Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Կամո Համբարձումյանը ավելի քանի 10 միլիոն դրամ է յուրացրել, հայտնել է ԱԱԾ-ն։
Հաղորդման համաձայն՝ Համբարձումյանը 2019 թվականի հոկտեմբերից տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել իր ընկերոջը, նրա կնոջը, եղբորն ու իր ևս երկու ծանոթների։ Թեև վերջիններս իրենց ընդունման ամսվանից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, տնօրենը ամեն տարի հաստատել և վավերացրել է հաստիքացուցակները, որոնցում նրանք ձևակերպված են եղել որպես աշխատող: Արդյունքում՝ «չաշխատողների» անունով որպես աշխատավարձ ուսումնարանի բյուջեից անհիմն դուրս է գրվել շուրջ 9 200 000 դրամ, որը Համբարձումյանը գրպանել է։
Բացի այդ, տնօրենը ՊՈԱԿ-ի երկհարկանի շինության շուրջ 250 քմ մակերեսով տարածքն առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման տրամադրել է իր ծանոթներին՝ կահույքի արտադրություն կազմակերպելու համար, որի դիմաց 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել է ամսական 80.000 դրամ։ Ստացած գումարը Համբարձումյանը չի մուտքագրել ուսումնարանի դրամարկղ, այդպիսով յուրացնելով ընդհանուր առմամբ շուրջ 1 400 000 դրամ։
Դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: