԽ մասին։ Ոչ պետությունը, ոչ էլ պատերազմի արդյունքում տուժած մարդիկ ուշադրություն չեն դարձնում զինված հակամարտությունների հոգեբանական հետևանքներին, որոնք տարիների հետ չեն անհետանում և լուծում են պահանջում։ Այս մասին է Մեյդան հեռուստաընկերության սյուժեն։

https://youtu.be/TYr0v1iY5ZM

1994 թվականին կողմերը հրադարարի համաձայնագիր կնքեցին։ Զինադադարի ռեժիմի խախտումներ գրանցվում են գրեթե ամեն օր, երկու կողմերից էլ մարդիկ են զոհվում՝ թե զինվորական, թե քաղաքացիական։

Ադրբեջանի տվյալներով Ղարաբաղից բռնի տեղահանվածի կարգավիճակ այժմ ունի մոտավորապես 1 մլն մարդ․ մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են «ամեն ինչ, բացի՝ կյանքից»։

Սալիմ Սալիմովն այժմ 65 տարեկան է։ Երբ պատերազմը նոր էր սկսել, ոչ ոք չէր կարծում որ այն այդքան երկար կտևի։ Կարճ ժամանակ անց սակայն, տեղի բնակիչներն արդեն սովորել էին թե կրակոցների ձայներին, թե հարևան շրջաններից վատ լուրերին։ 1992 թվականի մայիսի 13-ին եկավ նաև Սալիկովների ընտանիքի հեռանալու հերթը։ Փախել են ինչով եղել են, առանց ինչ որ բան վերցնելու։

«Ճանապարհով փախչելն էլ էր վտանգավոր, անընդհատ թաքնվելու անհրաժեշտություն էր առաջանում։ Պարզ չէր, ողջ կհասնենք, թե՝ չէ», – հիշում է Սալիմովը։

Ռուսհարա Ջումաևան ռազմական հոսպիտալում կամավոր էր։ Հերթական ծանր վիրահատությունից հետո՝ երիտասարդ զինվորի ձեռքն էին անդամահատում, Ռուսհարան չի դիմանում ու անմիջապես մարտի դաշտ է գնում՝ վիրավորներին տեղում օգնություն ցուցաբերելու համար։ Ճակատագծում նրան սկսում են Տուտու ասել, և այդպես են անվանում մինչև հիմա։

Տուտուն հիշում է, որ պատերազմի ժամանակ իր զենքը ոչ թե ավտոմատն էր, այլ բժշկական պայուսակը՝ մոտ 40կգ քաշով։

«Մարտերից մեկից հետո 96 վիրավոր ունեինք, իսկ մեր տաքսիստ Բալաղլանն անհետ կորել էր։ Մինչև հիմա լուր չկա։ Մուրով լեռան վրա մեր ընկերները ձնակույտերի տակ էին մնացել։ Վիրավորներին փորձում էինք հանել, բայց ոչ բոլորին էր հաջողվում։ Մինչև հիմա երբ ձյուն է գալիս, ձնի տակ մնացածներին եմ հիշում»։

Ծնունդով Ղարաբաղից, լրագրող Ռեյ Քերիմօղլուն պատերազմից վերադարձել է երկրորդ կարգի հաշմանդամությամբ։ 1992 թվականին հետախուզական առաջադրանքը կատարելու ընթացքում երկու անգամ տուժել է ականային պայթյուններից։ Երկրորդ վիրավորումից մեկ տարի անց պահուստային են ուղարկել։

Աղդամի շրջանի օկուպացիայից հետո, 1993 թվականի հուլիսի 23-ին Ռեյ Քերիմօղլուն ստիպված է լինում Բաքու տեղափոխվել։

Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, Ադրբեջանը նոր էր անկախացել, խնդիրները շատ էին՝ գործազրկություն, մթերքների դեֆիցիտ։ Բայց ամենաբարդը հոգեբանական տրավման հաղթահարելն էր․ «Պատերազմից հետո շատ ծանր էր։ Այնպիսի մարտեր էինք տեսել, այնքան մարդ էր մեր աչքի առաջ սպանվել, հաշմվել։ Դա իրոք մեծ տրավմա է»։

