39 հաստատված գերի կա․ պետք է վերադառնան՝ առանց նախապայմանների
Բրյուսելում քննարկվող հիմնական թեմաներից էր նաև գերիների և պահվող այլ անձանց վերադարձը՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Եվրամիության, միջազգային կազմակերպությունների և Հայաստանի դիրքորոշումն այն է, որ օր առաջ գերեվարվածները պետք է վերադարձվեն։
Ադրբեջանն, ըստ Փաշինյանի, աընդհատ փորձում է լրացուցիչ պայմաններ առաջ քաշել․ «Մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն: Այդ իմաստով որևէ նոր բան տեղի չի ունեցել»։
Փաշինյանը նշել է, որ այս պահին Ադրբեջանում 39 հաստատված գերի կա, որոնցից մեկը վերջերս է մոլորվել և հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ «Մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք․ ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է», – ասել է Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով, հումանիտար հարցերը պետք է դիտարկել քաղաքական խնդիրներից անջատ՝ նախապայմաններից անջատ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում գտնվող 39 հաստատված գերիների գերակշիռ մասը դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն:
«Ղարաբաղի էթնիկ հայեր»․ Բրյուսելում ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել
«Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է։ Հայաստանը համարում է, որ հիմնախնդիրը լուծված չէ: Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձևակերպումների շուրջ կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել», – պատասխանելով մեկ այլ հարցի՝ ասել է Փաշինյանը:
Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած բանակցույթուններից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրեջանի ղեկավարների առաջ շեշտել է, որ անհրաժեշտ է անդրադառնալ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը»:
«Հայկական մեդիա տիրույթում այս խոսքերը տարբեր կերպ մեկնաբանվեցին։ Շահարկումներ եղան, որ սա նշանակում է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, ԵՄ-ն չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը»,- հարցից առաջ նշել է պատգամավոր Արման Եղոյանը։
Վարչապետն արձագանքել է՝ ՄԽ համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել են այդ բանակցություններն ու քննարկումները:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Ռուսաստանի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով:
Բրյուսելում ԼՂ հիմախնդրի վերաբերյալ կարևոր քննարկում է եղել, և դրա արդյունքներով արձանագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները», – պատասխանել է Փաշինյանը:
Տարբերություններն, ըստ նրա, արտահայտված են նաև հրապարակայնորեն։ Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, Հայաստանը՝ իր դիտարկումներն ու օրակարգը:
«Մենք ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ։ Մեր առաջադրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և վերջնական կարգավիճակի ճշգրտումը:
Քանի որ քննարկումների արդյունքում ձևակերպումների շուրջ կողմերի միջև համաձայնություն չի ձևավորվել, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություն, որն իր կարծիքով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից», – ասել է Փաշինյանը:
Հայաստանն, ըստ նրա, ավելի վաղ արտահայտել է իր դիրքորոշումները, այդ հարցում որևէ փոփոխություն չկա։
Բրյուսելյան հանդիպմանն անկլավների հարց չի քննարկվել
Փաշինյան-Ալիևի-Միշել վերջին հանդիպման ընթացքում անկլավների հարց չի քննարկվել․ դրանց անդրադառնալու են արդեն սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների ժամանակ։
Դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան՝ հայտարարել է Փաշինյանը․ «Մինչև այս պահը մենք մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»։