Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսատան բաժանմունքի պետը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի հուլիսի 5-ից մինչ 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով նույն մաքսային կետի՝ պաշտոնատար անձ հանդիսացող այլ աշխատակիցների հետ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև շահադիտական դրդումներից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Վերոգրյալ գործողությունների արդյունքում խաթարվել է ՊԵԿ մաքսային ծառայության բնականոն գործունեությունը, տնտեսվարողը խուսափել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և Հայաստանի Հանրապետություն մեծածավալ ապրանքներ ներմուծելու դիմաց օրենքով սահմանված առանձապես խոշոր չափերի՝ մաքսատուրք, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ և բնապահպանական վճար վճարելուց՝ այդ կերպ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Քրեական գործով կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մաքսանենգ ճանապարհով պարբերաբար Հայաստանի Հանրապետություն բեռներ տեղափոխելու փաստը հավաստող ապացույցների բավարար համակցություն, այդ թվում՝ կեղծ գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթեր, մատյաններ, հայտարարագրեր, զննվել են մաքսատան համակարգիչները, որոնցով պարզվել է, որ մաքսակետով անցած և քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բեռնատար ավտոմեքենաների տվյալները չեն մուտքագրվել ՊԵԿ էլեկտրոնային բազաներ՝ այդ կերպ տնտեսվարողներին ազատելով հարկեր, տուրքեր վճարելուց և մյուսների հանդեպ ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ:
Հաղորդագրությունում նշվում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել մաքսային բաժանմունքի պետին, տեղակալին, մաքսային բաժանմունքի երկու տեսուչներին, նրանց օժանդակած անձին, բեռնատար ավտոմեքենայի վարորդին, թվով երեք տնտեսվարողներին Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրանցից վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երեքի նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:
– Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր մեխանիզմի կիրառման արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, մաքսային տեսուչների և տնտեսվարողների կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ, – մասնավորապես, հայտնում է կառույցը։