Օգոստոսի 18-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ևս մեկ ադրբեջանցի վետերան ինքնահրկիզման փորձ է կատարել, հայտնում է Meydan TV-ն։
44-օրյա պատերազմի վետերան Թեբրիզ Աբդուլաևը Սամուխի շրջանի Գործադիր իշխանության շենքի դիմաց ինքնահրկիզվել է։ Աբդուլաևին ծանր վիճակում տեղափոխել են Բաքու։
Երիտասարդ վետերանների հասարակական ասոցիացիայի նախագահ Գաջի Վելիևի խոսքով՝ Աբդուլլաևը գրեթե մեկ տարի է, ինչ դիմում է գործադիր իշխանություններին սոցիալական աջակցության համար։
«Ամեն անգամ նրան ասում էին, որ մոտ ապագայում կստանա, իսկ քաղաքապետարանում վետերանին չէին վերցնում աշխատանքի՝ պատճառաբանությամբ, որ թափուր աշխատատեղեր չունեն», – ասում է Վելիևը։
Սա 44-օրյա պատերազմից ի վեր ադրբեջանցի վետերանների ինքնասպանության փորձի 52-րդ դեպքն է, ինքնահրկիզման՝ 4-րդ դեպքը։ Ինքնահրկիզման բոլոր դեպքերը եղել են պետական գերատեսչությունների դիմաց։
Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերանները պարբերաբար բողոքի ցույցեր են անում․ պատերազմից հետո նրանք հայտնվել են սոցիալական վատ պայմաններում, շատերը զրկվել են աշխատելու հնարավորությունից, որոշներին չեն տվել վետերանի կարգավիճակ կամ հաշմանդամության կարգ՝ զրկելով նաև նպաստ ստանալու իրավունքից։