Home / Բանտ / Անհրաժեշտ է կիռարել պատժից ազատման հատուկ և արագացված ընթացակարգեր

Անհրաժեշտ է կիռարել պատժից ազատման հատուկ և արագացված ընթացակարգեր

Պայմանավորված Հայաստանում ՔՈՎԻԴ-19 համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակով՝ բանտերում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հերթական անգամ դիմել է արդարադատության նախարարություն՝ պարզելու համար, թե ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսն են կազմում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձինք, ազատությունից զրկված անձանցից քանի տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն, և 60 տարեկանից բարձր շեմ ունեցող անձանցից քանի՞ տոկոսի մոտ է առկա քրոնիկ հիվանդություն:

Ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցողները 95 հոգի են՝ մոտ 4.2 տոկոսն է։ Նրանցից քրոնիկ հիվանդություններ ունեն 32-ը։

Քրոնիկ հիվանդություններ առկա են ազատությունից զրկված 255 անձի մոտ՝ մոտ 11.3%-ը։

Արդարադատության նախարարությունից հավելյալ տեղեկացրել են նաև, որ քրեակատարողական հիմնարկները ունեն 5346 անձի համար նախատեսված լրակազմ, որում 2020թ. ապրիլի 1-ի դրությամբ պահվել է 2259 անձ:

Հղում կատարելով Եվրոպայի խորհրդի 2019թ. տարեկան քրեական վիճակագրությանը՝ նախարարությունից նաև տեղեկացնում են, որ  Հայաստանն ազատազրկման ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքում է: Ապրիլի 1-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի բանտային բնակչության խտության ինդեքսով (100 տեղի հաշվով) Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում խտությունը 42.2 % է (գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (89,5%)):

Տրամադրված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 16-ից մինչև մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլ ամսվա առաջին տասնօրյակում ևս արձանագրվել է ազատումների թվի աճ:

Գնահատելով արդեն իսկ ձեռնարկված քայլերն ու առկա վիճակագրական պատկերը, բանտերում հասարակական վերահսկում իրականացնող խումբը, այնուամենայնիվ, կոչ է անում արդարադատության նախարարությանը հետևողականություն ցուցաբերել և գործադրել հատուկ և արագացված ընթացակարգեր՝ ազատությունից զրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ծանր հիվանդության հիմքով պատժից ազատ արձակելու, ինչպես նաև պատժատեսակները փոխելու համար։