Ռեյի խոսքով, իրավիճակի բարդությանը գումարվում էր նաև շրջապատի անտարբերությունը․ «Նայում ես շուրջդ ու լրիվ անտարբեր մարդկանց տեսնում։ Նրանք ոչինչ չգիտեն մեր աչքի առաջ մահացած, ոտք կամ ձեռք կորցրած մարդկանց մասին։ Դրա հետ համակերպվելն էլ է ծանր։ Դա էլ է տրավմա մեզ համար»։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման սիմպտոմները տարբեր մարդկանց մոտ նման են․ «Մարդն իրեն առաջվա պես չի պահում․ օրինակ եթե առաջ հավաքույթների ժամանակ հաճախ էր կատակում, ապա հիմա լրիվ անճանաչելի է՝ խմում է, գործ չի կարողանում գտնել։ Այդ մարդիկ թերապիայի կարիք ունեն», – բացատրում է Վիրջինիա նահանգում (ԱՄՆ) լիցենզավորված հոգեբանական խորհրդատու, Regent University-ի հոգեբանական խորհրդատվության ամբիոնի դոցենտ Օլգա Զապորոժեցը։ Մեյդան Թիվիի լրագրողները դիմել էին նրան, քանի որ չէր հաջողվել ՀՏՍԽ֊ով զբաղվող հոգեբան գտնել Ադրբեջանում։

Ռեպորտաժի երեք հերոսներն էլ պատմեցին, որ պատերազմից հետո իրենց հետ որևէ տեսակի հոգեբանական աշխատանքներ չեն տարվել։ Բոլորը բողոքում էին հետպատերազմյան կյանքում ադապտացիայի խնդիրներից։ «Այդպես էլ չհարմարվեցինք, ոչ կանայք, ոչ տղամարդիկ։ Մեզ համար բարդ է շփվել երեխաների հետ, հարևանների հետ»,- պատմում է Տուտուն։

«Պատերազմն ինձնից շատ բան է խլել։ Օրինակ, այդպես էլ չկարողացա ընտանիք կազմել, որի մասին երազում էի, չկարողացա կյանքից հաճույք ստանալ, չնայած ընդհամենրը 24 տարեկան էի, երբ պատերազմից վերադարձա», – պատմում է Ռեյը։

Պատերազմից վերադառնալուց հետո Ռեյը «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպությունում աշխատել է որպես մամուլի քարտուղար, այդտեղից էլ վստահ կարող է ասել, որ Ադրբեջանում զինծառայողների հոգեբանական վերականգնման համար պետական ծրագիր չի եղել․ «Եթե անգամ եղել ա, ապա միայն թղթի վրա։ Միայնակ վերականգնվելը դժվար է։ Մեր ընկերներից շատերը մինչև հիմա այդ տրավմայով են ապրում»։

Սալիմ Սալիմովը պատմեց որ չէր էլ լսել, որ ՀՏՍԽ սիմպտոմները, որոնք հետո առօրյայի են վերածվում՝ անքնություն, գիշերային մղձավանջներ, ագրեսիայի նոպաներ, կյանքի իմաստի կորուստ, կարող են բուժվել։ Այդպես էլ ապրում է՝ կյանքն ավարտված լինելու մշտական զգացումով։ «Պատերազմը մեզնից խլեց ամեն ինչ, բացի՝ կյանքից։ Լավ կլիներ դա էլ խլեր», – ասում է նա։

«Մարդը առաջվա պես չի դառնա, պատերազմը մարդկանց փոխում է, բայց այդ սիմպտոմները կարելի է վերացնել», – բացատրում է Օլգա Զապորոժեցը։

Ադրբեջանում ՀՏՍԽ մասնագիտացմամբ հոգեբան գտնել չի հաջողվել։ Չկա վիճակագրություն այդ խանգարմամբ տառապող մարդկանց մասին։ Միջազգային տվյալների համաձայն, հետտրավմատիկ սթրեսային խանգարման սիմպտոմներ ունի երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը։