Կառավարությունը մինչ այժմ հաստատել է covid-19 համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացման և համաճարակից տուժած քաղաքացիներին աջակցության 11 ծրագիր, որոնցից 5-ն՝ ուղղված տնտեսական, 6-ը՝ սոցիալական բլոկին։ Այսօր կայացած մամուլիս ասուլիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ամփոփ ներկայացրեց քաղաքացիների սոցիալական աջակցությանն ուղղված 6 ծրագրերը, դրանց շահառուների քանակն ու մինչ այժմն հատկացված միջոցների ծավալները։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/244016156751045/
4-րդ միջոցառումը 100 հազար դրամի չափով միանվագ աջակցություն էր սահմանում համաճարակի ընթացքում աշխատանքից ազատված մինչև 14 տարեկան երեխա ունեցող գրանցված աշխատողների համար։ Ծրագրի շահառուների ցանկը, նախարար Բաթոյանի խոսքերով, մինչ այժմ թարմացվում է։ Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է մուտք գործեն ssa.am կայք, մուտքագրել անհատական տվյալները (շահառուների հայտերը կայքն անմիջապես կհաստատի, ծրագրի պահանջներին չհամապատասպանող քաղաքացիների հայտերը ավտոմատ կմերժվեն), այնուհետև՝ դիմեն բանկ՝ գումարը ստանալու համար։
6-րդ միջոցառումը վերաբերում է մասնավոր հատվածի գրանցված աշխատողներին, որոնք անընդմեջ աշխատել են առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում և ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում։ Ծրագրի շահառուները կստանան միանվագ օգնություն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։ (Բացառությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ)։ Նախարար Բաթոյանի խոսքերով, ծրագրից օգտվում է 6723 շահառու ։
7-րդ միջոցառումը 100 000 դրամ նպաստի տեսքով միանվագ օգնություն է սահմանում հղի կանանց համար, որոնք 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք և որոնց ամուսինները 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից/որոնք չունեն ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություն/ամուսնալուծված են կամ ամուրի։ Նախարարի փոխանցմամբ, ծրագրի շահառու են հանդիսանում 5957 քաղաքացի։
8-րդ ծրագիրը վերաբերում է համաճարակից տուժած մասնավոր ոլորտների գրանցված աշխատողներին, որոնք գործող սահմանափակումների պատճառով այժմ փաստացի զրկվել են աշխատանքից և աշխատավարձ ստանալու խնդիր ունեն։ Աջակցությունը տրամադրվելու է ոչ թե գործատուներին, այլ՝ աշխատողներին․ վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68,000 դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը (ավելի մանրամասն՝ այստեղ):
Բաթոյանը նշում է, որ այս ծրագրի շրջանակներում արդեն իսկ 45,000 դրիմում է ստացվել, որոնցից 27,000-ը հաստատվել է։ Հատկացվել է 1,8 միլիարդ դրամ։ Դիմումները դեռևս ընդունվում են։ Ծրագրին դիմելու համար պետք է գրանցվել ssa.am կայքում։
9-րդ ծրագիրը վերաբերում է երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամի չափով: Դիմումներն ընդունվում են նույն ssa.am կայքի միջոցով՝ առցանց։
11-րդ ծրագիրը հաստատվել է երեկ և վերաբերում է գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի փոխատուցմանը։ Այս աջակցությունից օգտվում են այն բաժանորդները, որոնց փետրվար ամսվա գազի սպառման վարձը չի գերազանցել 10 հազար դրամը, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 5 հազար դրամը։ Շահառուների փետրվար ամսվա վարձավճարի 50 տոկոսը կսուբսիդավորի պետությունը։ Ըստ Բաթյոյանի, ծրագրից օգտվելու է 222 հազար շահառու։
Բաթոյանը հայտնեց, որ այս պահին սոցիալական աջակցության հերթական ծրագիրն է քննարվում, որը նույնպես վերաբերելու է կոմունալ վճարումներին: Այլ մանրամասներ չհայտնեց. «Բնականաբար, բավարար չեմ համարում ո՛չ սոցիալական, ո՛չ տնտեսական միջոցառումները, որ կարող են ամբողջությամբ մեղմել կամ խնդիրը լուծել: Սա իրավիճակային աջակցություն է, որը պետք է պարզապես օգնի իրավիճակը հաղթահարել, մեղմացնել, մեղմել, և իհարկե դրա ավելի կայուն աջակցությանն ուղղված ծրագրերը կամ միջոցառումները և իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը ավելի համակարգային պետք է լինեն»: