Home / Մարզեր / ՔՊ-ի նախորդ հաջողությունները ՏԻՄ ընտրություններում չկրկնվեցին

ՔՊ-ի նախորդ հաջողությունները ՏԻՄ ընտրություններում չկրկնվեցին

Գյումրի

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց գործող քաղաքապետի «Բալասանյան դաշինքին»․ վերջինս ստացել է քվեների 36,59 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է մոտ 30 տոկոսը։ Անցողիկ շեմը՝ 4 տոկոսը հաղթահարել է ևս 3 կուսակցություն։

Գյումրիի ավագանու 33 տեղերը, հետևաբար, կբաշխվեն 5 քաղաքական ուժերի միջև՝ «Բալասանյան դաշինքի», ՔՊ-ի, ամիսներ առաջ հիմնադրված «Զարթոնք» կուսակցության (հավաքել է քվեների մոտ 10 տոկոսը), «Լուսավոր Հայաստանի» նախկին անդամ Մանե Թանդիլյանի գլխավորած՝ նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցության (ստացել է ձայների ավելի քան 5 տոկոսը) և 2018-ին իշխանությունից հեռացված Սերժ Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցության (հավաքել է ձայների մոտ 5 տոկոսը)։

Նախօրեին ՏԻՄ ընտրություններ են անցել Հայաստանի 6 մարզերի 9 համայնքներում։ Ամենացածր մասնակցությունն արձանագրվել է հենց Գյումրիում․ քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 24 տոկոսը։

Գորիս

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է նաև Գորիսում, հաղթել է 2021 արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակաշառության համար կալանավորված՝ գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած՝ «Առուշ Առուշանյանի» դաշինքը։

Վերջինս ստացել է քվեների 60,28 տոկոսը, ՔՊ-ն երկրորդ տեղում է՝ 34,3 տոկոսը։ Հայ ազգային կոնգրեսը երրորդ տեղում է՝ 2,7 տոկոսըը:

Գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը հաղթանակը տոնում է կալանավայրից․ վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձերբակալվել էր, մեղադրվում է ընտրական խախտումների մեջ։

Ըստ ԿԸՀ-ի՝ Գորիսում ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 50 տոկոսը։

Դիլիջան

Դիլիջան խոշորացված համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է Դավիթ Սարգսյանը։

ՔՊ-ն ստացել է քվեների 56․78 տոկոսը, երկրորդ տեղում Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիրն» է՝ 23.83 տոկոս։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Քաղաքացու որոշում» և «Հանրապետություն» կուսակցությունները՝ 7.48 և 6.35 տոկոսով։

Դիլիջանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44 տոկոսը։

Մեղրի, Տեղ, Տաթև

Մեղրի խոշորացված համայնքում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է Արմեն Սարգսյանի գլխավորած՝ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 41.83 տոկոս։ Ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը։ Երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ 32.11 տոկոս։ Ավագանի են անցել նաև Ազատական՝ 14․04, և «Ապրելու երկիր»՝ 9․55 կուսակցությունները։

Մեղրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի շուրջ 59 տոկոսը։

Տեղում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները՝ ստանալով քվեների 63․62 տոկոսը։ ՔՊ ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունց։ Երկրորդ տեղում «Ապրելու երկիրն» է՝ 34.16 տոկոս։ Առաջադրված այլ ուժեր համայնքում չկային։

Քվեարկությանն այստեղ մասնակցել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ նախնական տվյալների, հաղթել է նաև Տաթևում՝ քվեների 48.94 տոկոսով։ ՔՊ ցուցակը գլխավորում է վերջերս հանայնքի ժ/պ նշանակված Արթուր Մաթեւոսյանը։ Նախկին համայնքապետ Սամվել Լալայանի «Շանթ դաշինքը» երկրորդ տեղում է 36.29։ Ավագանի է անցել նաև «Ապրելու երկիրը»՝ 12․88 տոկոսով։

ՏԻՄ ընտրությանը Տաթևում մասնակցել է ընտրողների շուրջ 62 տոկոսը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 17-ին Գյումրի քաղաքում, Դիլիջան, Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթև խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։

Քաղաքացիներն՝ արդեն համամասնական կարգով (կուսակցության կամ դաշինքի ցուցակով), ընտրում էին համայնքի ավագանի, որի կազմից հետագայում ընտրվում է նաև համայնքի ղեկավարը։

Ֆիոլետովո, Ֆերիկ, Շամիրամ

ՏԻՄ ընտրություններ էին նաև ռուսաբնակ Ֆիոլետովո, եզդիաբնակ Ֆերիկ և Շամիրամ գյուղերում։ Ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերում ընտրությունները մեծամասնական կարգով էին․ Ֆերիկն ավագանի էր ընտրում, իսկ Ֆիոլետովոն և Շամիրամը՝ և ավագանի, և համայնքապետ։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ղեկավար ընտրվեց Ալեքսեյ Չիչյով։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար այստեղ երեք թեկնածու էր առաջադրվել, ընտրությանը մասնակցել է գյուղում հաշվառված ընտրողների շուրջ 28 տոկոսը։

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ղեկավարի է ընտրվել Մրազ Բրոյանն։ Շուրջ 3 տասնամյակ Շամիրամը ղեկավարող Բրոյանը մրցակիցներ այս ընտրություններում չուներ՝ միակ թեկնածուն էր։ Քվեարկությանը Շամիրամում մասնակցել է ընտրողների 26 տոկոսը։ Բրոյանն, ի դեպ, ինքն իրեն չի ընտրել։ Ասում է՝ ««30 տարի աշխատում եմ, հերիք ա, էլի․․․»։

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղն էլ նախօրեին ավագանի էր ընտրում։ Ինքնաառաջադրվել էր 6 թեկնածու։ Նրանցից 5-ը՝ ընտրվել։ Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28․6 տոկոսը։