Կառավարությունն այսօրվա նիստին ընդունել է նախագիծ, որով կբացառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը:
Ըստ Արդարադատության նախարարության հիմնավորման, գործող օրենքով՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Միևնույն ժամանակ, օրինակ՝ համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը։
Հենց այս իրավակարգավորումների պատճառով, ըստ նախարարության, բազմաթիվ շինությունների օրինականացման գործընթացը սկսվել է միայն դրանց կառուցումն ավարտին հասցնելուց հետո՝ առանց շենքերի ճակատների տեխնիկական վիճակի և անհրաժեշտ ճարտարապետական պատշաճ տեսքի պահպանման շինությունների։
Նոր օրենքն, ըստ նախարարության, կստիպի քաղաքացիներին և իրավաբանական անձանց շինարարական թույլտվություն պահանջող ցանկացած շինարարական գործունեություն իրականացնելուց առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ շինարարական թույտվություն, իսկ շինարարական գործունեությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ»:
Նախագծով մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և դրանից հետո կառուցված ինքնակամ կառույցների համար երկու ռեժիմ է սահմանվել․
1․ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների ․օրինականացման նկատմամբ կգործեն ներկայիս կարավորումները Ընդ որում դրանք գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված հատվածի վրա:
2․ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես ․նախատեսվում է երկու ռեժիմ:
Հողամասի սեփականատիրոջ կողմից իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցի դեպքում, սեփականատերը կարող է առանց դատարան դիմելու քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի դեպքում՝ քանդումը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը:
Երևանի սահմաններում կառուցված ինքնակամների ներկայացման և հաշվառման համար տրված է ժամկետ մինչև 2023-ի հունվարի 1-ը, այն համայնքները, որտեղ կան քաղաքային բնակավայրեր՝ մինչև 2024 թվականը, և գյուղական բնակավայրերում՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շեշտեց՝ ըստ մեխանիզմի, արագ գործողություններ պետք է ձեռնարկեն հատկապես այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ շինություններ են կառուցել 2021-ի հունվարից մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը։ Նրանց տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում, ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, որոնք ապագայում կսահմանի կառավարությունը։
Բացի այդ՝ ՏԻՄ և Երևան քաղաքում ՏԻՄ մասին օրենքներում նախատեսվել են կարգավորումներ, որոնցով համայնքի ղեկավարն և Երևանի քաղաքապետը իրավասություն կստանան համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման որոշում կայացնելու և այդ որոշման ի կատար ածումն իրենց լիազորությունների շրջանակներում ապահովելու:
Ըստ նախագծով առաջարկվող կարգավորումների, վերոհիշյալ դեպքերում քանդման որոշման ապահովումը կլիազորվծի քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից։ Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի տեղական ինքնակառավարման մարմնում և խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարականներ կտա՝ ուղղված բացահայտված խախտումների և թերությունների որոշակի ժամկետում վերացմանը: Ըստ նախագծի՝ Տեսչական մարմինը կկարողանա ստուգման արդյունքների հիման վրա վարչական վարույթ հարուցել համայնքի ղեկավարի նկատմամբ և վերջինիս ենթարկել վարչական պատասխանատվության։
Եթե հիշյալ դեպքերում համայնքի ղեկավա չընդունի քանդման որոշում չապահովի դրա կատարումը, այդ լիազորությունները կփոխանցվեն Տեսչական մարմնին: Նախագծով նաև նախատեսվել է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին տեսչական մարմնի կայացրած վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու կարգը:
Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, համաձայն որոնց՝ հողամասերում ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու արդյունքում պատճառված վնասի հատուցումն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Ըստ նոր նախագծի կարգավորումների՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման մասին կայացված վարչական ակտը դատական կարգով վիճարկելու կամ վարչական կարգով բողոքարկվելու դեպքում դրա կատարումը չի կասեցվում:
Բացի այդ, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կադաստրի կոմիտեն օրենքով նախատեսված դեպքերում լիազորված կլինի իրականացնել Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցների հաշվառում:
Նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ հաստատման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ընթացքում նշեց, որ կարիք կա արագացված կարգով, արտահերթ նիստով օրենքն ընդունելու, քանի որ շատերը կարող են կառույցների շինարարությունը սկսել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։