Home / Հայաստան / Նախկինների առաջնորդած երթը բախվեց ոստիկանությանը․ կան վատացածներ

Նախկինների առաջնորդած երթը բախվեց ոստիկանությանը․ կան վատացածներ

Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ ընդդիմության ակտիվիստների և ոստիկանների միջև հրմշտոց էր սկսվել․ շտապօգնության մեքենայով «Հերացի» թիվ մեկ հիվանդանոց տեղափոխվեց 4 քաղաքացի, որոնցից 2-ը՝ ոստիկան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր երթով հասել էին կառավարության երրորդ մասնաշենք՝ հարցեր տալու պաշտոնյաներին և, դանշնակցական Իշխան Սաղաթելյանի ձևակերպմամբ, «հասկանալու՝ ով ով է, և ով է կիսում պատասխանատվությունը»։

Տեղում ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացած։ Ընդդիմադիրները կառավարության շենք մտնել չկարողացան։ Հրմշտոց սկսվեց։

Երրորդ մասնաշենքի մոտից ցույցի մասնակիցները գնացին գլխավոր մասնաշենքի մոտ, հետո հետ վերադարձան։ Ոստիկանները (այդ թվում՝ ուժի գործադրմամբ) սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Պաշտոնական տվյալներով, բաժիններ տարվեց 111 հոգի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրմշտոցի ժամանակ ոստիկաններ և ցուցարարներ են վատացել։ Շտապօգնության մեքենայով 4 հոգի, այդ թվում՝ 2 ոստիկան տեղափոխվել է «Հերացի» թիվ մեկ հիվանդանոց։ Հիվանդանոցից տեղեկացրել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունն է հաղորդել է, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձ։

Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ոստիկանները խփել են իրեն և մի քանի այլ պատգամավորների։

Հիշեցնենք՝ արդեն մեկ ամիս է, ինչ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքները լքել են խորհրդարանը և անցել «փողոցային անհնազանդության»։ Մինչև իշխանափոխության չհասնենք, Ազգային ժողով չենք վերադառնա՝ պայքարի մեկնարկին հայտարարում էին ընդդիմադիրները։

Օրեր առաջ, սակայն, ընդդիմությունը Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել՝ հայտարարություն ընդունելու համար։ Նրանք առաջարկում են, որ բանակցություններին զուգընթաց Հայաստանի խորհրդարանը հայտարարի, որ չի ընդունելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ Ընդդիմադիրները պահանջում են նաև նախապայմաններ առաջադրել Ադրբեջանին, օրինակ՝ որ Հայաստանը սահմանազատման և սահմանագծման կգնան միայն ռազմագերիների վերադարձից և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումից հետո։