Ցմահ դատապարտյալ Միքայել Մարտիրոսյանի մոտ դեռևս 2019 թվականին Հեպատիտ C են ախտորոշել․ դատապարտյալին, սակայն, այդ մասին չեն ասել, ծանր հիվանդության մասին նա իմացել է մոտ մեկ տարի անց՝ քաղաքացիական հիվանդանոցներից մեկում բուժում ստանալուց։ Երեք տարի շարունակ նրան որևէ բուժում չի տրամադրվել։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից արդարանում են՝ հեպատիտ С-ով շատ հիվանդներ կան նաև «Նուբարաշենում» և «Դատապարտյալների հիվանդանոցում», իբր՝ հիմա նրանց են բուժում, «Արմավիրին» հերթ չի հասել․․․
Այս մասին տեղեկացել ենք forrights.am-ի հրապարակումից։
Մարտիրոսյանը կիսաբաց ռեժիմի դատապարտյալ է։ Սովորում է հոգեբանական ֆակուլտետում, աշխատում է, ստացած աշխատավարձով ուսման վարձն է վճարում:
2020 թվականի ապրիլին նրան տեղափոխել են «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ քթի միջնապատի վիրահատության: Այնտեղ նա իմացել է, որ ունի Հեպատիտ C՝ վիրուսային ծանր հիվանդություն, որն ախտահարում է լյարդը:
«Կամ սեռական ճանապարհով եք վարակվել, կամ էլ՝ ուրիշի ասեղից», — ասել է «Արթմեդի» աշխատակիցը՝ ակնարկելով թմրամիջոցների ընդունում:
Դատապարտյալը այս խոսքերը վիրավորական է համարել և հրաժարվել միջնապատի վիրահատությունից:
«Այնտեղ ինձ արհամարհական վերաբերմունք ցույց տվեցին, քանի որ դատապարտյալ էի՝ պետպատվերի հիվանդ: Ես 2003 թվականից ես սեռական հարաբերություն չեմ ունեցել, իսկ թմրամիջոցներ երբեք չեմ օգտագործել: Նրանք ինձ վիրավորեցին: Ես չցանկացա, որ նրանք ինձ վիրահատեն», – Forrights-ին պատմել է Միքայելը:
Վերադառնալով «Արմավիր» բանտ, նա իմացել է, որ Հեպատիտ C-ն ախտորոշումը բժշկական թղթերում նշված է դեռևս 2019 թվականից:
«Փաստորեն, իրենք հայտնաբերել են այդ հիվանդությունը դեռ 2019 թվականին, բայց ինձ մի կես բերան չեն ասել: Ես չգիտեմ՝ ոնց, ինչ, ով է ինձ վարակել: Գոնե ասեին՝ դիետա պահեի կամ, չգիտեմ, ինչ-որ բուժում փորձեի իրականացնել: Չեն ասել, պարզապես չեն ասել, և ոչ մի բացատրություն ես ոչ «Արմավիրի» բժշկից, ոչ էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից չեմ ստացել: Նրանք երբեք չեն բացատրում մեզ, թե ինչը ոնց է: Հնարավոր է, ես ատամնաբույժի մոտ եմ վարակվել կամ հենց բժիշկների կողմից», — ասել է Մարտիրոսյանը:
Այս տարի նա դիմում է գրել՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանից պահանջելով, որ իրեն տանեն վիրահատության քաղաքացիական որևէ հիվանդանոց։ Պատասխան չի ստացել: Ցմահ դատապարտյալը գանգատվում է նաև սուր գլխացավերից, սրտի արագ աշխատանքից: Ասում է, որ պահանջել է գոնե գլխի հետազոտություն անցկացնել, բայց պահանջը չեն կատարվում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից Forrighst-ի հարսցմանը պատասխանել են, որ անպատասխան մնացած որևէ դիմում Միքայել Մարտիրոսյանից չունեն։
Ինչպե՞ս կարող էիք Հեպատիտ ախտորոշել և հիվանդին այդ մասին չտեղեկացնել: Հարցին ի պատասխան ՊՈԱԿ-ից ասել են, թե նման բան չի եղել:
«Առաջին անգամ 2019 թվականի դեկտեմբերի 26-ին արվել է Հեպատիտ C-ի ռապիդ թեստը: Հհայտնաբերվել է հիվանդությունը, արդյունքների մասին իրեն տեղեկացված եղել է: Եթե դուք նստած լինեք, ձեր մատը ծակում են, արյունը կաթեցնում են թեստերի պլաստմասսե հատվածի վրա ու երկու րոպեում հիվանդը գիծը տեսնում է, ապա դատապարտյալի ներկայությամբ գրառում է արվում թերթիկում: Ո՞նց կարող է նա չիմանալ, որ ինքը հեպատիտ C ունի», — ասել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բուժսպասարկման կազմակերպման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը:
Հարցին, թե ինչպես կարող է ՊՈԱԿ-ը ախտորոշել հեպատիտ, բայց 3 տարի որևէ բուժում չիրականացնել, նա պատասխանեց, որ Հեպատիտ C-ով շատ հիվանդներ ունեն «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում․ «Առայժմ նրանց բուժումն ենք սկսել, երբ ավարտենք, նոր կանցնենք «Արմավիրին»», — պատասխանել է Բաբայանը:
Հարցին՝ արդյոք տեղեկացման թերթիկում կա դատապարտյալի ստորագրությունը, նա պատասխանել է. «Ոչ»:
Մարտիրոսյանը նշել է, որ իր դիմումի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից պատասխանել են միայն այն բանից հետո, երբ Forrights-ը դրա վերաբերյալ հարցեր է ուղղել ՊՈԱԿ-ին: Միքայել Մարտիրոսյանը վերահաստատել է՝ 2019 թվականին կատարված Հեպատիտ C-ի ախտորոշման արդյունքների մասին իրեն չեն տեղեկացրել։