Մարտի 18-ին Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) մաքսատուրքերի հաշվարկման համար համաձայնության են եկել ստեղծել «ռուբլու միասնական տարածք»։
Ռուս նախարարը նշել է, որ գործարքները մինչ այս արվում էին այլ երկրների արժույթով (Հայաստանում՝ դոլարով)։ Այժմ, ըստ նրա, որոշվել է օգտագործել «ազգային արժույթը», ինչը ենթադրում է «ռուբլու միասնական տարածքի» ձևավորում։
Ի՞նչ է սա նշանակում։ Epress.am-ի հարցերին պատասխանել է Կենտրոնական բանկի՝ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Epress.am — Ի՞նչ է սա իրենից ներկայացնում։
Կենտրոնական բանկ — Խոսքը գնում է ներմուծման մաքսատուրքերի վերաբաշխման մեխանիզմի մասին։
Ի տարբերություն ներկայումս սահմանված մեխանիզմի, որի պարագայում մաքսատուրքերի վերաբաշխումը երկրների միջև տեղի է ունենում ԱՄՆ դոլարի միջոցով, կողմերը պայմանավորվել են, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ իրականացվող մաքսատուրքերի վերաբաշխման գործարքները տեղի կունենան ռուսական ռուբլու կիրառմամբ։
E. — Ո՞րն է այս համակարգի նպատակը և ինչքանո՞վ այն կապ ունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ու ռուբլու արժեզրկման հետ։
ԿԲ․ — Ինչպես գիտեք, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի հավաքագրման և միմյանց բյուջեներ փոխադարձ փոխանցելու հետ կապված
գործում էր հետևյալ մեխանիզմը․ երրորդ երկրներից ստացվող ապրանքներից ներմուծման մաքսատուրքերի գումարները ազգային արժույթներով հավաքագրում էին, բաշխվում էին սահմանված գործակիցների համաձայն, ապա փոխարկվում էին ԱՄՆ դոլարի և փոխանցվում ԵԱՏՄ անդամ պետություններ:
Քանի որ սահմանափակումների պատճառով Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության հետ ներմուծման մաքսատուրքերի փոխհաշվարկների հետ կապված փոխհարաբերություններում ԱՄՆ դոլարի կիրառումը այլևս հնարավոր չէ, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և ԵԱՏՄ անդամ պետությունների նախաձեռնությամբ մեկնարկել են փոխհաշվարկների իրականացման այլընտրանքային մեխանիզմների մշակման աշխատանքները։
Ներկայումս քննարկման փուլում են փոխհաշվարկների իրականացման մի քանի մեխանիզմներ, որոնք ուղղված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային արժույթների դերի ընդլայնմանը․․․
E. — Ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ դրամի վրա։
ԿԲ․ — Քանի որ քննարկվող մեխանիզմները դիտարկվում են ներմուծման մաքսատուրքերի փոխհաշվարկների իրականացման համատեքստում, ապա այն չի կարող որևէ կերպ ազդել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից իրականացվող ազգային դրամավարկային քաղաքականությունների վրա։
E. — Մոտավորապես ի՞նչ ժամանակներում է այն գործարկվելու։
ԿԲ․ — Գործադրվում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի սեղմ ժամկետներում, սահուն կերպով ներդրվի ներմուծման մաքսատուրքերի փոխհաշվարկների նոր մեխանիզմը։