Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակել է օտարերկրյա առաջնորդների անունները, ովքեր հունիսի 24-ին Մոսկվա կմեկնեն՝ մասնակցելու Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը։
Ցանկում ՄԱԿ֊ի անդամ երկրների ղեկավարներից 7-ն են․ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները։ Տոնակատարությանը կմասնակցեն նաև Աբխազիայի և Հարավային Օսետիայի ինքնահռչակ հանրապետությունենրի նախագահները։ Աբխազիան և Հարավային Օսետիան Ռուսաստանի կողմից ճանաչված են որպես սուվերեն պետություններ, բայց աշխարհի երկրների մեծ մասի կողմից համարվում են Վրաստանի մաս։ Մոսկվան հունիսի 24-ին կհյուրընկալի նաև Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքական պրեզիդիումի անդամ Միլորադ Դոդիկին։
Մայիսի 9-ին նախատեսված շքերթին մասնակցելու պատրաստակամություն հայտնել էին ավելի մեծ թվով ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Չեխիայի և Խորվաթիայի նախագահները։ Համավարակի պատճառով շքերթը հետաձգվեց, և շատ առաջներդներ չեղարկեցին այցելությունը։ Մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մերժել էին նաև մայիսի 9-ի շքերթի հրավերը։
Պեսկովը նշեց, որ Կրեմլում՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, «ըմբռնումով» են մոտենում հրավերի մերժմանը շատ երկրների առաջնորդների կողմից։ Կորոնավիրուսի պատճառով Մոսկվա այցելությունը չեղարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը շքերթին չի մասնակցի․ փչացել է նախագահի ինքնաթիռը։
Հակահիտլերյան կոալիցիայում ԽՍՀՄ հիմնական դաշնակիցները՝ ԱՄՆ֊ն և Մեծ Բրիտանիան տոնակատարությանը կմասնակցեն դեսպանների միջոցով։
- 15 տարի առաջ՝ Հաղթանակի 60-ամյակի տոնակատարությանը, Մոսկվայում կազմակերպվող շքերթին ներկա էին ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդն ու Գերմանիայի կանցլերը։