Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրել: Այս մասին հայտնել է ԶՈւ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը։
«Ադրբեջանական զորքերն իրենք են հրահրել փոխհրաձգությունը: Հայկական կողմը ունի մեկ թեթև վիրավորում ստացած զինծառայող: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը ունի երկու վիրավոր զինծառայող», – նշել է Ասատրյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանական զորքը մայիսի 12-ից Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, օրեր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է հայաստանցի վեց զինծառայող, որոնցից չորսը, սակայն, հետագայում վերադարձվել են։
Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել էին, որ շուտով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածի երկայնքով տեղակայվելու են ռուս սահմանապահներ, իսկ երկու կողմերի զինուժերը հայելային եղանակով հետ են քաշվելու։