Home / Հայաստան / Դեսպանն ու նախկին նախարարը տարածք են գրավել Երևանում․ ՔԿ

Դեսպանն ու նախկին նախարարը տարածք են գրավել Երևանում․ ՔԿ

Իսրայելում  Հայաստանի դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ մեկ այլ պաշտոնատար անձի՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Քննչական կոմիտեի ապրիլի 19-ի հաղորդագրությունում մեղադրվողների անունները նշվում են որպես «Ա․Ս․» և «Հ․Պ․»։ Պարզ է, որ խոսքը Արմեն Սմբատյանի և հետախուզվող Հասմիկ Պողոսյանի մասին է։

Առաջինը պաշտոնյա է եղել անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք․
– 1995-ից Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր,
– 96-98թթ․ – մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար,
– 2002-2010` Ռուսաստանում ՀՀ դեսպան,
– 2010-2013` ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն,
– 2014՝ ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով,
– 2018-ից – Իսրայելում Հայաստանի դեսպան։

Հասմիկ Պողոսյան․
– 1986-2006՝ օտարերկրյա երկրների հետ կապերի հանձնաժողովի անդամ,
– 2006-ից պարբերաբար նշանակվում էր մշակույթի նախարար,
– 2018-ից՝ ՀՀ նախագահի խորհրդական։

Ըստ ՔԿ-ի, դեսպանը, ով միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության նախագահն է, օժանդակել է նախկին նախարարի և վերոնշյալ  հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն: Այնուհետև նշված հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550.000 ԱՄՆ դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը:

Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 դրամ գումարի չափով:

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ նշված քրեական գործով մշակույթի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: