Home / Բանակ / ԱՄՆ֊ն՝ 44.2, Չինաստանը՝ 11.7, ՌԴ֊ն՝ 8.6 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա

ԱՄՆ֊ն՝ 44.2, Չինաստանը՝ 11.7, ՌԴ֊ն՝ 8.6 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա

Աշխարհի միջուկային զենք ունեցող 9-ը երկրները 2021թ․֊ին 82․4 միլիարդ դոլար են ծախսել իրենց ատոմային սպառազինության արդիականացման համար՝ 8%-ով ավելի, քան նախորդ տարի:

Միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN)  տարեկան զեկույցի տվյալներով միջուկային զենքի վրա ամենաշատը ծախսել է Միացյալ Նահանգները՝ ընդհանուր ծախսերի կեսից ավելին։

Պատկերն այսպիսին է՝

  1. Միացյալ Նահանգներ՝ 44.2 միլիարդ դոլար
  2. Չինաստան՝ 11.7 միլիարդ դոլար
  3. Ռուսաստան՝ 8.6 միլիարդ դոլար
  4. Մեծ Բրիտանիա՝ 6.8 միլիարդ դոլար
  5. Ֆրանսիա՝ 5.9 միլիարդ դոլար
  6. Հնդկաստան՝ 2.3 միլիարդ դոլար
  7. Իսրայել՝ 1.2 միլիարդ դոլար
  8. Պակիստան՝ 1.1 միլիարդ դոլար
  9. Հյուսիսային Կորեա՝ 642 միլիոն դոլար

ICAN֊ը մեղադրում է միջուկային զենք ունեցող երկրներին «անպարկեշտ» ծախսերի մեջ․

«Միջուկային զենք ունեցող երկրները 2021թ․֊ին անպարկեշտ չափի գումարներ են ծախսել զանգվածային ոչնչացման ապօրինի զենքերի վրա, մինչդեռ աշխարհի երկրների մեծամասնությունը կողմ է միջուկային զենքի գլոբալ արգելքին: 

Այս ծախսերը չկարողացան զսպել պատերազմը Եվրոպայում և վատնեցին արժեքավոր ռեսուրսները, որոնք կարող էին ավելի լավ օգտագործվել անվտանգության ներկայիս մարտահրավերները լուծելու կամ դեռևս մոլեգնող համաշխարհային համաճարակի հետևանքները հաղթահարելու համար: Պետք է վերջ տալ անիմաստ ծախսերի այս կոռուպցիոն ցիկլին»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) նախազգուշացրեց, որ Միջուկային զենքի կիրառման ռիսկը Սառը պատերազմից ի վեր հասել է գագաթնակետին, քանի որ «միջուկային ակումբի» երկրները սկսել են ակտիվորեն մեծացնել իրենց զինանոցները։

Ռուսաստանն, օրինակ, արդեն բացահայտ սպառնացել է օգտագործել իր միջուկային զենքը։ Պուտինը ապրիլի վերջին նախազգուշացրեց Արևմուտքին, որ իր ճանապարհին խոչընդոտելու ցանկացած փորձ «ձեզ կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնց երբեք չեք հանդիպել ձեր պատմության մեջ»: Օրեր անց նա հրամայեց Ռուսաստանի միջուկային ուժերին բարձր պատրաստության վիճակի բերել:

Մինչ օրս միջուկային զենքի միակ օգտագործումը եղել է 1945թ․֊ին՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին, երբ Միացյալ Նահանգները ատոմային ռումբեր նետեց Ճապոնիայի Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների վրա։