Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն համատեղ կոչով դիմել են Ադրբեջանին` պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:
«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին բազմաթիվ պնդումներով, որոնք փաստագրված են, մասնավորապես, Human Rights Watch-ի վերջերս հրապարակված զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել բոլոր նման մեղադրանքներն ու պատասխանատվության կանչել մեղավորներին: Անհրաժեշտ է ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի լիարժեք պաշտպանությունն ու արգելել խոշտանգումները, ինչպես նաև արժանապատվությունը նվաստացնող և այլ անմարդկային վերաբերմունքը:
Ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ միջանկյալ միջոցը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին տեղեկություն տրամադրել պահվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի համար ձեռնարկվող միջոցների մասին:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում Ադրբեջանին՝ ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին համաձայնագրի՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ կալանավորվածներին»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը մինչ այժմ հստակ չէ։ Հայկական իշխանությունների պնդմամբ՝ Ադրբեջանից վերադարձվել է 69 գերի։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը դատարանին միջնորդության հայց է ներկայացրել 240 դեպքերով։ Դեպքերի ճնշող մեծամասնությանը կցված են ֆոտո- կամ վիդեոապացույցներ այն մասին, որ այս մարդիկ կալանավորվել են ադրբեջանական ուժերի կողմից։
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են (ռազմագերիների) փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է (պատճառների մասին՝ այստեղ, այստեղ և այստեղ)։