«Margarita Garcia» օգտատերը մայիսի 11-ի ուշ երեկոյան գրառում կատարեց, թե ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվում են սքրինշոթեր։ Դրանք իբրև փաստում էին, որ «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգողներից Անտոն Իվչենկոն գումարի դիմաց տեսանյութեր և այլ տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական կողմին։ Օգտատերը հավելել է՝ «հետագայում պարզեցինք, որ տվյալ անձը ղեկավարում է դիտորդներին, ովքեր իբրև պետք է հսկեն, որ ընտրությունները չկեղծվեն»։
Ինչպես պարզվում է, կեղծվածը սքրինշոթերն էին։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Գրառումը ժամեր անց այլևս հասանելի չէր
«Margarita Garcia»-ի գրառումը ժամեր անց արդեն հասանելի չէր։ Գրառմանը կից պատկերներից երևում էր՝ իբրև «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգողներից Անտոն Իվչենկոն ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ ադրբեջանական զինծառայողների սպանության, կտտանքների տեսանյութեր է ուղարկել և դրա համար հասանելիք գումարն է պահանջում։
Այս հրապարակումը կիսվել է 90 անգամ։ Գրառման մեկնաբանություններում հեղինակը կոչ է անում բովանդակությունը ոչ թե կիսել, այլ նկարները վերբեռնել իրենց էջերում, քանի որ «էջիս սպամ են ուղարկում, կարող ա փակվի»։ Կոչ է անում պատկերները տարածել տարբեր խմբերում։
Գրառման հեղինակը նույն բովանդակությունը տարածել էր «Անկախ դիտորդ»-ի ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններում։
Այս նույն պատկերը այլ հաշիվերի միջոցով ուղարկվել է տարբեր օգտատերերի։
«Margarita Garcia»-ի օգտահաշիվն այլևս հասանելի չէ, հետևաբար չկա նաև գրառումը։ Սակայն, առկա տվյալներով մեզ հաջողվեց պարզել, որ գրառման վրա նա նշել էր 9 հաշիվ։
Նշվածների թվում է՝
– 2021-ի սկզբում աղմուկ բարձրացրած «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտահաշիվը, որի իրական վարողին բացահայտելու համար բերման ենթարկեցին և անգամ կալանավորեցին մի շարք ընդդիմադիր հայացքներով և իշխանական անցյալով գործիչների,
– newspress.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանը, որը սուտ մատնության դրդելու համար մեղավոր է ճանաչվել 2016-ին, իսկ 2020-ին Երևանում կատարված ֆոտոսեսիան քաղաքական շեշտադրմամբ ներկայացրել էր իբրև միասեռականության «քարոզ»։
Նշված մյուս էջերը և անձնական հաշիվները կամ մի քանի տարի արդեն հրապարակումներ չեն կատարում, կամ տարածում են ընդդիմադիր բովանդակություն։
Տարածվող բովանդակությունը իրական չէ․ սա փաստող հետքեր կան
Անտոն Իվչենկոն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ իր մասին տարածվող լուրին։ Նա ասաց, որ «ֆեյք օգտահաշիվը» տարածում է «անհայտ ծագման սքրինշոթներ», որոնցում իր ֆեյսբուքյան օգտահաշիվի կրկնօրինակն է։ «Մեկը կեղծ Անտոնն է, մյուսը՝ անհայտ ադրբեջանցի գործակալը», – գրել է նա:
Նրա գրառման մեկնաբանություններում օգտատերերը փաստերի ստուգումներ էին կատարել, որոնք ցույց էին տալիս նկարների ոչ իրական լինելը։
Media.am-ը ստուգել է այս պնդումները և հաստատում է հետևյալը․
1․ Ֆեյսբուք սոցցանցի մեսինջերում հաղորդագրությունները աջ և ձախ հավասարեցմամբ են։ Հրապարակված հաղորդագրություններում աջ հավասարեցումը խախտված է, ինչը խմբագրման հետք է։
Բացի դրանից, կան հավելվածներ, որոնք թույլ են տալիս ստեղծել չաթեր տարբեր մեսինջերների նմանությամբ։ Դրանցով հնարավոր է ուղարկել և ստանալ հաղորդագրություններ ցանկացած մարդու անունից, ցանկացած պատկերով, ցանկացած ժամանակահատվածում։
2․ Հաղորդագրություններում ադրբեջաներենով երևում է հաղորդագրությունները ուղարկելու շաբաթվա օրը, որը չնայած ամսաթվերի փոփոխման միշտ նույն օրն է՝ չորեքշաբթի (çrş` çarşamba)։ Իրականում 2020-ի հունիսի 11-ը հինգշաբթի էր, հուլիսի 11-ը` շաբաթ։
3․ Տեսանյութերի ուղարկելու նամակագրությունը սկսվել է 2020-ի հունիսի 11-ին, պատասխանը ուղարկվել մեկ ամիս անց՝ նույն օրը։ Բայց այս ընթացքում սահմանային միջադեպեր չեն եղել։ 2020-ի Տավուշի մարտերը սկսել են հուլիսի 12-ից, իսկ Արցախյան երկրորդ պատերազմը՝ սեպտեմբերի 27-ից։
Անտոն Իվչենկոն իր գրառման մեջ նաև ուշադրություն է հրավիրել լեզվի վրա․ իր առաջին լեզուն ռուսերենն է, ուստի նամակագրության «անգրագետ և անտաշ ռուսերենով» նա դժվար իր ծառայությունները առաջարկեր ու գումարը պահանջեր։
Իվչենկոն իր գրառման մեջ նաև պնդել է, որ այս արշավը ոչ թե իր, այլ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ է։ Նա այս դաշինքի համակարգողներից է։ Ըստ նրա՝ այս կեղծ բովանդակության տարածումը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ դիտորդությունը վարկաբեկելու համար է արվում։ Նա նաև նշել է, որ հանցագործության հաղորդում է ներկայացնելու սուտ մատնության մասին: